Նենսի Հարքնիս Լավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Հարքնիս Լավ
անգլ.՝ Nancy Harkness Love
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1914(1914-02-14)[1]
ԾննդավայրHoughton, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 22, 1976(1976-10-22)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՄարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ և Միլթոն ակադեմիա
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
 Nancy Harkness Love Վիքիպահեստում

Նենսի Հարկնիս Լավ (անգլ.՝ Nancy Harkness Love, ծննդյան անունը՝ Աննա Լինքոլն Հարքնիս (անգլ.՝ Hannah Lincoln Harkness), փետրվարի 14, 1914(1914-02-14)[1], Houghton, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 22, 1976(1976-10-22)[1], Մարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական օդաչու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել 1914 թվականի փետրվարի 14-ին Միչիգան նահանգի Հոթոն քաղաքում, բժիշկ Ռոբերտ Բրյուսի (անգլ.՝ Robert Bruce Harkness) և Էլիս Գրեհամ Հարկենսսի (անգլ.՝ Alice Graham Harkness) ընտանիքում։ Մանկությունից հետաքրքրվել է ավիացիայով։ 1927 թվականին, դեռևս անչափահաս, նա մեկ տարի անցկացնում է Եվրոպայում՝ ականատես լինելով Չարլզ Լինդբերգի տրանսատլանտյան թռիչքից հետո Փարիզ-Լե-Բուրժում վայրէջքին։ 16 տարեկանում նա կատարեց իր առաջին թռիչքը և շուտով ստացավ օդաչուի լիցենզիա[3][4][5][6]։

Ավարտել է Մասաչուսեթսի Միլթոն ակադեմիան։ 1931 թվականին ընդունվում է Նյու Յորք նահանգի Վասար քոլեջ։ 1932 թվականին, քոլեջի առաջին կուրսն ավարտելուց հետո, ստանում է թռիչքների սահմանափակ առևտրային լիցենզիա, որը հնարավորություն էր տալիս գումար վաստակել վարձակալված ինքնաթիռի շահագործումից։ Նա ստանում է «Նորեկ երկնքում» (անգլ.՝ The Flying Freshman) մականունը[3][4][7][8]։

Մեծ ճգնաժամի տարիներին ստիպված էր թողնել ուսումը։ 1934 թվականին Հարքնիսը տեղափոխվեց Բոստոն և սկսեց աշխատել Inter-City Air Service ավիացիոն ընկերությունում, որը զբաղվում էր օդային լուսանկարչությամբ, թռիչքային հրահանգավորմամբ և ինքնաթիռների վաճառքով[3][4]։

Նախապատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Նենսին ամուսնացավ օդաչու, պաշտոնաթող մայոր Ռոբերտ Մ. Լավի (անգլ.՝ Robert M. Love) հետ և ամուսնու հետ միասին Բոստոնում հիմնադրեցին Inter City Aviation սեփական ավիացիոն ընկերությունը։ Միաժամանակ նա աշխատում էր Օդագնացության առևտրային բյուրոյում[3][4][5][6]։

1936-1937 թվականներին մասնակցել է Լոս Անջելեսում և Դետրոյթում կազմակերպված ազգային օդային մրցարշավին (երկրորդ տեղ)։ Դրանից հետո Նենսին դադարեցրեց օդային մրցարշավներին մասնակցությունը, սկսեց վարել թռիչքային օրագրեր. նրան ավելի շատ հետաքրքրում էր թռիչքի մեթոդական կողմը և մանրամասները, քան մրցարշավի իրարանցումը[4]։

1937-1938 թվականներին աշխատել է Բուֆֆալո քաղաքի Gwinn Aircar Company ընկերությունում որպես փորձարկող օդաչու։ Օդաչու Ֆրենկ Հոքսի հետ միասին փորձարկում էին տարբեր մոդիֆիկացիայի նոր ինքնաթիռներ։ Նորարարությունների շարքում էին եռանիվ շասսիով ինքնաթիռները, որոնք հետագայում մեծ մասամբ դարձան օդային նավատորմերի հիմնական ստանդարտը[3][5][7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի մայիսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, Նենսի Հարքնիս Լավը ընտրեց կին օդաչուների, որոնք ունեին 1000 թռիքային ժամից ոչ պակաս փորձ և դիմեց ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոբերտ Օլդսին՝ առաջարկելով փորձառու օդաչուներից ստեղծել հատուկ ավիացիոն կորպուս։ Ըստ Լավի մտահղացման՝ կին օդաչուները կարող էին զբաղվել ինքնաթիռները գործարաններից ռազմական բազա հասցնելու գործով՝ դրանով որոշ չափով թեթևացնելով ռազմական գործողություններում ընդգրկված տղամարդկանց հոգսերը։ Մտահղացումը չիրականացավ գործող բանակում կանանց ծառայության արգելքի պատճառով[3][4][5]։

1942 թվականի սկզբին Ռոբերտ Լավը զորակոչվեց բանակ։ Մարտի 11-ին Նենսին տեղափոխվեց Վաշինգտոն, ամուսնու ծառայության վայր, որտեղ Օդային գործողությունների վարչությունում ընդունվեց աշխատանքի որպես քաղաքացիական ծառայող (անգլ.՝ Air Transport Command, ATC): Նա համոզեց գնդապետ Վիլիամ Թաններին, որ տրանսպորտային ինքնաթիռների տեղափոխման գործում նպատակահարմար է օդային զորքերում օգտագործել փորձառու կին օդաչուների ուժերը։ Մի քանի ամսում նա հավաքեց 29 հոգուց բաղկացած կին օդաչուների թիմ և ղեկավարեց նորաստեղծ Կանանց օժանդակ էսկադրիլիան (անգլ.՝ Women’s Auxiliary Ferry Squadron, WAFS): 1942 թվականի սեպտեմբերի 7-ին Նենսին դարձավ ԱՄՆ Ռազմաօդային ուժերում (AAF) ծառայող առաջին կին օդաչուն[9]։ 1942 թվականի սեպտեմբերին առաջին կին օդաչուները սկսեցին ինքնաթիռներ տեղափոխել Դելավեր նահանգից[3][4][5][10]։

Boeing B-17 Flying Fortress «Queen Bee»-ի փորձարկումների ժամանակ

1942 թվականից մինչև 1943 թվականի հունիսը Նենսի Հարքնիսը եղել է չորս էսկադրիլիաների հրամանատար, Տեխասի, Դելավերի, Միչիգանի և Կալիֆորնիայի նահանգներում[5]։

1943 թվականի օգոստոսի 5-ին կանանց օդաչուական ստորաբաժանումները միավորվեցին ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի կանանց օդաչուական ծառայության մեջ (անգլ.՝ Women Airforce Service Pilots, WASP), Նենսի Հարքնիս Լավի հրամանատարությամբ։ Կին օդաչուները հաշվառված էին որպես քաղաքացիական ծառայողներ, մինչև Կոնգրեսի կողմից կանանց զինվորական ծառայության օրինականացումը, որը ժամանակ էր պահաջում, իսկ նրանց մասնակցությունը մարտական գործողություններին հրատապ էր և անհետաձգելի։ Առաջին ռազմական կին օդաչուներին կոչում էին «օրիգինալներ»[3][5][9]։

Կին օդաչուները տիրապետում էին մեծ թվով ինքնաթիռների մոդելների։ Ինքը Լավը ուներ 19 տեսակի ռազմական ինքնաթիռներ վարելու լիցենզիա, այդ թվում նորագույն Douglas C-54 Skymaster, North American B-25 Mitchell, Boeing B-17 Flying Fortress, North American P-51 Mustang և այլն[3][5][9]։

Պատերազմի ավարտին Նենսի Հարքնիս Լավն աշխատում էր ռազմա-օդային ուժերի ստորաբաժանումների կառավարման կատարելագործման ուղղությամբ[5]։

Հետպատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմավորումից հետո, Նենսի Հարքնիս Լավին շնորհվեց ՌՕՈւ գլխավոր հրամանատարության պահեստի փոխգնդապետի կոչում[5]։

Պատերազմից հետո Նենսի և Ռոբերտ Լավերի ընտանիքում ծնվեցին երեք դուստրեր, բայց Նենսին շարունակում էր աշխատել ավիացիոն արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև պատերազմի կին վետերանների խնդիրներով զբաղվող կազմակերպություններում[5][6][10]։

Նենսի Հարքնիս Լավը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 22-ին 62 տարեկան հասակում, որից երեք տարի հետո կանայք սկսեցին ընդունվել զինվորական ծառայության ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Նրա անձնական իրերի մեջ մնացել էր տանը 30 տարուց ավել պահվող մի տուփ։ Այնտեղ պահված էին Նենսիի կողմից կազմված կին օդաչուների ձեռագիր ցուցակը սկսած 1940 թվականից և նրա հրամանատարության ընթացքում մահացած բոլոր կանանց լուսանկարները[5][6][10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նենսի Հարքնիս Լավը պարգևատրվեց ԱՄՆ ռազմաօդային մեդալով «ավելի քան 300 կին օդաչուների նորագույն ռազմական ինքնաթիռների վարման օպերատիվ վերապատրաստման համար»[5][6][10]։

1996 թվականին Նենսի Հարքնիս Լավը հետմահու գրանցվեց Airlift/Tanker Association-ում, օդաչուի վաստակը նշվեց Միչիգանի կանանց փառքի սրահում (1989) և Ազգային ավիացիոն փառքի սրահում Օհայո նահանգի Դետրոյտ քաղաքում (2005)[9]։

Նենսի Լավի հուշարձանը տեղադրված է Դելավեր նահանգի Նյու-Քասլ օկրուգի օդանավակայանում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. http://www.michiganwomen.org/Images/Love,%20Nancy%20Harkness.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Aldrich Captain Nancy (2012-09). «Nancy Harkness Love» (անգլերեն). 20th Century Aviation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Douglas Deborah G. Nancy Harkness Love: Female Pilot and First to Fly for the U.S. Military(անգլ.) // Aviation History. — 1999. — В. January.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 «Nancy Love Biography» (անգլերեն). National WASP World War II Museum. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Nancy Harkness Love» (անգլերեն). Vassar Encyclopedia. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  7. 7,0 7,1 «Nancy Harkness (Love)» (անգլերեն). Davis-Monthan Airfield Register. 2008 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  8. Flying freshman: Vassar College girl wins pilot license(անգլ.) // Sunday Star. —Washington, DC, 1932. — В. May 22.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Nancy Harkness Love» (անգլերեն). National Aviation Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Weatherford, 2009, էջ 277
  11. «World War II Veteran Nancy Harkness Love» (անգլերեն). American Profile. 2001 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Հարքնիս Լավ» հոդվածին։