Յոզգաթ
Բնակավայր | |||
---|---|---|---|
թուրքերեն՝ Yozgat | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 2054 կմ² | ||
ԲԾՄ | 1406 մետր | ||
Պաշտոնական լեզու | թուրքերեն | ||
Բնակչություն | ▲105 167 մարդ (2018) | ||
Փոստային ինդեքսներ | 66000 | ||
Պաշտոնական կայք | yozgat.bel.tr(թուրքերեն) | ||
| |||
Յոզղաթ, շրջան և քաղաք Թուրքիայում` Անկարայի մարզում, Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Պոնտոսի լեռնաշղթայի արևելյան հատվածում։ Կենտրոնը՝ Յոզղաթ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 48 հայաբնակ գյուղ 75,5 հազար հայ բնակչությամբ։ 1914 թ. հոկտեմբերին գավառի 18-45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվել են թուրքական բանակ և կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչությունը՝ ▲105 167 մարդ (2018)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի հայությունը կոտորվեց կամ արտաքսվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Գաղթականները հաստատվեցին Լիբանանում և Բեյրութ քաղաքում հիմնեցին Նոր Յոզղաթ թաղը։ 1931 թվականի տվյալներով Յոզղաթում ապրում էր 500 հայ բնակիչ։
Նախապատրաստելով հայերի կոտորածը՝ թուրքական կառավարությունը Անկարայի նահանգապետ (վալի) է նշանակել հայատյաց Աթըֆին, Յոզղաթի փոխգավառապետ՝ Քեմալին։ Բանտերից արձակված մոտ 3000 քրեական հանցագործների զինել են և երիտթուրքական սպաների ղեկավարությամբ ուղարկել հայերին կոտորելու։ Ըստ նախապես մշակված ծրագրի` 1915 թ. հուլիսին թուրքական ոստիկանությունը զինաթափել է շրջափակված հայկական գյուղերի բնակիչներին, հավաքել և ոչնչացրել մնացած տղամարդկանց, որից հետո հայերի վրա հարձակված մուսուլման սպառազեն խուժանն սկսել է թալանը, խոշտանգումներն ու բռնաբարությունները։ Յոզղաթի Բուրունքըշլա հայաբնակ գյուղում 20 hազարանոց թուրք ամբոխը հայերից պահանջել է իսլամ ընդունել, նրանց մի մասին հավաքել է իսլամի դրոշի տակ և ոչնչացրել։ Գյուղի եռօրյա թալանից հետո 120 հայի կացիններով խոշտանգել են ջրաղացների մոտ, բռնությամբ տեղահանված կանանց, երեխաների մեծ մասին կոտորել մոտակա ձորում։
Օգոստոսի 1-ին Յոզղաթ քաղաքի շուկայում սկսվել է տեղի հայերի կոտորածը։ Փակվել են քաղաքի կամուրջներն ու մուտքերը, ձերբակալված հայ մտավորականներին երկու օր անց հոշոտել է թուրքական զինված խուժանը, որից հետո հայ բնակիչներին բռնությամբ տեղահանել են, շատերին բարբարոսաբար սպանել Տետե Սումլո գյուղի մոտ և Կըզըլ Ըրմակի կամրջի վրա։ Փոխգնդապետ Քեմալի մասնակցությամբ հայերի իսկական սպանդ է տեղի ունեցել Յարա դերեսի ձորում, որտեղ, թալանելով նրանց քարավանները, տղամարդկանց կապկպել են և սպանել։ Ականատեսի վկայությամբ, անօգնական հայերին գազանաբար խոշտանգել են, կացին ներով անդամահատել, ծվատել նորածիներին և մանկահասակ երեխաներին։ Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության, սակայն չեն կարողացել կանխել ջարդը, որի հետևանքով գավառի հայ բնակչության 97%-ը կոտորվել է։
Թուրքական զինվորական դատարանը 1919-ին մահապատժի է դատապարտել Քեմալին, որի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ սպանվել էր 30 հազար հայ։ Դատավարության ընթացքում վկայակոչվել են Յոզղաթի հայերի զանգվածային ոչնչացման և նրանց նկատմամբ իրականացված վայրագությունների բազմաթիվ փաստեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 1220 տուն հայ, 2500 տուն թուրք, 200 տուն հույն բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին քաղաքի ընդհանուր բնակչությունը 38000 էր, որից 12000-ը հայեր էին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը և հույները հիմնականում զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ հատկապես դարբնություն և դերձակություն։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզղաթն ուներ Ս. Աստվածամայր անունով հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում էին Առյոըծյան և Վահանյան վարժարանները, որտեղ սովորում էին 620 սան, որից 40-ը՝ աղջիկ։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզղաթում է ծնվել հրապարակախոս և կրթական գործիչ Սարգիս Խաշխաշյանը (1894-?)[1]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 931
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշամատեան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |