Jump to content

Յոզգաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Յոզգաթ
թուրքերեն՝ Yozgat
Զինանշան

ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՅոզգաթի մարզ և Անկարայի վիլայեթ
Այլ անվանումներՅոզկաթ, Յոզկատ, Յոզղադ, Յոզղատ, Յոզղատե
Մակերես2054 կմ²
ԲԾՄ1406 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն105 167 մարդ (2018)
Փոստային դասիչ66000
Պաշտոնական կայքyozgat.bel.tr(թուրքերեն)
Յոզգաթ (Թուրքիա)##
Յոզգաթ (Թուրքիա)

Յոզղաթ (թուրքերեն՝ Yozgat), շրջան և քաղաք Թուրքիայի Յոզղաթի մարզում, Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Պոնտոսի լեռնաշղթայի արևելյան հատվածում։ Յոզղաթի մարզի վարչական կենտրոնն է։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 48 հայաբնակ գյուղ 75,5 հազար հայ բնակչությամբ։ 1914 թվականին հոկտեմբերին գավառի 18-45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվել են թուրքական բանակ և կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

2019 թվականի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի բնակչության թիվը կազմում է 106 280 մարդ, իսկ համանուն շրջանի՝ 421 200 մարդ։

Տեղի հայությունը կոտորվեց կամ արտաքսվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Գաղթականները հաստատվեցին Լիբանանում և Բեյրութ քաղաքում հիմնեցին Նոր Յոզղաթ թաղը։ 1931 թվականի տվյալներով Յոզղաթում ապրում էր 500 հայ բնակիչ։

Նախապատրաստելով հայերի կոտորածը՝ թուրքական կառավարությունը Անկարայի նահանգապետ (վալի) է նշանակել հայատյաց Աթըֆին, Յոզղաթի փոխգավառապետ՝ Քեմալին։ Բանտերից արձակված մոտ 3000 քրեական հանցագործների զինել են և երիտթուրքական սպաների ղեկավարությամբ ուղարկել հայերին կոտորելու։ Ըստ նախապես մշակված ծրագրի` 1915 թ. հուլիսին թուրքական ոստիկանությունը զինաթափել է շրջափակված հայկական գյուղերի բնակիչներին, հավաքել և ոչնչացրել մնացած տղամարդկանց, որից հետո հայերի վրա հարձակված մուսուլման սպառազեն խուժանն սկսել է թալանը, խոշտանգումներն ու բռնաբարությունները։ Յոզղաթի Բուրունքըշլա հայաբնակ գյուղում 20 hազարանոց թուրք ամբոխը հայերից պահանջել է իսլամ ընդունել, նրանց մի մասին հավաքել է իսլամի դրոշի տակ և ոչնչացրել։ Գյուղի եռօրյա թալանից հետո 120 հայի կացիններով խոշտանգել են ջրաղացների մոտ, բռնությամբ տեղահանված կանանց, երեխաների մեծ մասին կոտորել մոտակա ձորում։

Օգոստոսի 1-ին Յոզղաթ քաղաքի շուկայում սկսվել է տեղի հայերի կոտորածը։ Փակվել են քաղաքի կամուրջներն ու մուտքերը, ձերբակալված հայ մտավորականներին երկու օր անց հոշոտել է թուրքական զինված խուժանը, որից հետո հայ բնակիչներին բռնությամբ տեղահանել են, շատերին բարբարոսաբար սպանել Տետե Սումլո գյուղի մոտ և Կըզըլ Ըրմակի կամրջի վրա։ Փոխգնդապետ Քեմալի մասնակցությամբ հայերի իսկական սպանդ է տեղի ունեցել Յարա դերեսի ձորում, որտեղ, թալանելով նրանց քարավանները, տղամարդկանց կապկպել են և սպանել։ Ականատեսի վկայությամբ, անօգնական հայերին գազանաբար խոշտանգել են, կացին ներով անդամահատել, ծվատել նորածիներին և մանկահասակ երեխաներին։ Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության, սակայն չեն կարողացել կանխել ջարդը, որի հետևանքով գավառի հայ բնակչության 97%-ը կոտորվել է։

Թուրքական զինվորական դատարանը 1919-ին մահապատժի է դատապարտել Քեմալին, որի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ սպանվել էր 30 հազար հայ։ Դատավարության ընթացքում վկայակոչվել են Յոզղաթի հայերի զանգվածային ոչնչացման և նրանց նկատմամբ իրականացված վայրագությունների բազմաթիվ փաստեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 1220 տուն հայ, 2500 տուն թուրք, 200 տուն հույն բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին քաղաքի ընդհանուր բնակչությունը 38000 էր, որից 12000-ը հայեր էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը և հույները հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով՝ հատկապես դարբնություն և դերձակություն։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզղաթն ուներ Ս. Աստվածամայր անունով հայկական եկեղեցի։

Քաղաքում գործում էին Առյոըծյան և Վահանյան վարժարանները, որտեղ սովորում էին 620 սան, որից 40-ը՝ աղջիկ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խաշխաշյան - հրապարակախոս և կրթական գործիչ (1894-?)[1]:

Հրաչ Փափազյան - հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության և Նեմեսիս գործողության անդամ[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 931
  2. ««Նեմեսիս»-ի «թուրք» գործակալ Հրաչ Փափազյանը».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հուշամատեան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզգաթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։