Մուշեղ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուշեղ Բագրատունի
Mushegh Bagratuni.JPG
Ծնվել էնոյեմբերի 2, 1870(1870-11-02)
ԾննդավայրԿարբի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմինչև 1945 թվական
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, լրագրող և հասարակական գործիչ
ԱշխատավայրԿայծ
Քաղաքական կուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Երեխաներերեք որդի՝ Արսեն, Արտաշ ու Վարդգես և երեք դուստր՝ Սիրանուշ, Ժենյա և Սեդա

Մուշեղ Արսենի Բագրատունի (Փալանդուզ Մկոն, նոյեմբերի 2, 1870(1870-11-02), Կարբի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1945)[1], հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից է, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի նոյեմբերի 2-ին Կարբի գյուղում[2], Արսեն Տեր-Հովակիմյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում։ Մուշեղի հայրը, գյուղում աշխատանք չգտնելով, ստիպված է եղել իր բազմանդամ ընտանիքը տեղափոխել Շամախի, որտեղ և զբաղվել է ուսուցչությամբ։ Նա պատանի Մուշեղին ուսանելու է տալիս քառամյա դպրոցը։ Շուտով մահանում է հայրը՝ անխնամ թողնելով վեց երեխայի, որոնցից ավագը Մուշեղն էր, և բազմանդամ ընտանիքի հոգսն ընկնում է նրա ուսերին։ Մուշեղը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում ժամագործությամբ։ Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ և Մուշեղը տարվում է հեղափոխական գործունեությամբ։ Նա 1893 թվականին ընդունվում է հնչակյան կուսակցության շարքերը, որի անդամ է մնում մինչև 1905 թվականին։

Հեղափոխական շարժումների տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Մուշեղը ձերբակալվում է ցարական ոստիկանների կողմից և ուղարկվում բանտ՝ արգելված գրականություն տարածելու համար։ 1905 թվականին բանտից ազատվելով՝ մտնում է բոլշևիկյան կուսակցության շարքերը և իր եռանդուն մասնակցությունն ունենում 1905-1906 թթ. հեղափոխական շարժումներին։ 1906 թ. ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել Բաքվում և Թիֆլիսում հրատարակող «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» թերթերին։ Միայն այդ տարում բոլշևիկյան թերթերում տարբեր ծածկանուններով (Նար, Նարեմյան, Մե-Բունի, Մար-Տօ, Կար-Դան, Ջաննիկ, Փալանդուզ Մկո, Անցվորական, Լուկուլլոս) տպագրել է 23 հոդված։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին «Կայծի» (խմբագիրներ Շահումյան և Սպանդարյան) համարներից մեկում Փալանդուզ Մկոն գրել է. «Նամակ Կարբի գյուղից» թղթակցությունը. «Երբ դեռ մեր կյանքի ցեցերը ներկայանում էին միմիայն գյուղական կուլակները, վաշխառուները, պորտաբույծ և կաշառակեր պաշտոնյաները, պրիստավից սկսած մինչև վերջին գզիրը, տերտերներն ու բազմատեսակ ձրիակեր մարդիկ, դա դեռ մի կերպ տանելի է... բայց արդեն այսօր նրանց կողքին բուսել է և մի նոր կառավարություն, մի նոր ձրիակեր տարր, մի նոր միլիտարիզմ, մի նոր փաշա ու վարչական մարմին, որոնք ոչ պակաս ծանրանում են ժողովրդի շլնքին, որոնք ոչ պակաս կեղեքում են նրան ու քայքայում»։ 1910 թվականին ցարական ոստիկանությունը խուզարկել է Մուշեղի բնակարանը, հայտնաբերել կուսակցության Երևանի կազմակերպության անդամների ցուցակը, արձանագրություններ։ Մուշեղը, խուսափելով բանտարկությունից, կարողացել է թաքնվել Թիֆլիսում։ Այստեղ, ինչպես պատմում է Բնի Մեսրոպը, Մուշեղը հյուր է եղել հանրահայտ Արամովին, որտեղ և ներկա է եղել Մանթաշովը։ Նա հորինել է երգ, որի համար Արամովից ստացել է 100 ռուբլի։ Մուշեղ Բագրատունին 1911 թ. նոյեմբերին վերադարձել է Երևան և հրատարակել է «Կռան» հասարակական-տնտեսական և գրական-գեղարվեստական շաբաթաթերթը։ Այն միաժամանակ երգիծական բնույթ ուներ և իբրև այդպիսին Երևանում առաջին թերթն էր։ Մուշեղը «Կռանի» էջերում ժողովրդական մասսաներին բացահայտ պայքարի է մղել ցարական կառավարության դեմ. «Դուրս գալ հրապարակ և պայքար հայտարարել մի այնպիսի դասակարգի ու տարրի դեմ, որն այսօր հասարակական կյանքի փաստական տեր ու տնօրենն է», - գրել է նա։

Մուշեղ Բագրատունու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կռանում» մեծ տեղ են գրավել նաև արևմտահայ կյանքը լուսաբանող հոդվածներ։ «Թուրքահայ խնդիրը», «Հայերի վիճակը Տաճկաստանում» և այլ հոդվածներ, որտեղ Մուշեղը բարձրաձայն մերկացրել է Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ։ «Տաճկական լեռների մեջ իրենց բարբարոսական անաղարտությամբ մնացած ցեղերը նորից հանդես են գալիս տաճկահայի կյանքը արյունոտելու, կարմրացնելու դարերից ի վեր մարտիրոսվող ժողովրդի արյունով», - գրել է Մուշեղը՝ կարծես կանխազգալով ցեղասպանության սոսկալի վտանգը։ 1912 թվականի դեկտեմբերին փակվել է թերթը, սակայն Բագրատունին չի վհատվել, 1913 թ. հունվարից սկսել է հրատարակել «Նոր մամուլ» անունով շաբաթաթերթը, որը գալիս էր լրացնելու և շարունակելու «Կռանին»։ Թերթը նույնպես անդրադարձել է հայ ժողովրդի կացությանը, նրա ճակատագրին. «Ուժի դեմ ուժ, հարձակման դեմ դիմադրություն», - գրել է Մուշեղը։ Նա իր մի շարք ֆելիետոններում բացահայտ զենքի ուժով օտարի լծից ազատվելու գաղափար է տարածել։ 1916-1920 թվականներին նա աշխատակցել է «Պայքար», «Խոսք», «Պահակ» և այլ պարբերականների։ Բագրատունին իր խմբագրած թերթերում քննադատել է նաև դաշնակցական կուսակցությանը, մերկացրել դրա գործունեությունը։ 1920 թվականին Մայիսյան խռովությունը ճնշելուց հետո ձերբակալվել է նաև Բագրատունին և աքսորվել Բաշ-Գառնի։ Բաշ-Գառնի աքսորավայրից նա անցել է Պարսկաստան և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո վերադարձել Հայաստան։ 1921 թվականին նա դարձել է Բաշ-Գառնիի գյուղհեղկոմի առաջին նախագահը։ Խորհրդային տարիներին Բագրատունին շարունակել է իր գրական գործունեությունը, զբաղվել ուսուցչությամբ, աշխատակցել «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերին, «Մոծակ» և «Աշխատանք» ամսագրերին, գրել «Կրոնի թույնը» երգիծական պատմվածքների ժողովածուն (1930 թ.), «Շնագայլեր» երգիծական վեպը։ Իսկ 1914 թ. նրա գրած «Ծիծաղի արցունքները, շոռշոռաքարափը» պատմվածքի հիման վրա Համո Բեկնազարյանը 1926 թվականին նկարահանել է մի հետաքրքրաշարժ կինոնկար՝ «Շորն ու Շորշորը» վերնագրով։ Բագրատունին իրեն հատուկ հաստատակամ և անձնազոհ նվիրվածությամբ ծառայեց իր ժողովրդին, փորձեց դարմանել նրա ցավերը. «Հող է պահանջում գյուղացիությունը, այն պետք է տալ։ Բայց դրանից հետո նրան պետք է դնել այնպիսի պայմանների մեջ, որ չբռնագրավվի նրա իրավունքը, աշխատանքը», - կարծես համահնչուն ներկա ժամանակին, գրել է Բագրատունին։ «Փալանդուզ Մկոն իրա օրումը ոչ փիս բան կանի ու ոչ էլ ծուռ բան կխոսա, դիփ, ինչ որ ասում ա, շատ լավ ա ասում, ամմա ասողին էլ լսող ա պետք», - երգիծանքով իր մասին գրել է նա։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Բագրատունուն ձերբակալել են 1937 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ Նա հավանաբար գնդակահարվել է մինչև 1945 թվականը, երբ նրա զավակները ստացել են նրա մահվան ծանուցումը։ Ունեցել է երեք որդի՝ Արսեն, Արտաշ ու Վարդգես և երեք դուստր՝ Սիրանուշ, Ժենյա և Սեդա։ Արսեն Բագրատունին (ծնված 1914 թվականին) հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում, եղել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]