Մոնղոլական թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթով թեյ
сүүтэй цай
Ենթատեսակկաթով թեյ
Բաղադրամասերկանաչ թեյ, կաթ, ալյուր, աղ
Ծագման երկիրՄոնղոլիա
 Suutei tsai Վիքիպահեստում

Կաթով թեյ, մոնղոլական թեյ (մոնղ.՝ сүүтэй цай, մոնղ.՝ сүү կաթ բառից, մոնղ.՝ цай` թեյ, բառացիորեն «կաթով թեյ»), մոնղոլական ավանդական ըմպելիք։ Պատրաստվում է կանաչ թեյից և կաթից, որոնց ավելացնում են յուղ, աղ, ալյուր և բրինձ։ Այն խմում են օրվա մեջ մի քանի անգամ, երբեմն այն ապուրի գործառույթ է կատարում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելիքի հիմնական բաղադրամասերն են` ջուր, կաթ, թեյ և աղ։ Հիմնականում օգտագործում են կանաչ թեյ, օգտագործելուց առաջ այն վերածում են փոշու։ Թեյ պատրաստելիս փոշուց 1—3 ճաշի գդալ ավելացնում են 1 լիտր ջրին։ Երբ թեյը եռում է, այնտեղ ավելացնում են 0,25—0,5 լիտր կաթ։ Եթե ավելացնեն ավելի շատ քանակով կաթ` ջրի հետ 1:1 հարաբերությամբ, ապա ըմպելիքն ավելի շատ կհամապատասխանի հին ռեցեպտուրային։ Կարելի է վերցնել կովի, այծի կամ ուղտի կաթ։ Կաթն ամենացանկալի բաղադրամասն է, բայց անհրաժեշտության դեպքում թեյը կարելի է պատրաստել առանց կաթի։

Ըստ ցանկության թեյի մեջ կարելի է ավելացնել յուղ. օգտագործում են հալած յուղ, կովի կամ ուղտի կարագ։ Ըմպելիքը խտացնում են` ավելացնելով 50-100 գրամ ցորենի ալյուր (երբեմն օգտագործում են գարու կամ աշորայի ալյուր), որը նախապես բովում են յուղի մեջ։ Ավելացնում են 0,5—1 բաժակ բրինձ։ Ըմպելիքին աղ են անում ըստ ճաշակի և կրկին եռացնում։ Երբեմն ավելացնում են սև կծու պղպեղի 1 հատիկ մեկ բաժակ թեյի համար, թեթև կարմրացրած ոչխարի դմակ, ոչխարի ոսկրածուծկ[1][2]։

Պատրաստման ընթացքում ըմպելիքը սովորաբար խառնում են շերեփով` ներքևից վերև շարժումով` թեյը բարձրությունից լցնելով ամանի մեջ մինչև եռման աստիճան հասնելը։ Այժմ սովորաբար չեն խառնում[3][4]։

Ըմպելիքի մեջ օգտագործվող կանաչ թեյը կազմված է մամլած տերևներից և կոթերից։ Դրանք լավ են պահպանվում[5]։ Վաճառքում կա այս ըմպելիքի փաթեթավորված տեսակը` արագ պատրաստման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայում կաթը սննդի շատ կարևոր բաղադրամաս է հանդիսանում։ Մոնղոլներն օգտագործում են տարբեր կենդանիների կաթ` կովի, ուղտի, ձիու, եզնուղտի, այծի և խոյի, բայց ավելի հաճախ օգտագործվում է կովի կաթը։ Ըստ ավանդության Մոնղոլիայում մաքուր ջուր չեն խմում։ Հավանաբար այն կապված է հավատալիքի հետ, որ ջուրը սուրբ է։ 13-րդ դարի կեսերի ֆրանսիացի վանական Ռուբրուքը այցելեց Մոնղոլական կայսրություն։ Ճանապարհորդության ընթացքում նա նշեց, որ մոնղոլները «վախենում են մաքուր ջուր խմել»[6]։ Այնպիսի ըմպելիքներ, ինչպիսիք են հյութը և գինին, Մոնղոլիայում անհասանելի են, իսկ բնակչությունը նախընտրում է ջրի փոխարեն կաթ և կաթից պատրաստված ըմպելիքներ խմել, այդ թվում` կաթով թեյ, կումիս։

Ճանաչվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլները շատ են սիրում կաթով թեյը։ Եվրոպացիներն ու ամերիկացիներն անմիջապես չեն ընտելանում նրա յուրահատուկ համին, մասնավորապես աղի առկայության համար[7][8]։

Կաթով թեյը Մոնղոլիայում ամենաճանաչվածներից է։ Այն հաճախ օգտագործում են ուտելու ընթացքում, օրվա մեջ մի քանի անգամ։ Այն սովորաբար հյուրասիրում են մոնղոլական յուրդերում հյուրընկալվածներին։ Թեյի հետ հյուրերին առաջարկում են տարբեր ուտեստներ, թխվածքաբլիթներ, բաուրսակներ[3][9][10]։ Թեյը մատուցվում է թասերով, տանտիրուհին թասն անպայման բռնում է երկու ձեռքով։ Ըստ էթիկայի կանոնների հյուրը թասը պետք է բռնի կամ աջ ձեռքով, կամ երկու ձեռքով միաժամանակ։ Այն խմում են դանդաղ, թեյախմության ժամանակ ընդունված չի եղել զրուցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The ethnomusicologists’ cookbook: complete meals from around the world, by Sean Williams, 2006, page 58
  2. The National Geographic magazine, Volume 24, Issues 1—6, by National Geographic Society (U.S.), 1913, page 669
  3. 3,0 3,1 Mongolia, by Guek-Cheng Pang, 2010, page 129
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  5. The changing world of Mongolia’s nomads, by Melvyn C. Goldstein, Cynthia M. Beall, 1994, page 43
  6. William of Rubruck’s account of the Mongols, by Rana Saad, 2005, page 19
  7. With the Russians in Mongolia, by Henry George Charles Perry-Ayscough, Robert Bruère Otter-Barry, 1914, page 76
  8. Beyond the House of the False Lama: Travels with Monks, Nomads, and Outlaws, by George Crane, 2006, 276 «Salty and weak, Mongol milk tea was an acquired taste I’d never acquired.»
  9. Teen life in Asia, by Judith J. Slater, 2004, page 118
  10. World and Its Peoples: Eastern and Southern Asia, Volume 2, by Marshall Cavendish Corporation, 2007, page 269