Մոգերի երկրպագություն (եռապատկեր, Բոսխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մոգերի երկրպագություն
Hieronymus Bosch - Triptych of the Adoration of the Magi - WGA2606.jpg
տեսակգեղանկար և եռապատկեր
նկարիչՀիերոնիմոս Բոսխ
տարի1494[1]
բարձրություն146,7±0,1 սանտիմետր
լայնություն84±1 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կաղնու փայտ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
քաղաքՍենտրո
հիմնական թեմաՄոգերի երկրպագություն
մասն էlist of paintings by Hieronymus Bosch?
կայք
Կոորդինատներ: 40°24′50.000000100393″ հս․ լ. 3°41′33.0000001″ ամ. ե. / 40.41388888891677311° հս․. լ. 3.692500000028° ավ. ե. / 40.41388888891677311; 3.692500000028
The Adoration of the Magi by Hieronymus Bosch Վիքիպահեստում

Մոգերի երկրպագություն, նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի վերջին եռապատկերներից: Անունը ստացել է կենտրոնական հատվածից: 1568 թվականին եռապատկերը բռնագրավվել է Էգմոնտի հերցոգի քարտուղար Յան Կազեմբորտից հերցոգ Ֆեռնանդո Ալբայի կողմից: Հետագայում այն հիշատակվել է այն նկարների թվում, որոնք Ֆիլիպ II-ը 1574 թվականին ուղարկել է Էլ Էսկորիալ վանք: Ներկայումս պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում:

Կենտրոնական հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարխուլ հյուղակի առաջ բազմել է Աստվածամայրը: Նա մանկանը ցույց է տալիս մոգերին, որոնք շքեղ հագուստներ են հագել: Կասկած չի հարուցում, որ Բոսխը միտումնավոր մոգերի երկրպագությանը տալիս է պատարագ մատուցելու բնույթ. դրա մասին են վկայում ընծաները, որ արևելյան արքաներից ավագը` Բալթազարը, դնում է Մարիամի ոտքերի տակ: Փոքր քանդակախումբը պատկերում է Աբրահամին, ով պատրաստվում է զոհաբերել իր որդուն` Իսահակին. դա Քրիստոսի` խաչին զոհաբերման նախանշանն է: Երկրորդ մոգի` Մելխիորի կուրծքը զարդարված է Հին Կտակարանի դրվագներից մեկով. Սողոմոն Իմաստուն թագավորն այցելում է Շեբայի թագուհուն: Երրորդ մոգը` սևամորթ Գասպարը, ձեռքին ունի արծաթե արծվանիշ աշխարհագունդ, որին պատկերված է Դավիթին խոնարհվող Ավենիրը:

Տեսարանին ուշադիր հետևում են ցնցոտիավոր գեղջուկները, որոնք աջից ծիկրակում են գոմի պատից, որպեսզի ավելի լավ տեսնեն, բարձրանում են տանիք, ծառերի վրա: Հովիվները Հիսուսին տեսել են Ճրագալույցին, սակայն մոգերի երկրպագությանը նվիրված նկարներում 15-րդ դարում նրանք հաճախ հանդես են գալիս հանդիսատեսի կարգավիճակով: Բոսխը խախտում է ավանդույթը. նրա գյուղացիները դրսևորում են ավելի քիչ աստվածապաշտություն, քան ընդունված է եղել պատկերել. նրանց աղմկալից պահվածքը հակադրվում է մոգերի ակնածանքին, և դա կարևոր նրբերանգ է. հովիվները սովորաբար նույնացվել են հուդայականների հետ, որ մերժել են Քրիստոսին, մինչդեռ «Արևելքի թագավորները» մանկանն ընդունել են իբրև մեսիա:

Ամենախորհրդավոր կերպարը մի մարդ է, որ կանգնած է մոգերի հետևում` գոմի դան շեմին: Նա կիսամերկ է. հագել է մի վերնաշապիկ և բոսորագույն մի թիկնոց, գլխին մեծ թագ է, դաստակին` ոսկե շղթա, ունի թափանցիկ գլան, որ ծածկում է կոճի վերքը: Նա երկիմաստ ժպիտով նայում է Հիսուսին, մինչդեռ նրա ուղեկիցների դեմքին անթաքույց թշնամություն է:

Քանի որ գրոտեսկային այս կերպարները գտնվում են կիսաքանդ գոմում, որը սինագոգի հին խորհրդանշանն է, ընդունված է եղել կարծել, որ դա կամ Հերովդեսն է իր լրտեսներով, կամ Նեռը` իր շքախմբով: Երկու տեսակետներն էլ համոզիչ չեն, չնայած ակնհայտ է այս կերպարի կապված լինելը չարին: Դրա մասին են վկայում դևերը, որոնց ոսկեզօծ կերպարները պատկերված են նրա ոտքերի մոտ կախված սրբիչին: Նրանք նաև պատկերված են այն առարկային, որը կիսամերկ կերպարը պահել է ձախ ձեռքում, ընդ որում, ինչքան էլ տարօրինակ է, այն ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրորդ մոգի սաղավարտը: Ավելին, դևերի կերպարները զարդարում են սևամորթ արքայի ու նրա ծառայի հագուստները: Ամենայն հավանականությամբ, դա մատնանշում է մոգերի հեթանոսական անցյալը և այն, որ մինչև Քրիստոսին ներկայանալը նրանք զբաղվել են կախարդությամբ (միջնադարյան այս հավատալիքի հետքերը կարելի է գտնել «Ոսկե լեգենդում»): Հայտնի են նաև կերպարի այլ մեկնություններ, որոնց հեղինակներն ի դեմս կիսամերկ կերպարի տեսել են Դավիթ արքային, որ վտարվել է եկեղեցուց:

Ներքին փեղկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռապատկերի փեղկերի ներսի հատվածում պատկերված են սուրբ Պետրոսը և սուրբ Ագնեսան պատվիրատուների հետ: Ծնրադրած կինը Ագնես Բոսյույսեն է. դա են մատնանշում տոհմական գերբն ու նրա հովանավոր սրբի պատկերումը պարտադիր ատրիբուտով` զոհաբերովող գառով: Բոսյույսե ընտանիքը Բրոնհորստ ընտանիքի հետ պատվիրել է այս կերպարը (դա է վկայում ձախ հատվածի գերբը), որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել Հերտոգենբոսի եկեղեցու համար:

Կերպարը, որ նստած է մի կապոց ցախի վրա` ծակեր ունեցող տանիքի տակ, կրակի մոտ ինչ-որ իրեր է չորացնում: Հնարավոր է, որ նա սուրբ Հովսեփն է, որ չորացնում է մանուկ Հիսուսի շորերը[2]:

Հետին պլանում տարածվում է հովիտը, որ ողողված է արևի ճառագայթներով: Երկնքի ոսկեգույնը հորիզոնի մոտ վերափոխվում է լազուրի. այս հնարքը սովորական է Բոսխի հասուն շրջանի գործերում:

Սակայն բնապատկերի հանդարտությունը միայն թվացյալ է. չարը իրեն գտնում է բազմաթիվ մանր դետալներում, որոնք սփռված են եռապատկերի ողջ մակերեսին: Գայլն ու արջը, օրինակ, հարձակվում են ճանապարհորդների վրա (դա խորհրդանշում է անակնկալ խոչընդոտները, որոնք կանգնած են մարդու կյանքի ճանապարհին):

Արտաքին փեղկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին փեղկեր

Եռապատկերը Բոսխի ստեղծագործության ամենաառեղծվածային գործերից է: Այն ունի խորհրդանշային համակարգ, որ հղվում է մեսսային, ինչպես դա վկայում են կողային հատվածների արտաքին կողմերը` Հռոմի պապ Գրիգորի պատկերով: Գրիգոր Մեծ պապը պատկերված է պատարագ մատուցելիս, որի ժամանակ խորանի հետևում հայտնվում է ինքը Հիսուս Քրիստոսը` շրջապատված կրքեր պատկերող տեսարաններով: Արտաքին փեղկերը նկարված են գորշ-շագանակավուն գունապնակով` բացի պատվիրատուների կերպարներից:

Սուրբ Գրիգորի պատարագի մասին լեգենդի համաձայն` հաղորդության ժամանակ հրաշք է տեղի ունեցել: Մի անգամ, երբ նա պատարագ է մատուցում, դպիրը կասկածում է, որ հաղորդության մասունքներում իրոք մարմնավորված են Քրիստոսի մարմինն ու հոգին: Ի պատասխան պապի ջերմագին աղոթքի, որով խնդրում էր թերահավատին ինչ-որ նշան ցույց տալ, խորանում հայտնվում է Հիսուսը` կրքերի զենքերով, և ցույց է տալիս հինգ վերքեր: Բոսխը այս հրաշքը պատկերում է ծնրադիր պապի ու սարկոֆագից հառնող Հիսուսի հոգևոր լուռ երկխոսությամբ: Խորանի մոտ գտնվողները չեն նկատում Հիսուսին, իսկ դպիրն ու երկու պատվիրատուները, չնայած չեն տեսնում, սակայն զգում են նրա ներկայությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М: «Лабиринт-К», 1998.
  • Девитини А. Босх: Пер. с итал./А.Девитини — М: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
  • Баттилотти Д. Босх: Пер. с итал./Д.Баттилотти — М: «Белый город», 2000.
  • Вальтер Бозинг. Босх: Пер. с нем./В.Бозинг — М: Арт-Родник, 2001.
  • История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
  • Фомин Г. И. Иероним Босх. М., 1974

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]