Մկրտիչ Հարությունյան (Մգրո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Հարությունյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Հարությունյան
նոյեմբերի 15, 1989(1989-11-15) - ապրիլի 11, 2023(2023-04-11) (33 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՏեղ, Սյունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և Գարեգին Նժդեհ մեդալ

Մկրտիչ Արմենի Հարությունյան (հայտնի է մարտական Մգրո անունով, նոյեմբերի 15, 1989(1989-11-15), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2023(2023-04-11), Տեղ, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ զինծառայող, ՀՀ ԶՈՒ մայոր, հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ (հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Արմենի Հարությունյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում[1]՝ արմատներով սասունցի զինծառայողի ընտանիքում։ Ծնողների նախնիները գաղթել են Սասունի Շենիկ և Գրմավ գյուղերից։ Նրա հայրը ծառայել է որպես զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ[2]։ 1996 թվականին ընդունվել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոց, հետագայում ուսումը շարունակել է նույն քաղաքի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 2006 թվականին[1]։

Բարձրագույն կրթություն և զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որում ուսումն ընդհատվել է 2007 թվականին, երբ Մկրտիչը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Նա ծառայել է Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության զորամասում[1]։

Երկու տարի անց նա զորացրվել է և շարունակել կրթությունը՝ ստանալով բակալավրի աստիճան[1]։

2013 թվականին որոշել է վերադառնալ Հայաստանի զինված ուժեր. նա հորից թաքուն նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն ծառայության վերցնել այն զորամասում, որտեղ անցկացրել է ժամկետային ծառայությունը[2]։ Մկրտիչը պայմանագրային ծառայության է անցնել հատուկ նշանակության զորամասում որպես սերժանտ։ Այնուհետև, մեկ տարի անց, բարեխիղճ ծառայության համար ստացել է ՀՀ ԶՈՒ լեյտենանտի կոչում՝ զբաղեցնելով հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոնը։ Եվս երկու տարի անց նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ 2017 թվականից Մկրտիչը զբաղեցրել է հատուկ նշանակության զորամասի սպա-հրահանգչի պաշտոնը[1]։

2016-2018 թվականներին, զինծառայությանը զուգահեռ, սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան[1]։

Մասնակցություն մարտական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին՝ զինակիցների հետ կանխելով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի գրավումը և թշնամու հատուկ նշանակության զորքերին («Յաշմա») պատճառելով զգալի կորուստներ[1]։

Առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ առաջնագծում մարտնչելով ամենաթեժ կետերում[1]։

2021 թվականին Հարությունյանը ստացել է մայորի կոչում, իսկ հաջորդ տարի նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում և միաժամանակ կատարել գումարտակի հրամանատարի պարտականությունները[1]։

2022 թվականին Հարությունյանի գումարտակը մասնակցել է Իշխանասարում տեղի ունեցած սեպտեմբերյան մարտերին՝ հաջող իրականացնելով հատուկ առաջադրանքները[1]։

2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար[1]՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։

Թշնամին նրան ճանաչում էր դեմքով և անվանում էր Մեկո[2]։

Մայոր Մկրտիչ Հարությունյանը զոհվել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս[2]։ Հուղարկավորվել է ապրիլի 14-ին Եռաբլուր պանթեոնում։

Մասնակցություն ռազմական միջոցառումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության ընթացքում Մկրտիչը գերազանց է իրականացրել հրամանատարի պարտականությունները, աչքի է ընկել սխրանքներով։ Որպես հմուտ հետախույզ գործուղվել է տարբեր օտարերկրյա պետություններ, որտեղ մասնակցել է ռազմական միջոցառումներին՝ լինելով ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարեգին Նժդեհ մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
  • Ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշան
  • ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության N զորամասի Պատվո գրքում զետեղվելու հավաստագիր, մի շարք գերատեսչական պատվոգրեր և շնորհակալագրեր
  • Մարտական ծառայության մեդալ (44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար)[1]
  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (հետմահու)[3]
  • Ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշան (հետմահու)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Հարությունյանն ամուսնացած էր Անի Տոնոյանի հետ, նրանք ունեն երկու դուստր[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսի 22-ին Թալին քաղաքի այն փողոցը, որտեղ բնակվել ու դպրոց է հաճախել Մկրտիչ Հարությունյանը, անվանակոչվել է նրա պատվին[4][5]։

2023 թվականի հուլիսին Երևանի կենտրոն վարչական շրջանի Իսահակյան և Թամանյան փողոցների հատվածում բացվել է նոր մարզագույքով համալրված բակային հատված, որը նվիրված է հերոսներ Մկրտիչ Հարությունյանի և Հովիկ Սիմոնյանի հիշատակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Նվիրյալ, անպարտելի հրամանատար, բացառիկ տեսակ… Տեղ գյուղի սահմանագծում զոհված Մկրտիչ Հարությունյանը կամ լեգենդար Մգրոն». shantnews.am. Շանթ ՀԸ. 21:20 10.05.2023.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թադևոսյան, Քնար (19/06/2023). «ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)». Hay Zinvor. Հայ զինվոր. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԶՈՀՎԱԾ 4 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ».
  4. «Թալինի փողոցներից մեկն անվանակոչվել է պատերազմում զոհված Մկրտիչ Հարությունյանի անունով». www.panorama.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Թալինի փողոցներից մեկն անվանակոչվեց հետախույզ Մկրտիչ Հարությունյանի անունով».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]