1883 թվականին Պետերբուրգի համալսարանում ուսանելու ժամանակ հարել է նարոդովոլականներին (ռուս.՝ Народная воля)։ 1885 թվականին ձերբակալվել և արտաքսվել է Վորոնեժ։ 1893 թվականին՝ Պետերբուրգի «Նարոդովոլականների խմբի» անդամ։ 1894 թվականին ձերբակալվել է, մոտ 5 տարի անցկացրել մենախցում, 1898 թվականին աքսորվել է Յակուտիա։ 1904 թվականին տարագրվել է Շվեյցարիա, ուր Լենինի ղեկավարությամբ աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերի խմբագրություններում։ 1905 թվականին Պետերբուրգում եղել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» («Новая жизнь»), «Վոլնա» («Волна»), «Կազարմա» («Казарма») և այլ թերթերի խմբագրությունների անդամ։ 1907–1908 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, 1909 թվականից՝ Պետերբուրգում։ 1911–1914 թվականներին՝ «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա», («Правда») թերթերի և «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրի խմբագրությունների անդամ։ 1915 թվականին՝ երկրում միակ բոլշևիկյան լեգալ «Նաշա գազետա» («Наша газета») թերթի (Սարատովում) խմբագիր։ 1916 թվականից՝ ՌԽԴԲԿ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Մոսկվայի «Սոցիալ–դեմոկրատ» («Социал-демократ») բոլշևիկյան թերթի խմբագիրներից, ապա Պետրոգրադում աշխատակցել է «Պրավդա»֊ին, ՌԽԴԲ(բ)Կ ԿԿ Բյուրոյի անդամ։ 1917 թվականի մարտին՝ ՌԽԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի անդամ։ ՌԽԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր, համագումարի նախագահներից մեկը։ 1917 թվականի դեկտեմբերից՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1918–1920 թվականներին՝ «Պրավդա»-ի խմբկոլի անդամ, 1918 թվականից՝ Սոցիալիստական, ապա՝ Կոմունիստական ակադեմիայի պրոֆեսոր։ 1920–1924 թվականներին կազմակերպել և ղեկավարել է Հոկտեմբերյան հեղափոխության և ՌԿ(բ)Կ պատմության հանձնաժողովը (Իստպարտ)։ Հիմնադրել և խմբագրել է «Պրոլետարսկայա ռևոլյուցիա» («Пролетарская революция») ամսագիրը։ 1928 թվականից՝ Վ․ Ի․ Լենինի ինստիտուտի դիրեկցիայի անդամ։ Հեղինակ է հրապարակախոսական, պատմական, գրականագիտական աշխատությունների և հուշերի։ Մեծ աշխատանք է կատարել Լենինի, Պլեխանովի աշխատությունների, կուսակցության պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքման և հրատարակման ուղղությամբ։ Զբաղվել է նաև կուսակցության պատմության և Ռուսաստանի հեղափոխական շարժման հարցերի գիտական մշակմամբ։ Եղել է Կոմինտերնի 2-րդ կոնգրեսի (1920) պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 531)։