Մելոդեկլամացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մելոդեկլամացիա (< հուն. μέλος – երգ և լատիներեն declamatio - արտասանություն), բեմական արվեստի տեսակ, որն առաջացել է Հին Հռոմում 1-2-րդ դարերում որպես բանաստեղծական և դրամատիկական երկերի պալատական ընթերցման եղանակ տավիղի նվագակցությամբ։

Մելոդրամայի ազդեցությամբ 18-րդ դարում Եվրոպայում երևան են եկել բեմական ստեղծագործություններ, որոնք ամբողջապես հիմվել են մելոդեկլամացիայի վրա (հետագայում հաճախ օգտագործել են օպերայում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո», Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ նետաձիգը» և այլն, և դրամատիկական պիեսներում)։ Ստեղծվել է նաև մելոդեկլամացիայի ինքնուրույն ժանր, որն ընդգրկվել է համերգային ծրագրերում (գեղարվեստական ընթերցանությունն ուղեկցվել է դաշնամուրի, հազվադեպ՝ նվագախմբի նվագակցությամբ)։

Մելոդեկլամացիայի վաղ շրջանի նմուշներ են ստեղծել Ֆրանց Շուբերտը, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Ռիխարդ Շտրաուսը։

Ռուսաստանում մելոդեկլամացիան, որպես համերգաէստրադային ժանր, լայնորեն տարածվել է 1870-ական թվականներից (Գ. Ե. Լիշին, Է. Բ. Վիլբուշևիչ, ավելի ուշ՝ Անտոն Արենսկի, Ալեքսանդր Սպենդիարյան և ուրիշներ)։ Մելոդեկլամացիան 19-րդ դարի Ռուսաստանում եղել է սալոնային ժամանց, ապա Էստրադային ժանր՝ չափածոյի և արձակ հատվածի անգիր ընթերցում դաշնամուրի նվագակցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։