Մարկիոնականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկիոնականություն, գնոստիկյան կրոնափիլիսոփայական ուսմունք, հերետիկոսություն քրիստոնեությունում։ Առաջացել է 2-րդ դարում, Մարկիոնի (85—180) վարդապետությունից։ Տարածում է գտել հատկապես Հռոմում, Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում, Հայաստանում։ Մարկիոնականության հիմնական սկզբունքները շարադրված են եղել Մարկիոնի չպահպանված «Հակաթեզեր» գրվածքում։ Մարկիոնականության հիմքում արևելյան կրոններին հատուկ երկվությունն էր՝ բարու (հոգի) և չարի (նյութ) հակադրությունը։ Այն ընդունում էր ևս մեկ նախասկիզբ՝ արդարը (օրենքի աստված), որն էլ իբր ստեղծել է մարդկանց։ Օրենքի աստվածը թեև բացարձակ արդարության կրողն է, բայց նրան խորթ են սերն ու գթությունը, և այդ պատճառով մարդիկ հակվել են չարին, ընկել նրա տիրապետության տակ։ Ըստ մարկիոնականության՝ մարդկությանը չարից փրկելու է բարու աստվածը, որն այդ նպատակով արդեն երկիր է ուղարկել Քրիստոսին (Մեսիա), նրա միջոցով մարդկանց պարգևել փրկության հնարավորություն՝ սովորեցրել սիրել ու գթալ։ Այս կրոնը ժխտում էր Հին կտակարանը, Նոր կտակարանից սրբագրումներով ընդունելի համարում միայն Ղուկասի Ավետարանը և Պողոս առաքյալի առաջին 10 թղթերը։ Հակառակ եկեղեցու՝ մարկիոնականություն քարոզում էր ընդհանուր քահանայություն (այդ թվում նաև կանանց համար), կողմնակից էր ծայրահեղ ճգնակեցության և կուսակրոնության։ Քրիստոնեության ձևավորվող դոգմաներին այն հակադրում էր համեմատաբար ազատ կրոն, որը նրա դեմ առաջ բերեց եկեղեցու կատաղի հալածանքը։ Մարկիոնականության դեմ գրվել են բազմաթիվ հակաճառություններ (Հուստինոս, Թեոփիլոս Անտիոքցի, Իրենիոս, Տերտուլիանոս, Եզնիկ Կողբացի և ուրիշներ)։ Կոստանդինոս Մեծի օրոք (306—337) մարկիոնականությունը պաշտոնապես արգելվեց Հռոմեական կայսրությունում։ Արևելքում գոյատևեց մինչև 5-րդ դարի կեսը՝ աստիճանաբար ձուլվելով մանիքեությանը։
|