Jump to content

Մասնակից:Արագի մեջ/Ավազարկղ Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագի մեջ/Ավազարկղ Ե
Սուրբ Նարեկ մատուռը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Արագածոտն, Վարդենիս
ԹեմԱրագածոտն
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2010
Կառուցման ավարտ2012 օգոստոսի 25

Սուրբ Նարեկ մատուռ, Հայ առաքելական եկեղեցու մատուռ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում։ Սուրբ Նարեկ մատուռը կառուցվել է 2012 թվականին «Պապեի Նարեկ» անվամբ հայտնի սրբավայրի տեղում։ Մատուռը օծվել է 2012 թվականի օգոստոսի 25-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի Քյուլուջա, այժմ Վարդենիս գյուղում դարեր շարունակ կար մի Ավետարան, որը կոչվում էր «Պապեի Նարեկ»։ Գիրքը պատկանում էր մի ընտանիքի, որի նախահոր անունը Պապե էր, իսկ Նարեկ էր կոչվում ոչ թե նրա համար, որ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունն էր, ինչպես որ ժողովրդի մեջ սովորություն կար այն այդպես անվանել, այլ նրա համար, որ ինքը չնայած Ավետարան էր, բայց իր մեջ ուներ բժշկող հատկություն, ինչի համար էլ գյուղացիներն այն «Պապեի Նարեկ» էին կոչում։ Խոսքը 1710 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված հրաշագործ բժշկության Ավետարանի մասին էր։ Այդ գիրքը գտնվում էր Պապեի, իսկ հետագայում նրա հարազատների տանը, տեղակայված գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ։[1]

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում Պապեի ժառանգները հետզհետե լքում են այդ տունը և բնակության հաստատվում աշխարհի տարբեր ծայրերում՝ բնականաբար իրենց հետ տանելով նաև սուրբ գիրքը՝ Պապեի Նարեկը: Տունը մնում է կիսավեր վիճակում, սակայն, չնայած դրան, գյուղացիները գալիս են կիսախարխուլ տան մեջ մոտավորապես այն տեղում, որտեղ դրված էր գիրքը, սրբապատկերներ են դնում ու մոմեր վառում, աղոթքներ անում։[2]

Մատուռի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ից սկսած, երբ կայացվեց գյուղի «Սուրբ Հակոբ» եկեղեցին վերակառուցելու որոշումը, որոշվեց նաև փլուզման եզրին գտնվող այն տան տեղում, որն արդեն սրբավայր էր դարձել նաև առանց սուրբ գրքի, կառուցել մատուռ, որտեղ հետագայում կդրվեր Պապեի Նարեկը։ Հետագայում կապեր հաստատվեցին արտերկրում գտնվող Պապեի ժառանգների հետ, ում հետ էլ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գիրքը տեղափոխվեց Հայաստան և շուրջ երկու տարի Մատենադարանում վերականգնողական աշխատանքներ անցկացնելուց հետո հատուկ պահպանման պայմաններում դրվեց «Սուրբ Նարեկ» մատուռում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նարեկ մատուռը հակառակ կողմից

Բարերար Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 2011 թվականին մեկնարկեցին «Սուրբ Նարեկ» մատուռի շինարարական աշխատանքները։ Դրանք ավարտին հասցվեցին 2012-ին և նույն թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ մատուռի օծման արարողությունը։ Սուրբ Նարեկն իրենից ներկայացնում է փոքր շինություն 4,15 մետր երկարության և 3,10 մետր լայնության վրա, բարձրությունը 4,60 մետր է։ Մատուռը ետևի հատվածում՝ սուրբ սեղանի հետևում ունի խաչի տեսքով պատուհան։ Ներսի մակերեսը 7 քառ․ մետր է, ունի մոմավառության համար նախատեսված սեղան։ Սուրբ Նարեկում տեղադրվել է 173 սմ բարձրության և 90 սմ լայություն ունեցող փայտյա դուռ, որի վրա փորագրված է հայկական խաչը։ Ներսում դրված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության տպագրություններից մի օրինակ՝ ոսկեզօծ կազմով։

Ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ հավատացյալների թափորը հոգևոր դասի առաջնորդությամբ շարժվում է դեպի Սուրբ Նարեկ մատուռը, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս է բերվում և Սուրբ Հակոբ եկեղեցի է տեղափոխվում 1710 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված հրաշագործ բժշկության Ավետարանը: Այդ օրը ուխտագնացության օր է, որի ժամանակ հավատացյալները հնարավորություն են ունենում հաղորդակվցել «Պապեի Նարեկի» հետ, իսկ Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվում է հաղորդության պատարագ և հաղորդության կարգ։[3]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պապին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ և հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակը կտեղադրվի Վատիկանում[4]: Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[5] Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ։ Հուշարձանի ետնամասում պատկերված է Սուրբ Նարեկ մատուռը։ Հուշարձանի վրա կա գրություն ըստ որի պատկերված մատուռը գտնվում է Հայաստանում, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում։[6][7]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արագածոտնի Վարդենիս համայքի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրը». Վերցված է 2018-04-05-ին.
  2. «Սուրբ Գրքի ճանապարհը». Վերցված է 2018-04-05-ին.
  3. «Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման մեկամյակի պատարագը». Վերցված է 2018-04-05-ին.
  4. «St. Gregory of Narek statue unveiled in Vatican Gardens - Video». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2018-04-05. Վերցված է 2018-04-05-ին.
  5. Sputnik. «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ». armeniasputnik.am. Վերցված է 2018-04-05-ին.
  6. Vaticannews. «Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանը եղբայրության խորհրդանիշ է. լուսանկարներ». vaticannews.va (իտալերեն). Վերցված է 2018-04-05-ին.
  7. «Սուրբ Նարեկ Մատուռի պատկերը Նարեկացու հուշարձանի վրա» (իտալերեն). Վերցված է 2018-04-05-ին.