Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում, որտեղ կատարել է գրական առաջին փորձերը։ 1922 թվականին որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան։ Ավարտել է հայկական նախակրթարանը, մեկ տարի հաճախել Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928 թվականին՝ Եթովպիա, 1929 թվականից ապրել է Փարիզում։ Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։
1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում, «Գողգոթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Հավիտենական ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի երգեր» (1961), «Ոսկի գեղոն» (1967), «Վերջալույսեն առաջ» (1974), «Հավերժական ուղիներով» (1974) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները։ Երկար տարիներ նախագահել է Ֆրանսահայ գրողների միությունը[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 132)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։