Մանուշակագույն մեղու-ատաղձագործ
| Մանուշակագույն մեղու-ատաղձագործ | |
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ (արու) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Դաս | Միջատներ (Insecta) |
| Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
| Ընտանիք | Իսկական մեղուներ (Apidae) |
| Ցեղ | Հյուսն մեղուներ (Xylocopa) |
| Տեսակ | Մանուշակագույն մեղու-ատաղձագործ (X. violacea) |
| Միջազգային անվանում | |
| Xylocopa violacea | |
Մանուշակագույն մեղու–ատաղձագործ (լատիներեն՝ Xylocopa violacea), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-23 մմ երկարությամբ մետաղական մանուշակագույն փայլով, սև գույնի մարմնով շատ խոշոր մեղու է, որի վերին շրթունքը ծածկված է շիկակարմիր մազիկներով։ Բեղիկների վերևի մասը սև գույնի է, իսկ ներքևինը՝ շիկակարմիր։ Ունի սև ոտքեր, թևերը մուգ գույնի են։ Էգի հետին սրունքի արտաքին մասը և ոտքերի կոնքը պատված է երկու շարք մանր սուր ատամիկներով։ Արուի բեղիկների վերին հատվածը ծռված է, իսկ հետին ոտքերի կոնքն՝ ատամիկով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրայքի երկրներում, Կենտրոնական Ասիայում, Ղրիմում, Կովկասում և Կոպետդաղում։ Հայաստանում հայտնի է Արարատի (գյուղ Երասխ), Կոտայքի (գյուղ Արտավազ), Սյունիքի (քաղաք Կապան) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայնակ, բազմակեր մեղուներ են, որոնք ապրում են կիսանապատայինից մինչև տափաստանային գոտում, հանդիպում՝ այգիներում, ճամփեզրերին, նոսրանտառներում և բնակելի վայրերում։ Թռիչքը դիտվում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, սնվում են տարբեր ընտանիքներում պատկանող բույսերի ծաղիկներով։ Բները պատրաստում են չոր բնափայտում (այդ թվում նաև շինությունների) անցքեր փորելով, սարքում են առանձին խորշիկներ, որտեղ էգը դնում է ծաղկափոշու և նեկտարի պաշար և մեկական ձու։ Աշնանը կատարվում է թրթուրների հարսնյակավորում։ Խորշիկներում ձմեռում են դուրս եկած հասուն միջատները[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են չորացած ծառերի հատմամբ և շինությունների փայտե կոնստրուկցիաների մետաղականով փոխարինմամբ պայմանավորված բնակալման համար պիտանի տեղերի կրճատումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակագույն մեղու-ատաղձագործ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակագույն մեղու-ատաղձագործ» հոդվածին։ |
| ||||||