Մանեճ Ապահունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանեճ Ապահունի
Տուրուբերանի Ապահունիք գավառը
Ապահունիքի տեր
մոտ 420-ականներ - 460-ականներ
Հաջորդող Վստամ Ապահունի
 
Ծննդյան օր 4-րդ դար
Ծննդավայր Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա Ապահունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք և Հայկական մարզպանություն
Զավակներ Վստամ Ապահունի

Մանեճ Ապահունի (4-րդ դար, Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք - 5-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառի տանուտերը, Վստամ Ապահունու հայրը, Ապահունիների նախարարական տոհմից[1]։

Մեծ Հայքի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեճ Ապահունին Մեծ Հայքի վերջին արքա՝ Արտաշես Դ-ի (422-428) ժամանակակիցն է։ Հայ նախարարները դժգոհ լինելով Արտաշես Դ արքայի վարքից, բողոքում են պարսից Վռամ Ե (420-438) արքային։ Վերջինս 428 թվականին գահընկեց է անում Արտաշեսին և Մեծ Հայքը վերածում մարզպանության։ Այս որոշմանը հակառակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը (387-428), որի համար Պարսից արքան զրկում է նրան կաթողիկոսական աթոռից և հարքունիս գրավում նրա տիրույթները, ապա Արտաշես Դ-ի հետ միասին ձերբակալվում է և ուղարկվում Պարսկաստան։ Պարսից արքան նոր կաթողիկոս է նշանակում ասորի Սուրմակին։ Սուրմակին և նրան հաջորդած՝ ասորի Բրքիշոյին հայ նախարարները զրկում են կաթողիկոսական աթոռից և Սահակ Պարթևի ձերբակալությունից հետո 4 տարի անց՝ 432 թվականին դիմելով պարսից արքային, խնդրում են կաթողիկոս նշանակել մեկ այլ մարդու, որը կշարժվեր իրենց կրոնի օրենքներով, կամ էլ վերադարձնել Սահակ Պարթևին։ Սահակ Պարթևի օգտին հանդես են գալիս Մանեճ Ապահունին և Սպանդարատ Արշարունին՝ իրենց կողմնակիցներով։ Վռամ Ե Գուրը մասամբ է կատարում հայ նախարարների խնդրանքը։ Այսպիսով, կաթողիկոս է նշանակվում Շամվել ասորին, որը որպես Սահակի ընդդիմադիր և հակաթոռ՝ գրեթե ամբողջությամբ իր ձեռքն է վերցնում կաթողիկոսական աթոռը։ Իսկ Սահակ Պարթևին թողնում է նրա կաթողիկոսական աթոռից ընդամենը մի քանի գյուղ[1][2]։

Վարդանանց պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

449 թվականին Մանեճ Ապահունին մասնակցում է Արտաշատի ժողովին, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Հազկերտ Բ-ի հրամանով Տիզբոն մեկնած և առերես հավատքը ուրացած նախարարներից մեկը Մանեճ Ապահունին էր։ Ետ վերադառնալով հայրենիք, Մանեճ Ապահունին մի շարք նախարարների հետ անցնում է Հայոց մարզպան Վասակ Սյունու կողմը՝ ընդդեմ Վարդան Մամիկոնյանի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 199, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 350․
  2. «Ս․ Սահակ Ա Պարթև». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.