Մազոտ մեղու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազոտ մեղու
Մազոտ մեղու
Մազոտ մեղու
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մեգախիլիդներ (Megachilidae)
Ցեղ Trachusa
Տեսակ Մազոտ մեղու (T. pubescens)
Միջազգային անվանում
Trachusa pubescens

Մազոտ մեղու (լատին․՝ Archianthidium pubescens), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-17 մմ երկարությամբ, խոշոր մեղու է։ Էգի երեսկալը գրեթե երկու անգամ լայն է իր երկարությունից։ Երեսկալը, երեսի կողքերը, ճակատկալի եռանկյունաձև բիծը և աչքերի հետևի բծերը դեղին են։ Տերգիտները կողային դեղին բծերով են, իսկ միջնակրծքի կողքերն՝ անկյունաձև դեղին բծերով։ Արուի փորիկի 6–րդ տերգիտը ունի ձգված կողմնային անկյուններ, 7–րդ տերգիտը՝ եռոտնուկի տեսք, իսկ ճակատկալը և միջնակրծքի կողքերն առանց դեղին բծերի են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևելյան Միջերկրայքում, Անդրկովկասում, Թուրքմենստանի հարավային շրջաններում, հավանաբար նաև Հյուսիսային Իրանում։ Հայաստանում հայտնի է միայն Արագած լեռան հարավային լանջից (Անտառուտ և Բյուրական գյուղերի և Ամբերդ ամրոցի փլատակների մոտ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստաններում, քսերոֆիտ նոսրանտառներում և թփուտներում։

Միայնակ մեղուներ են, թռիչքը հուլիսին է։ Հանդիպում են շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ծաղիկների վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում ծայրահեղ սահմանափակ, մեկուսացած արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես անհետացող տեսակ։

Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը, կերաբույսերի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազոտ մեղու» հոդվածին։