Մադոննան սանդուղքի մոտ (Միքելանջելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մադոննան սանդուղքի մոտ
Madonna della scala
Madonna of the stairs.jpg
տեսակ քանդակ
նկարիչ Միքելանջելո
տարի 1491
ուղղություն Իտալական Վերածնունդ
հավաքածու Casa Buonarroti
հիմնական թեմա Աստվածամայրն ու Որդին
Madonna della Scala (Michelangelo) Վիքիպահեստում


Մադոննան սանդուղքի մոտ (իտալ.՝ Madonna della scala), իտալացի հայտնի քանդակագործ Միքելանջելոյի մարմարյա խորաքանդակ, ստեղծված մոտավորապես 1491 թվականին։ Սա քանդակագործի առաջին անկախ, վաղ շրջանի պահպանված գործերից է։ Ֆրից Էրպելը գրել է, որ «Մադոննայի շքեզ պարանոցի ու մանուկ Հիսուսի ատլետիկ ուսերի հակադրության մեջ արդեն որոշակիորեն երևում է հասուն Միքելանջելոն»[1]։ Շիլյանոն խորաքանդակն անվանել է «հանելուկային ու իր ժամանակից առաջ ընկած»[2]։ Նրա կարծիքով՝ «Մադոննան սանդուղքի մոտ» խորաքանդակում երիտասարդ քանդակագործը «յուրացրեց ու նորովի կիրառեց իր ականավոր ուսուցիչ Դոնատելլոյից ստացած դասերը և միացավ քանդակագործության մեծ ավանդույթներին»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոննայի կերպարը նորածնի հետ շատ տարածված էր իտալական արվեստում 15-րդ դարի վերջին[3]։ Այն մշակվում էր և՛ նկարիչների, և՛ քանդակագործների կողմից։ Նկարչության մեջ այս թեմայով ժամանակի առավել հայտնի գործերն են Ֆրանչեսկո Պեզելլինոյի «Աստվածամայրը նորածնի և երկու հրեշտակների հետ», Ֆիլիպպո Լիպպիի «Աստվածամայրը նորածնի հետ», Ների դի Բիչչիի «Աստվածամայր»-ը։ Քանդակագործության մեջ այս կերպարին անդրադարձել են Բերնարդո Ռոսսելլինոն, Դեզիդերիո դը Սետտինյանոն, Անդրեա Օրկանյանը, Բենեդետտո դը Մայանոն, Մինո դը Ֆիեզոլեն և ուրիշներ։ Խորաքանդակներից հայտնի են Լուկա դելլա Ռոբբիի «Աստվածամայրը նորածնի հետ» աշխատանքը, Անտոնիո Ռոսսելինի, Դոնատելլոյի և այլ արվեստագետների աշխատանքներ։ Միքելանջելոն, ով 1489 թվականից Լորենցոյի աշակերտն էր Մեդիչիի պարտեզում, 1490-1492 թվականներին ապրում էր Մեդիչիի պալատում։ Աշակերտների աշխատանքների համար պահանջվող մարմարը, ինչպես նաև՝ մյուս այլ անհրաժեշտ պարագաները գնվում էին Լորենցոյի հաշվին։ Բայց ստեղծված աշխատանքն արդեն արվեստագետի սեփականությունն էր։ Ի տարբերություն ավելի ուշ շրջանի գործերի, և՛ «Մադոննան սանդուղքի մոտ» և՛ «Կենտավրոսների ճակատամարտ»-ը ստեղծված են կարարյան մարմարից։ «Մադոննան սանդուղքի մոտ» մնացել է Միքելանջելոյի ընտանիքի մոտ մինչև արվեստագետի կյանքի վերջը, 1564 թվականը։ 1566 թվականին Միքելանջելոյի զարմիկը՝ Լեոնարդոն, քանդակը նվիրել է Կոզիմո Առաջին Մեդիչիին՝ նախապես դրա բրոնզե պատճենն ստեղծելով։ Մեդիչի նոր հերցոգը 1616 թվանականին քանդակը վերադարձրեց ընտանիքին։ 1617 թվականին այն փոխանցվեց Կազա Բուոնարրոտիի թանգարանի հավաքածուին։ Թանգարանում խորաքանդակը դրված է «Կենտավրոսների ճակատամարտների» կողքին։ 1930 թվականին ստեղծվեց խորաքանդակի գիպսե նախատիպը, իսկ 2010 թվականին ստեղծվեցին ևս 8 բրոնզե պատճեններ։ 2008 թվականին հրատարակվեց քանդակագործի աշխատանքների լուսանկարների հավաքածուն՝ «Միքելանջելո․ վարպետի ձեռքը» վերնագրով։ «Մադոննան սանդուղքի վրա» քանդակի մարմարե ճշգրիտ պատճենը դարձավ գրքի կազմը։ Գրքի նախնական արժեքը մոտավորապես 100․000 եվրո էր։ Գրքի լույսընծայումը նվիրված էր Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի նկարազարդման աշխատանքների սկսման 500-ամյակին։ Նախատեսված էր լույս ընծայել գրքի ընդամենը 33 օրինակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մադոննան սանդուղքի մոտ» իր համադրությամբ և՛ գեղանկար է հիշեցնում, և՛ տարբերվում է նրանից։ Խորաքանդակը պատկերում է սանդուղքի քարի վրա նստած կնոջ։ Նրա կողքին խաղում են չորս երեխաներ, որոնցից երեքը սանդուղքի վրա են, իսկ չորրորդը երևում է կնոջ թիկունքից։ Պատկերը մոտ է կենցաղային ժանրին։

Մադոննա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելանջելոն հրաժարվեց ֆրոնտային ռակուրսից։ Կինը նստած է, և հայացքը կողք է ուղղված, այլ ոչ թե հանդիսատեսին։ Նրա գլխավերևի լուսապսակը ցույց է տալիս նրա՝ Աստվածամայր լինելը։ Մադոննայի գրկում քնած երեխա է, ում աջ թաթիկը գցված է մեջքին։ Մայրը քնքշորեն ծածկել է սիրելի երեխայի գլուխը, որպեսզի նրան չարթնացնի։ Մանուկն առանց լուսապսակի է։ Մադոննայի դիրքը հանգիստ է թվում, ինչն ընդգծվում է խաչված ոտքերով։ սակայն նա մտահոգ է․ նա կանխազգում է իր ողբերկագան ճակատագիրն ու գիտի, թե ինչ է սպասվում իր որդուն[4]։ Պատանի Միքելանջելոյի Մադոննան (նա այդ ժամանակ ընդամենը 15-16 տարեկան էր), ուժեղ ու ամուր կին է։ Նա փխրուն չէ, ոչ էլ թույլ ու պարզունակ, ինչպիսին հանդիպում է ժամանակի այլ նկարիչների աշխատանքներում։ Նրա Մադոննան տարբերվում է Դոնատելլոյի, Ջովաննի Պիզանոյի վշտով ու ցավով լցված մադոննաներից։ Նա ի զորու է ծնել ու դաստիարակել հերոսի։ Նմանատիպ հատկանիշներ են նկատվում նաև Մազաչչոյի գործերում․ Միքելանջելոն մանրամասնորեն ուսումնասիրել ու ուրվագծել էր վերջինիս աշխատանքները։ Ըստ Սայմոնդզի, այս Մադոննայի մեջ արդեն երևում էր նրա հետագա աշխատանքների «կախարդական մեծությունը»[5]։ Մարսել Բրիոնը գրում էր, որ կնոջ կազմվածքը մոնումենտալ ստեղծագործության տպավորություն էր թողնում՝ չնայած քանդակի ոչ այնքան մեծ չափսերի։ Ըստ Լիմբանի, այս ներքին հզորությունն արտահայտվում էր «անգամ հասարակ մահկանացուների համար չափազանց բարձր մեծ աստիճաններում»[6]։

Նորածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուսը պատկերված է շատ անսովոր դիրքում՝ մեջքով դեպի հանդիսատեսը։ Մի կողմից, դա ուղղակի երեխա է, ով քնած է իր մայրիկի գրկում, մյուս կողմից՝ նրա չափազանց մկանուտ ու ոչ մանկական աջ ձեռքն ընդգծում է նրա աստվածային էությունը։ Ակամա կախված աջ ձեռքը Միքելանջելոյի այլ աշխատանքների մեջ ևս օգտագործվել է որպես քնի կամ մահված խորհրդանիշ։ Այդպես են պատկերված «Լորեցո Երկրորդ Մեդիչին», «Ֆլորենցիայի Պիետա»-յի Հիսուսը։ Ինչպես նաև, արվեստի պատմության մեջ առաջին անգամն էր, որ մոր ու որդու հայացքներն ուղղված չէին ո՛չ իրար, ո՛չ էլ՝ միևնույն ուղղությամբ[7]։ Արդեն այս խորաքանդակում երևում է Միքելանջելոյի՝ ուժեղ, ձիգ մարմին պատկերելու ցանկությունը։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի և բարոկկո նկարիչների ստեղծագործություններում հաճախ պատկերվում էին փոքրիկ երեխաներ, երբեմն՝ թևերով։ Նրանց նաև անվանում էին «պուտտիներ» (իտալական putto` «փոքրիկ տղա» բառի հոգնակի թիվը)[8]։ Այս դետալն օգտագործվում էր նաև Դոնատելլոի կողմից։ Միքելանջելոյի մոտ երեխաներն ունեն ոչ միայն դեկորատիվ դեր։ Երեխաներն իրենց ձեռքին երկար կտոր ունեն։ Հնարավոր է՝ դա այն պատանքն է, որով ժամանակին կփաթաթեն Հիսուսի անշունչ մարմինը։

Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արվեստի պրոֆեսոր Հենրի Ռադկեի՝ «Մադոննան սանդուղքի մոտ» քանդակը պետք է բացահայտել ծնկի եկած, ներքևից վերև դիտելով։ Այդ ժամանակ բացվում է մի դիտանկյուն, որը կկորչի խորաքանդակը կանգնած դիտելու դեպքում։ Միքելանջելոն հասել է այս էֆֆեկտին աստիճանների հատուկ կտրվածքի շնորհիվ, ինչպես նաև՝ դա ընդգծվում է Մադոննայի աջ ոտքով, որը մի փոքր բարձր է խորաքանդակի մյուս դետալներից, հետևաբար, ամենամոտն է հանդիսատեսին։

Ստեղծման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորաքանդակի ստեղծման համար Միքելանջելոն օգտագործել է ցածր ռելիեֆի մեթոդը, որը հատկանշական էր նաև Դոնատելլոյի ստեղծագործությունների համար։ Այս նմանողության ակնհայտ լինելու մասին Վազարին գրել է․ «Միքելանջելոն, լինելով երիտասարդ, փորձում էր նմանակել Դոնատելլոյի մեթոդները։ Եվ այդ հարցում նա հաջողության ուներ, քանի որ թվում էր, թե այս Մադոննան հենց Դոնատելլոյի ստեղծագործությունն է։ Միայն տարբերությունն այն էր, որ այս աշխատանքի մեջ ավելի շատ էին գրավչությունն ու հստակությունը»։ «Մադոննան սանդուղքի մոտ» խորաքանդակի մակերեսը մանրամասնորեն փայլեցված է, ինչով քանդակը տարբերվում է նրա ավելի վաղ՝ «Կենտավրոսների ճակատամարտը» ստեղծագործությունից։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մադոննան սանդուղքի մոտ» խորաքանդակը սրբապատկերային նախատիպ է դարձել ֆրանսիացի քանդակագործ Ալեքսանդր Շարպանտյեի «Մայրություն» ստեղծագործության համար։ Խորաքանդակը հիշատակվում է Կարել Շուլցի «Քար և ցավ» կենսագրական վեպում (1943)։ Այստեղ Մադոննան պատկերված է Երկնային Թագավորության թագուհու կերպարով, ով նստած է աստիճանների վրա ինչպես մի աղքատ կին ու պաշտպանում է իր երեխային[9]։ Ստեղծագործության մասին գրված է նաև Իրվինգ Սթոունի «Տանջանքներ և ուրախություններ» վեպում (1961)։ Ըստ Սթոունի, այս կերպարը հունական (հեթանոսական) և քրիստոնեական փիլիսոփայությունների սինթեզ է․ սյուժեն քրիստոնեական է, բայց այստեղ առկա են նաև հեթանոսական ժամանակների քանդակներին հատուկ հերոսականություն ու մեկուսացվածություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4(ռուս.)
  2. Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с.(անգլ.)
  3. Herbert von Einem; Ronald Taylor. Michelangelo = нем. Michelangelo (1959). — London: Methuen&Co Ltd, 1973. — 329 с. (գերմ.) (անգլ.)
  4. Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.(ռուս.)
  5. John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. — 457 с. (անգլ.)
  6. John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. — 457 с.(անգլ.)
  7. imon Abrahams. Michelangelo’s Madonna of the Stairs (PDF) (2008). Проверено 29 июня 2012. Архивировано из первоисточника 8 августа 2012(անգլ.)
  8. «Мадонна на лестнице» мраморный барельеф (1490-1492). www.mikelangelo.ru. Проверено 8 июня 2012. Архивировано из первоисточника 8 августа 2012.(ռուս.)
  9. Шульц К. Камень и боль: роман / С чес. пер. Д. Андрухов. — К.: Юниверс, 2006. — 688 с. — ISBN 966-8118-23-5.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]