Ճաշոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճաշոց
Ճաշոց (գրիչ` Գևորգ վարդապետ Սկևռացի), 1154 թ.
Տեսակreligious book?
Կազմված էlection?
Բնօրինակ լեզուհայերեն
 Lectionaries Վիքիպահեստում

Ճաշոց, Տոնամակ, Տոնանամակ, Տարեգիրք, ճաշի ժամերին՝ մինչև երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու։ Ընթերցվելիք նյութը՝ «Ընթերցուածը», քաղված էր Հին և Նոր կտակարաններից, հատկապես Գործք Առաքելոցից, որին հաջորդում էին համապատասխան սաղմոսներ, կցուրդներ, ավելի ուշ՝ նաև շարականներ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշոցի բովանդակությունը, Քրիստոսի ծննդից սկսած, տերունական տոների տարեկան տոնակարգի սահմանումն է՝ համապատասխան ընթերցվածներով։ Միջնադարյան մյուս ժողովածուների նման ճաշոցն էլ ունի իր տարատեսակները (երուսաղեմյան, մինչվկայասերյան և վկայասերյան), որոնց բոլորին բնորոշն այն է, որ տոները ամսաթվային չեն, այլ շարժական են՝ շաբաթվա օրերով սահմանված (օրինակ՝ «Զ կիրակի զկնի Հոգեգալստյան», որ նշանակում է՝ Հոգեգալուստի տոնից հետո վեցերորդ կիրակին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 11-րդ դարից՝ ճաշոցի ժողովածուները փոփոխվել են։ Գրիգոր Բ Վկայասերի ջանքերով այնտեղ մուտք է գործել տոմարական տոնակարգը՝ տոների ամսաթվային նշումները, որ ճաշոցի ժողովածուների համար առավել կարևոր է, տերունական տոների կողքին ճաշոցում սահմանվել են նոր՝ հայկական տոներ՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Թարգմանչաց, Վարդանանց, Ղևոնդյանց, Վահան Գողթնացուն և բազմաթիվ այլ նշանավոր գործիչների ու պատմական իրադարձությունների նվիրված տոներ, որոնց թիվը հասնում է 76-ի (1154 թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր N 832)։ Դրանով ընդհանուր քրիստոնեական արարողական ժողովածուի դիմագիծը ազգայնանում է։ Գրիգոր Բ Վկայասերի «Տոնամակ» ճաշոցում փոխվել է նաև ընթերցվածների բովանդակությունը։ Հայկական նշված տոների օրերին Գործք Առաքելոցից և սաղմոսներից քաղված հատվածների փոխարեն եկեղեցում ընթերցվել են հայ գործիչների կյանքին ու գործին նվիրված համառոտ պատմություններ, որ ժողովածուում տեղագրելու համար մշակել էր Գրիգոր Վկայասերը՝ իր աշակերտ ու գործակից Կյուրակոսի հետ։ Ճաշոցի այս վերախմբագրությունը հիմք է հանդիսացել հայկական միջնադարյան մի նոր ժողովածուի՝ Տեր Իսրայել Խաչենցու «Հայսմավուրքի» համար։

Երբ Հայսմավուրքներն իբրև ինքնուրույն ժողովածուներ ավարտուն ձև են ստացել, անհրաժեշտություն է առաջացել մաքրելու ճաշոցը հետագայում մուծված տարրերից, որի հետևանքով մինչև այսօր գործում է թե՛ Հայսմավուրքն իր օրացուցային լրիվ կարգով ու սյուժետային պատմություններով, թե՛ ճաշոցի ժողովածուն՝ տերունական տոների շարժական, շաբաթական կարգով ու ընթերցվածների հին համակարգով։

Ճաշոցները նաև պատկերազարդվել են։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ճաշոցներից գեղարվեստական արժեքով առանձնանում է «Հեթում Բ թագավորի ճաշոցը» (1286 թվական, ձեռագիր N 979)։

Պահպանված ճաշոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում են պահվում հետևյալ ճաշոցները.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 67