Եկեղեցական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Զատիկի առավոտյան

Եկեղեցական տոներ, աստվածապաշտության կամ ծեսի և պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական բաժիններից։ Կատարվում են եկեղեցական հանդիսավոր արարողություններով, նվիրված են որոշակի դեպքերի ու անձերի ոգեկոչումներին կամ ուղղակի միջոց են հոգևոր խորհրդածությունների։ Նպատակն է նվիրվել օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին, ապրել հոգևոր բարեպաշտական կյանքով և խորհել հոգևոր արժեքների մասին։ Քրիստոնեական, այդ թվում և Հայ եկեղեցու տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, խաչին, սուրբերին և մարտիրոսներին, ինչպես նաև ազգ-եկեղեցական նշանակություն ունեցող իրադարձություններին (հայոց համար այդպիսիք են Թարգմանչաց, Վարդանանց տոները)։ Մի շարք քրիստոնեական տոների հետ միախառնվել են նաև հեթանոսական շրջանի տոների որոշ տարրեր և ժողովրդական սովորույթներ։ Կիրակին Տերունական օր է, նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը և միշտ նշվում է որպես եկեղեցական տոն։ Շաբաթվա մնացած օրերը սրբոց և պահոց օրեր են։

Հայ եկեղեցու գլխավոր հինգ եկեղեցական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցու գլխավոր հինգ եկեղեցական տոները կոչվում են Տաղավար.

  1. Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն
  2. Սուրբ Զատիկ
  3. Խաչվերաց
  4. Վերափոխումն Սուրբ Աստվածածնի
  5. Վարդավառ

Այդ տոների հաջորդ օրը մեռելոց է, կատարվում է գերեզմանօրհնեք։ Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երեք հիմնական խմբի տոներ, սրբոց (մարտիրոսաց) օրեր կամ սրբոց հիշատակներ և պահոց օրեր։ Տոները բաժանվում են չորս խմբի.

  1. Տերունի տոներ նվիրված Քրիստոսի փրկագործ տնօրինության հիշատակներին,
  2. Աստվածածնի տոներ,
  3. Խաչի տոներ,
  4. Եկեղեցու տոներ

Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու տոները Տերունի տոների մասեր են և նույնպես համարվում են Տերունի, քանի որ կատարվում են ի պատիվ և հանուն Տիրոջ։ Սրբոց օրերը նվիրված են սուրբերի հիշատակին։ Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սուրբերի և զուտ Հայ եկեղեցու սուրբերի տոներ։ Սուրբերի կարգին են դասվել նաև հրեշտակները, որոնց նվիրված տոներ ևս ունի Հայ եկեղեցին։ Հայ եկեղեցու տոները լինում են շարժական և անշարժ։

Անշարժ և շարժական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշարժ տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծնունդ

Անշարժ են այն տոները, որոնք հաստատուն կերպով կապված են ամսաթվերին և ոչ թե շաբաթվա օրերին։ Դրանք են հունվարի 5-ից մինչև 13-ը ներառող իննյակ օրերի տոները.

  1. Ճրագալույց Սուրբ Ծննդյան (հունվարի 5)
  2. Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն (հունվարի 6)
  3. Սուրբ Ծննդյան յոթնյակը կամ ութօրեքը (հունվարի 7-12)
  4. Անվանակոչություն (հունվարի 13)
  5. Տյառնընդառաջ (փետրվարի 14)
  6. Ավետում (ապրիլի 7)
  7. Ծնունդ Աստվածածնի (սեպտեմբերի 8)
  8. Ընծայումն Աստվածածնի (նոյեմբերի 21)
  9. Հղություն Աստվածածնի (դեկտեմբերի 9

Հաստատուն օրեր ունեն Աստվածածնի Վերափոխման (օգոստ. 15) և Խաչվերաց (սեպտ. 14) տոները, բայց Հայ եկեղեցին դրանք նշում է այդ օրերին ամենամոտ կիրակի օրը։ Սրբոց հիշատակը կատարվում է ոչ թե ամիսների հաստատուն օրերով, այլ յոթնյակի դրությամբ, որը շաբաթների հաջորդությունն է։ Շաբաթվա մեջ միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կարող են սուրբերի հիշատակ- ները նշվել։

Շարժական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժական տոները կապված են Սուրբ Զատիկ (Հարության) տոնի հետ համաձայն Լուսնի լրումի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png