Խաչի տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչի տոները Հայ առաքելական եկեղեցու՝ խաչը փառաբանող Տերունի չորս տոներն են, որոնցից մեկը՝ Խաչվերացը, Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Քրիստոնեական եկեղեցիների կողմից Աստվածածնի և Քրիստոսի Խաչի հանդեպ բացառիկ սերը, հարգանքն ու երկյուղածությունը կապված են Քրիստոսի  հիմնական երկու տնօրինություննորի հետ։ Աստվածածինը անբաժանելիորեն կապված է Աստվածորդու մադեղության խորհրդի հետ, իսկ Խաչը՝ Քրիստոսի փրկագործության։ Ս․ Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշը՝ յուրաքանչյուր տեղում իր ներկայությամբ մատնանշելով նաև քրիստոնեության առկայությունը։

Խաչգյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտ Խաչ, Խաչգյուտ. 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինե կայսրուհին, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելել է Երուսաղեմ։ Հուդա անունով մի հրեա օգնել է կայսրուհուն գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը։ Որոնումներից հետո գտնվել են Քրիստոսի և նրա հետ խաչված երկու ավազակների խաչերը։ Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դրել են խաչերի վրա։ Երրորդի վրա պատանին հարություն է առել և ոտքի կանգնել. դրանով ճանաչվել է տերունական խաչը։ Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին բարեկարգել է Երուսաղեմի սրբազան վայրերը և Գողգոթայում Սուրբ Հարություն անունով տաճար կառուցել, որտեղ էլ հետագայում զետեղվել է Տիրոջ Խաչափայտը։ Այդ հրաշքից հետո Հուդա հրեան քրիստոնեություն է ընդունել և դարձել Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոս։ Հետագայում մոր՝ Աննայի հետ նահատակվել է։

Հայ եկեղեցին Խաչի գյուտը տոնում է հոկտեմբերի 23-ից 29-ը հանդիպող կիրակի օրը։ Հույներն այս տոնը միացրել են Խաչվերացի տոնին և կատարում են սեպտեմբերի 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին։

Խաչի երևման տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևման Խաչ, Խաչի երևման տոնը կատարվում է ի հիշատակ Խաչի հրաշալի երևման, որը տեղի է ունեցել 351 թվականին՝ Երուսաղեմի վրա Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ խաչանման լույսի ճառագումով։ Երուսաղեմի հայրապետ Կյուրեղ Երուսաղեմացին այդ առթիվ հատուկ նամակ է հղել բյուզանդական Կոստանդին Բ կայսրին, որտեղ, վկայակոչելով Խաչի երևումը, հորդորել է ամուր մնալ քրիստոնեական ուղղափառ հավատքի և Ընդհանրական եկեղեցու որդեգրած դավանանքի անառարկելի ճշմարտությունների վրա։ Կյուրեղ Երուսաղեմացու այս նամակը 5-րդ դարում թարգմանվել է հայերեն և ներկայումս էլ տոնի օրը ընթերցվում է Հայ եկեղեցում։Նամակի ամբողջական տարբերակը առկա է ճաշոց ծիսական գրքում։

Հույները Խաչի երևման տոնը կատարում են մայիսի 17-ին, իսկ Հայ եկեղեցին՝ Հինանց հինգերորդ կիրակի օրը, սուրբ Զատկից 28 օր հետո, 35 օրվա շարժականությամբ (ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը)։ Կաթոլիկ եկեղեցին այս անունով տոն չունի։ Երևման Խաչի տոնին հատուկ շարական չի նվիրվել. այդ օրը երգվում են Խաչի մյուս տոների շարականները, որոնցով փառաբանվում է Խաչը։

Վարագա Սուրբ Խաչի տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարագա Սուրբ Խաչի տոնը կապված է ազգային ավանդության հետ։ Նշում է միայն Հայ եկեղեցին։ Այս տոնը 653 թվականին հաստատել է Ներսես Գ Տայեցին։ Ըստ ազգային ավանդության, սուրբ Գայանյանց կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրել է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք, որը Պատրոնիկե թագուհին Երուսաղեմից բերել էր Հռոմ։ Երբ հալածական կույսերն ապաստանել են Հայաստանում, սուրբ Հռիփսիմեն Վաղարշապատ գնալու ճանապարհին իր պարանոցը զարդարող սև մասունքը, երկու քահանաների պահպանության ներքո, զետեղել է Վարագա լեռան քարայրներից մեկում։ Քրիստոնեության դեմ հալածանքների պատճառով երկար ժամանակ սուրբ մասունքի գտնվելու վայրը գաղտնի է պահվել, իսկ քահանաների մահից հետո՝ մոռացվել, բայց այդ մասին հյուսված ավանդությունը միշտ հետաքրքրել է սրբակյաց ճգնավորներին։ 653 թվականին Վարագա լեռան վրա ապրող Թոդիկ և Հովել ճգնավորներն աղոթել են՝ իմանալու համար, թե որտեղ է պահված սուրբ մասունքը։ Հանկարծ լսվել է մի ձայն, որից հետո երևացել մի պայծառ լույս Վարագա լեռան վրա և 12 լուսեղեն սյուներ նրա շուրջը։ Լույսերը երկար ժամանակ լեռան վրա մնալուց հետո մտել են եկեղեցի և հանգչել եկեղեցու սեղանի վրա։ Հոգևորականներն ու աշխարհականները, իմանալով այդ մասին, մեծ թափորով շտապել են եկեղեցի։ Ժամանակի Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն ու Վարդ Ռշտունի սպարապետը, նույնպես Վարագ գալով, ստուգել են եղելությունը և մեծահանդես տոնախմբություն կատարել։ Նույն վայրում, որտեղ երևացել էին 12 լուսե սյուները, կաթողիկոսը կառուցել է Սուրբ Նշան եկեղեցին։

Վարագա վանքի մեջ հանգչող Խաչափայտը կոչվել է սուրբ Նշան և երկար ժամանակ պահվել այնտեղ։ Դեգերումներից հետո, 1655 թվականին դրվել է Վանի Սուրբ Տիրամայր Մայր եկեղեցում, որն այնուհետև կոչվել է Սուրբ Նշան։ Տոնը կատարվում է Խաչվերացից 15 օր հետո՝ սեպտ. 25-ից մինչև հոկտ. 1-ը հանդիպող կիրակի օրը։ Ներսես Գ Տայեցին Վարագա Սուրբ Խաչի տոնի առթիվ հորինել է «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: