Ժամերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամերգություն կամ ժամակարգություն, Հայ Առաքելական Եկեղեցու ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի։ Ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել։ Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը։

Ժամերգության բովանդակությունը՝ սաղմոսներ, աղոթքներ, հոգևոր երգեր, պարունակող գիրքն անվանվում է Ժամագիրք։ Հայ Առաքելական Եկեղեցին ունի յոթ Ժամերգություն՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու, Երեկոյան, Խաղաղական, Հանգստյան։ Ըստ կանոնակարգի Ճաշու ժամերգությունը բաժանվում է երեք մասի, այսպիսով դառնալով 9 ժամերգություն։

Գիշերային Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամերգության ժամանակը կեսգիշերն է և ուղղված է Հայր Աստծուն։ Հավատացյալներն ու եկեղեցական դասը խնդրում է, որ Տերը խաղաղություն պարգևի գիշերվա մնացած մասն անցկացնելու և գալիք օրը լինի առանց փորձության և մեղքերի։ Տերունական տոներին և Սրբոց տոներին երգվում է Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» հոգևոր երգերը։

Առավոտյան Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվում է արշալույսին և ուղղված է Որդի Աստծո փառաբանությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի երևումը յուղաբեր կանանց, Նրա Հարությունը և Փրկագործությունը։ Ժամերգությունը հարուստ է շարականներով։ Յուրաքանչյուր կիրակի այս ժամերգության ընթացքին կատարվում է Յուղաբերից կարգը։

Արևագալի Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամերգությունը նախկինում եղել է Առավոտյան ժամերգության մի մասը։ Ուղղված է Սուրբ Հոգուն և խորհրդանշում է Հիսուսի Հարությունը և աշակերտներին երևալր։ Կատարվում է արևածագին։ Ժամերգությունը հաստատվել է Եզր Ա Փառաժնակերտցու կողմից։ 12-րդ դարում Արևագալի ժամերգությունը հարստացվել է Ներսես Շնորհալի կաթողիկոսի շնորհիվ։

Ճաշու Գ ժամի Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղված է Սուրբ Հոգուն և խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումն ու Քրիստոսով դատապարտումից ազատվելը, ինչպես նաև հիշատակում է Քրիստոսի չարչարանքի։ Կատարվում է ժամը 9-ին։

Ճաշու Զ ժամի Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս Ժամերգությունն ուղղված է Հայր Աստծուն, խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Կատարվում է ժամը 12-ին։ Ժամերգության ընթացքում հավատացյալներն Աստծուց խնդրում են օգնություն իրենց մարդկային տկար բնության համար։

Ճաշու Թ ժամի Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղված է Որդի Աստծուն և խորհրդանշում է Քրիստոսի մահը, որով մարդկությունն ազատվեց դժոխքի իշխանությունից։ Կատարվում է ժամը 15-ին։

Երեկոյան Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղված է Որդի Աստծուն, խորհրդանշում է Քրիստոսի թաղումը, կատարվում է մայրամուտից առաջ։ Հավատացյալները խնդրում են Աստծուն, որ իրենց պարգևի խաղաղ գիշեր և բարի քուն։

Խաղաղական Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղված է Հոգի Աստծուն և խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը։ Կատարվում է մայրամուտից հետո։ Աղոթքներում խնդրվում է Աստծուն՝ անդորրություն և խաղաղություն պարգևել մարդու հոգուն։

Հանգստյան Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում այս Ժամերգությունը նախորդի շարունակությունն է եղել, ուղղված է Հայր Աստծուն։ Ժամերգությունը կատարվել է քնելուց առաջ։

Վանքերում այս 9 Ժամերգությունները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին։ Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային կամ Առավոտյան Ժամերգությունները՝ առավոտյան, և Երեկոյան Ժամերգությունը՝ երեկոյան։ Մեծ պահքի օրերին կատարվում են նաև մյուս Ժամերգությունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաղաքիա Օրմանյան, Ծիսագիտութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, Երուսաղեմ, 1977։
  • Ն. Պողարյան, Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990։
  • Քրիստոնյա Հայաստան հանր. Ե. 2002։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277