Jump to content

Հուրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հուրոններ
Ընդհանուր քանակ

21.000

Բնակեցում
Կանադա Կանադա 3.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 5.900
Լեզու(ներ)
հուրոներեն, անգլերեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
քրիստոնյաներ, այլ հավատքներ

Հուրոններ, վայանդոտներ (անգլ.՝ Huron or Wyandot people), հնդկացիական երբեմնի հզոր ցեղախումբ Հյուսիսային Ամերիկայում։ Հուրոնների լեզուն (ներկայումս` մեռած լեզու) պատկանել է իրոկեզյան խմբին։

Վաղ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ մինչ եվրոպացիների ներխուժումը Ամերիկա հուրոնների թիվը կազմել է մոտ 40.000 մարդ։ Հուրոններն իրենց անվանել են վայանդոտ (wendat), որ նշանակում է թերակղզու բնակիչներ։ «Հուրոն» անվանումը նրանց տվել են ֆրանսիացիները գանգուր (hure) մազերի համար։

17-րդ դարում հուրոնները զբաղեցնում էին Էրի լճից հյուսիս ընկած հատվածը` Հուրոն լճի արևելյան ափից մինչև Սիմկո լիճը։ Նրանք իրենց երկիրն անվանում էին «Վենդակե»[1]։ Հուրոնները հինգ ցեղերի միավորումով կազմված ցեղախումբ էր։ Նրանց շրջանում միսիոներական գործունեություն են ծավալել ֆրանցիսկյանները, իսկ 1623 թվականից` նաև ճիզվիտները։

17-րդ դարի սկզբից զբաղվել են մորթու մշակմամբ` դառնալով ալգոնկինների և մորթու առևտրով զբաղվող ֆրանսիացի առևտրականների միջնորդ։ Համաճարակները կրճատել են հուրոնների թվաքանակը մինչև 10.000-ի, իսկ թշնամի ցեղախմբերի հարձակումները ոչնչացրել են հուրոնների այն խմբերը, որոնք որոշել էին լքել իրենց պատմական տարածքը։

17-րդ դարի վերջին հուրոնների մեծ մասը մահացել է իրոկեզների դեմ պատերազմների արդյունքում։ Ճիզվիտներին հաջողվել է հուրոնների մի խմբի տեղափոխել Քվեբեկի շրջակայք, որտեղ էլ նրանք պահպանվել են։ 1881 թվականին նրանց թիվը կազմում էր 280 մարդ։

Լորետյան հուրոնները երկար ժամանակ պահպանում էին իրենց ավանդույթները` ապրելով երկար տներում և զբաղվելով հողագործությամբ և անասնապահությամբ։ Զարգացրել են նաև կաշեգործությունը։ Մինչև 19-րդ դարի վերջը հուրոնները պահպանել են սեզոնային որսի իրենց ավանդույթը, իսկ հողագործությունը աստիճանաբար հետ է մղվել` փոխարինելով արդյունաբերական աշխատանքին։

Հուրոնի կացին

Հուրոնների ավանդական մշակույթի առանձնահատկությունները բնորոշ են Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքի հնդկացիների մշակույթին։ Նրանց հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունը և ձկնորսությունը։ Մսի հիմնական աղբյուրը եել են շները։ Հուրոնները այլ ցեղերի հետ առևտրական կապերի մեջ են եղել։

Հուրոնները ապրել են բավական մեծ, ամրացված բնակավայրերում, որոնք ունեցել են 3000-6000 բնակիչներ։ Ամրությունները եղել են փայտից պատեր` 5-12 մ բարձրությամբ։ Տները եղել են երկար` մինչև 60 մ երկարությամբ, 12 մ լայնությամբ և մինչև 8 մ բարձրությամբ։ Տների կառուցվածքը բնորոշ է եղել հյուսիսային Վուդլենդի տների կառուցվածքին. հիմքը եղել է փայտից` ծածկված փշատերև ծառերի կեղևի շեղջով, իսկ տանիքը ձևավորել են թեք գերաններով` տանը տալով կիսագլանաձև տեսք։

Հուրոնների խումբ Քվեբեկում, 1880

Տան առանցքի շուրջ լինում էր ազատ տարածություն տեղաշարժվելու համար, իսկ եզրերին` առանձին սենյակներ։ Ամեն ընտանիք զբաղեցնում էր մեկ սենյակ։ Ամեն երկու տանը բաժին էր հասնում ընդհանուր մեծ օջախ։ Ամենամեծ տներն ունեցել են մինչև 20 սենյակ։ Տների ներսում եղել են փայտից տակառներ ցորենն ու չոր փայտը պահելու համար։ Տները դասավորված են եղել հավասար շարքերով, որ առանձնացել են լայն փոոցներով, ինչը մեծ հրդեհներից խուսափելու լրացուցիչ հնարավորություն է ստեղծել։ Ամեն բնակավայրում, որպես կանոն, եղել է չափերով շատ մեծ մեկ տուն։

Հուրոնները դավանել են անիմիզմ, հավատացել են հոգիներին և շամաններին։ Գլխավոր տոնը մահացածների հիշատակի օրն է եղել, որ նշվել է 8-12 տարին մեկ անգամ։ Տոնակատարության ժամանակ նախնիների ոսկորները վերաթաղվել են մեկ ընդհանուր գերեզմանում։

Վերապրած հուրոնների մեծ մասը, որ հայտնի է «վայանդոտներ» անվանումով, ձուլվել է ազգակից ցեղերին և հաստատվել Օհայո գետի ափերին։ Անկախության պատերազմի ժամանակ կռվել են բրիտանացիների կողմից։ 1832 թվականին մոտ 687 վայանդոտ տեղափոխվել է Կանզաս, որտեղ 1855 թվականին ստացել է քաղաքացիական իրավունք։

Ներկայումս ԱՄՆ-ում և Կանադայում հաշվվում է մոտ 8.000 հուրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Huron History». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Parkman, «The Jesuits in North America» (1867).
  • Clarke, Peter Dooyentate. Origin and Traditional History of the Wyandotts, and Sketches of Other Indian Tribes of North America, True Traditional Stories of Tecumseh and His League, Global Language Press, 2006. Reprint of 1870 history written by a Wyandot. ISBN 0-9738924-9-8
  • Trigger, Bruce G. The Huron: Farmers of the North, New York: Holt, 1969. ISBN 0-03-079550-8.
  • «Սև փարաջա» (Black Robe) - ռեժ. Բրյուս Բերեսֆորդ (Կանադա, 1991)
  • «Վերջին մոհիկանը» (The Last of the Mohicans) - ռեժ. Մայքլ Մանն (ԱՄՆ, 1992)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]