Հովհաննես Մոսոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մոսոյան
Ծնվել է1920
ԾննդավայրԱզատան, Ալեքսանդրապոլի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Հովհաննես Հակոբի Մոսոյան (1920, Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մոսոյանը ծնվել է 1920 թվականին, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ 1939 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Լենինականի երկամյա մանկավարժական ինստիտուտը[1]։

Մոսոյանը 1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Արևմտյան հատուկ ռազմական օկրուգի տանկային զորամասում։ Ավարտել է գնդի սերժանտական դպրոցը և ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Մոսոյանը 1941 թվականի հունիսի 22-ին արևմտյան սահմանի վրա է ստացել առաջին մարտական մկրտությունը։ 1942 թվականի հունիսին 85-րդ հատուկ տանկային բրիգադի կազմում մասնակցել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատի մարտական գործողություններին, Ստալինգրադի պաշտպանությանը, ապա՝ մեր զորքերի՝ հարձակողական գործողություններին։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասում մղված մարտերին, որտեղ վիրավորվել է։ Հոսպիտալում ապաքինվելուց հետո վերադարձել է իր զորամաս և կռվել Ղրիմի ազատագրման համար։ 1944 թվականի հունվարին վիրավորվել է և, որպես Հայրենական պատերազմի հաշմանդամ, զորացրվել է բանակից։ Ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ռազմաճակատում ցուցաբերած արիության ու խիզախության համար Մոսոյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Խիզախության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար» և այլ մեդալներով[1]։

Ավարտել է Լենինականի երկամյա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, աշխատել Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում, 1947-1964 թվականներին եղել է Ախուրյանի շրջանի Բենիամին գյուղի դպրոցի տնօրեն։ 1964 թվականից եղել է Ազատանի միջնակարգ դպրոցի ուսմասվար։ 1949 թվականին, միաժամանակ, սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]