Հերշել Գրինշպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերշել Գրինշպան
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1921(1921-03-28)[1]
ԾննդավայրՀաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[2]
Մահացել է1944[2]
Քաղաքացիություն Լեհաստան
 Herschel Grynszpan Վիքիպահեստում

Հերշել (Հերման) Ֆայբել Գրինշպան (գերմ.՝ Herschel (Hermann) Feibel Grynszpan[3], մարտի 28, 1921(1921-03-28)[1], Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[2] - 1944[2]), Վայմարյան հանրապետությունում ծնված լեհաստանցի հրեա։ Նացիստական Գերմանիայում հեռանկարի բացակայության պատճառով 1936 թվականին արտագաղթել է Բելգիա, որտեղից էլ մեկնել է Ֆրանսիա։ 1938 թվականի հոկտեմբերի վերջին նրա ծնողները Լեհաստանի տասնյակ հազարավոր այլ հրեաների հետ միասին անմարդկային պայմաններում բռնի տեղափոխվել են Լեհաստան[4]։ Իր ընտանիքի անդամների և մյուս հարազատների ու ընկերների ստորացման և նրանց հետ դաժան վարվելու համար վրեժ լուծելու նպատակով Գրինշպանը նոյեմբերի 7-ին Փարիզում մահափորձ է կատարել գերմանացի դիվանագետ Էռնստ ֆոմ Ռաթի դեմ, որն ստացված վերքերի պատճառով երկու օր անց մահացել է։ Նացիստական վարչակարգն օգտագործել է այդ մահափորձը[5], որպեսզի «Վրեժ ֆոմ Ռաթի մահվան համար» կարգախոսով անցկացնի հրեական համայնքի զանգվածային կոտորած, որը հայտնի է դարձել «Բյուրեղապակյա գիշեր» անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերշել Գրինշպանը ծնվել է դերձակ Զենդել Գրինշպանի և Ռիֆկա Գրինշպանի (օրիորդական ազգանունը՝ Զիլբերբերգ) լեհ-հրեական ընտանիքում, որոնք 1911 թվականի ապրիլին Լեհական թագավորությունից տեղափոխվել են Հաննովեր, որտեղ բնակություն են հաստատել Բուրգշտրասե 36 հասցեում։ 1916 թվականի հունվարի 31-ին ծնվել է նրանց դուստրը՝ Էսթեր Բեյլեն (Բերտա), 1919 թվականի օգոստոսի 29-ին՝ որդին՝ Մարկը, 1921 թվականի մարտի 28-ին երկրորդ որդին՝ Հերշելը (Հերման), որն ստացել է լեհական քաղաքացիություն։ Մինչև 1935 թվականը Հերշելը հաճախել է ութամյա դպրոց, բայց չի ավարտել այն[6]։ Եղել է «Միզրախի» սիոնիստական խմբի և «Բար Կոխբա» մարզական ակումբի անդամ։ Ըստ ուսուցիչների խոսքերի՝ նա օժտված է եղել բացառիկ ինտելեկտով, սակայն աչքի չի ընկել աշխատասիրությամբ։ Իր ընտանիք ու Հաննովերի հրեական համայնքի աջակցությամբ Գրինշպանն ընդունվել է Ֆրանկֆուրտի եշիվա, որը տեղակայված էր Խրիստգրասե նրբանցքում։ Այնտեղ Հերշելն ի թիվս ալյոց սովորել է նաև եբրայերեն[7], սակայն տասնմեկ ամիս անց հեռացել է այդտեղից։ Մինչ այդ Գերմանիայում հրեաների դեմ ուղղված խտրականություններն ստացել էին կոնկրետ արտահայտություններ (հրեաների բոյկոտ, օրենք պրոֆեսիոնալ աստիճանավորների վերականգնման մասին, օրենք ընդդեմ գերմանական դպրոցների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների գերծանրաբեռնվածության և այլ հակասեմական օրենքներ), ինչի պատճառով Գրինշպանը չի կարողացել ոչ աշխատանք գտնել, ոչ էլ կրթությունը շարունակելու հնարավորություն։ Նա դիմում է ներկայացրել Պաղեստին գնալու համար, սակայն բրիտանական իշխանությունները մերժել են նրան անչափահաս լինելու պատճառով և առաջարկել են նորից դիմել մեկ տարի անց։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսին 15-ամյա Գրինշպանն իր ունեցած փաստաթղթերով՝ լեհական անձնագիր և Գերմանիա մեկնելու վիզա, ր վավեր էր մինչև 1937 թվականի ապրիլի 1-ը, ուղևորվել է Բրյուսել՝ իր հորեղբոր՝ Վոլֆ Գրինշպանի մոտ՝ նպատակ ունենալով այնտեղ սպասել Պաղեստին մեկնելու թույլտվություն ստանալուն։ Քանի որ Գրինշպանն իրավունք ուներ իր հետ տանել միայն սահմանափակ գումար՝ 10 ռայխսմարկ, հորեղբայրը նրան դիմավորել է բավական սառը, ինչից հետո Հերշելն ընդունել է Փարիզում բնակվող իր մյուս հորեղբոր՝ Ավրաամ Գրինշպանի առաջարկը՝ մեկնել իր մոտ։ Սեպտեմբերին Վոլֆ Գրինշպանի ընկերները, որոնք կասկածում էին, թե հնարավոր չի լինի մեկնելու պաշտոնական թույլտվության ստանալ, Հերշելին գաղտնի անցկացնում են սահմանը։ Վերջինս Փարիզ է հասնում որովայնի շրջանում ունեցած ցավերից և հաճախակի սրտխառնոցներից տանջվելով։ Գրինպանի վիճակը վատացել է նրա թուլակազմության պատճառով. նրա հասակը կազմել է 1,54 մ, քաշը՝ 45 կգ։

Լինելով ուղղափառ հուդայական՝ Գրինշպանը Փարիզում պարբերաբար ներկա է գտնվել ժամերգությունների։ Հորեղբոր ընտանիքի շրջապատում նույնպես գերակշռել են հրեաները։ Նրանց հաղորդակցման հիմնական լեզուն եղել է իդիշը, սակայն նրանց խոսել են նաև գերմաներեն։ Հերշելը հազվադեպ օգնել է հորեղբորը, սակայն մշտական զբաղմունք չի ունեցել։ Նա հանդիպել է ընկերների հետ, հաճախ գնացել է կինո և այցելել այնպիսի վայրեր, որտեղ հավաքվում էին համասեռամոլները[8]։

Երկու տարի Գրինշպանն անհաջող կերպով փորձել է ստանալ Ֆրանսիայում բնակվելու թույլտվություն։ Իսկ երբ նա ցանկացել է վերադառնալ ընտանիքի մոտ, Հաննովերի ոստիկանության պետը մերժել է նրան՝ հայտարարելով, որ նրա փաստաթղթերը կարգին չեն (նրա լեհական անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել էր 1938 թվականի հունվարի վերջին)։ Օգոստոսին Գրինշպանն ստացել է ծանուցում մինչև ամսի 15-ը Ֆրանսիայից հեռանալու վերաբերյալ, սակայն հորեղբայրը նրան թաքցրել է փարիզյան տներից մեկի ձեղնահարկում։ Այդպես Գրինշպանի դրությունը դարձել է անելանելի. նա չուներ աշխատանք, գտնվում էր հետախուզության մեջ և ստիպված էր թաքնվել։

Լեհաստանի հերաների վտարումը Նյուրնբերգից 1938 թվականի հոկտեմբերին

Այդ ժամանակ Գրինշպանի ընտանիքը (որի անդամները դեռևս շարունակում էին Լեհաստանի քաղաքացի, թեև արդեն ավելի քան 20 տարի բնակվում էին Գերմանիայում) ձերբակալվել է հոկտեմբերի 28-29-ին անցկացված Գերմանիայից լեհաստանցի հրեաների վտարման համապետական ակցիայի շրջանակներում, որի ընթացքում տեղահանվել է շուրջ 17000 մարդ։ Բոլոր ձերբակալվածները բռնի կերպով անցկացվել են գերմանա-լեհական սահմանը Զբոնշին ավանի մոտակայքում։ Սակայն Լեհաստանն իր տարածք թողել է միայն շուրջ 4000 մարդ, իսկ մյուսներն ստիպված են եղել մնալ չեզոք տարածքում՝ բաց երկնքի տակ՝ լինելով բոլորովին անօգնական։ Ստեղծված իրավիճակն ստացել է միջազգային արձագանք՝ լուսաբանվելով նաև փարիզյան մամուլում[9]։ Գրինշպանների ընտանիքը կարողացել է ստանալ երկիր մտնելու թույլտվություն, ինչից հետո Գրինշպանի քույրը բացիկ է ուղարկել նրան, որ նա ստացել է նոյեմբերի 3-ին։

Սիրելի՛ Հերման,
Դու լսել ես մեր մեծ դժբախտության մասին։ Ես մանրամասն կպատմեմ քեզ, թե ինչպես է դա պատահել։ ....Հինգշաբթի երեկոյան մեզ մոտ եկան զիպոյից և ասացին, որ մենք պետք է գնանք ոստիկանություն և վերցնենք մեզ հետ անձնագրերը։ Այնպես, ինչպես կայինք, մենք նրանց հետ միասին գնացինք ոստիկանություն։ Այնտեղ արդեն հավաքված էր մեր ամբողջ շրջանը։
Այնտեղից մեզ բոլորիս ոստիկանական մեքենայով տարան հյուրանոց։ ....Թեև մեզ չասացին, թե ինչ է պատահել, բայց մենք տեսնում էինք, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Մեզնից նրանք, որոնք անձնագիր ուներ ձեռքում, պետք է հեռանային երկրից մինչև ամսի 29-ը։ Մեզ այլևս թույլ չտվեցին վերադառնալ տուն։ Ես խնդրեցի, որ ինձ թույլ տան գնալ տուն, որ վերցնեմ գոնե ինչ-որ բան իրերից։ Հետո ես գնացի զիպոյի հետ ու ճամպրուկի մեջ դրեցի հագուստից անհրաժեշտ իրերը։ Դա այն ամենն է, ինչ ես փրկեցի։ Մենք գրոշ անգամ չունենք։ [Հաջորդ նախադասությունը ջնջված է. «Չե՞ք կարող արդյոք դուք հորեղբոր հետ ուղարկել ինչ-որ բան Լոձ»։]
Բարևներ և համբույրներ բոլորից։
Բերտա[10]

Էռնստ ֆոմ Ռաթի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերշել Գրինշպանն իր ձերբակալությունից հետո

Քրոջից բացիկն ստանալուց հետո՝ նոյեմբերի 4-ին, Գրինշպանը իդիշով հրատարակվող փարիզյան Haynt (Journée Parisienne) թերթում կարդացել է հրեաների արտաքսման դրամատիկական մանրամասները։ Դա նրան դրդել է ավելի շատ հոգատարություն ցուցաբերել ընտանիքի նկատմամբ։ Նոյեմբերի 6-ին նա հորեղբորը խնդրել է անմիջապես փող ուղարկել իր ընտանիքին։ Ավրաամը տատանվել է, և նրանք վիճել են, ինչից հետո Հերշելը հեռացել է հորեղբոր ընտանիքից՝ վերցնելով իր խնայողությունները։

Գրինշպանը գիշերել է էժանագին հյուրանոցում և ծնողներին գրել հրաժեշտի նամակ, որը խոթել է գրպանը։ Նոյեմբերի 7-ին նա զենքի խանութից գնել է ատրճանակ[11] 235 ֆրանկով, ինչից հետո ուղևորվել է Գերմանիայի դեսպանատուն և խնդրել կանչել դեսպանատան քարտուղարին։ Նրան իր աշխատասենյակում ընդունել է դեսպանատան քարտուղար ֆոմ Ռաթը՝ այդ ժամանակ հերթապահող երկու աշխատակիցներից ավելի ցածր պաշտոն զբաղեցնողը, ընդ որում՝ նա Հերշելին ընդունել է առանց պաշտոնական գրանցման և առանց վկաների (պատմաբան Հանս Յուրգեն Դյոշերը դրանից եզրակացրել է, որ Ռաթն ու Գրինշպանը ծանոթ են եղել)[12]։ Գրինշպանը միանգամից կրակել է ֆոմ Ռաթի վրա հինգ անգամ (ստացած վերքերից վերջինս մահացել է երկու օր անց)։ Ֆրանսիական ոստիկանության արձանագրության համաձայն՝ Գրինշպանը վիրավորել է Ռաթին՝ նրան անվանելով «un sale boche» («կեղտոտ բոշե») և գոռացել է, թե ինքը գործում է հանուն 12000 հետապնդվող հրեաների։ Նման կերպ է նա արտահայտվել նաև իր գրպանում գտնված նամակում. «Իմ սիրտն արյուն լցվեց, երբ իմացա ձեր ճակատագրի մասին, և ես պետք է բողոքեմ այնպես, որ այդ մասին իմանա ամբողջ աշխարհը»։ Գրինշպանը, չփորձելով փախչել, ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից և տեղավորվել անչափահասների Ֆրեն բանտում, որ տեղակայված էր Փարիզի մոտ։

Էռնստ ֆոմ Ռաթը, որ ծնվել էր 1909 թվականին, սովորել էր իրավագիտություն և 1932 թվականի գարնանը հանձնել իր առաջին պետական քննությունը, ինչից հետո անցել ստաժավորում։ 1932 թվականին ընդունվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, իսկ 1933 թվականի ապրիլին՝ ՍԱ։ 1934 թվականին ընդունվել է ծառայության Գերմանիայի արտաքին գործերի կայսերական նախարարությունում։ Մեկամյա նախապատրաստական պրակտիկան անցկացրել է Փարիզում որպես իր քեռու՝ Ֆրանսիայում Գերմանիայի դեսպան Ռոլանդ Կյոստերի անձնական քարտուղար։ 1936 թվականի հունիսին Ռաթն անցել է դիվանագիտական-հյուպատոսական ատեստացիա Բեռլինում։ Դրանից հետո նա մի տարի անցկացրել է Կալկուտայի գերմանական դեսպանատանը, սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Գերմանիա։ Ֆոմ Ռաթն ասել է, որ դա եղել է ամեոբային դիզենտերիայի ծանր ձև[13]։ Սակայն ըստ նրա բուժող բժիշկների՝ նա տառապել է ռեկտալային սուսանակից, որ ձեռք էր բերել հոմոսեքսուալ սեռական ակտի արդյունքում։ Այդ հիվանդությունը բուժելու համար նա Բեռլինում դիմել է հրեա բժիշկների՝ հավանաբար ցանկանալով նվազեցնել լուրերի տարածման հավանականությունը[14]։ 1938 թվականի հուլիսի 13-ից Ռաթը նորից ծառայել է Փարիզում Գերմանիայի դեսպանատանը, իսկ հոկտեմբերի 18-ին նշանակվել է առաքելության քարտուղար։

Մահափորձի հետևանքները Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական լուսավորության և պրոպագանդայի ռայխսնախարար Յոզեֆ Գեբելսի հրամանով ֆոմ Ռաթի վրա կատարված մահափորձի մասին հոդվածներն աչքի զարնող խորագրերով տպագրվել են բոլոր թերթերում և դարձել դրդապատճառ աննախադեպ մասշտաբներով հրեակնա կոտորածի համար, որը հայտնի է որպես «Բյուրեղապակյա գիշեր»։ Նոյեմբերի 9-ի երեկոյան՝ ֆոմ Ռաթի մահվան մասին հայտնի դառնալուց մի քանի ժամ հետո, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը և ՍԱ-ն նախապատրաստել և համաձայնեցրել են ակցիաներ ընդդեմ հրեական բնակչության ու նրա ունեցվածքի. քաղաքացիական հագուստով ՍԱ գրոհայիններն ու Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամները դուրս են եկել փողոց՝ զինված մահակներով, դանակներով, դաշույններով, ատրճանակներով, կացիններով, մուրճերով և լինգերով։ Նրանք ներխուժել են սինագոգներ, հրդեհել դրանք, ջարդել հրեական հանութների ցուցափեղկերը, թալանել ու ավերել դրանք։ Նման վերաբերմունքի են արժանացել նաև հրեաների տները։ Եթե նրանց դիմադրություն են ցույց տվել, ապա նրանք ջարդել են դռներն ու ոչնչացրել տանտերերի ունեցվածքը։ Գտնված փողը, խնայողական գրքույկներն ու արժեքավոր թղթերը կողոպտիչները տարել են իրենց հետ։ Հրեաները, այդ թվում նաև կանայք ու երեխաները, ենթարկվել են ստորացումների ու ծաղրանքների։

Ընդհանուր առմամբ ավերվել ու հրդեհվել է 267 սինագոգ և հրեաներին պատկանող 815 խանութ ու ձեռնարկություն։ 36 մարդ զոհվել է, 20 հազար հրեա՝ ձերբակալվել։ Ընդհանուր վնասը կազմել է 25 մլն ռայխսմարկ, որից 5 միլիոնը եղել է ջարդված ցուցափեղկերի գինը (դրանով էլ պայմանավորված է անվանումը՝ «Բյուրեղապակյա գիշեր»)[15]։ Կոտորածի զոհերի նմատմամբ ծաղրանքի լրացուցիչ ակտ է դարձել նոյեմբերի 12-ին հրապարակված «Մեղքը քավելու մասին որոշումը», ինչպես նաև հրեա բնակչության վրա դրված մեկ միլիարդ ռայխսմարկի չափով ռազմատուգանքը։

Քրեական հետապնդում Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինշպանի ձերբակալությունից անմիջապես հետո ֆրանսիացի քննիչ Տեսնիեն նրան ներկայացրել է մահափորձ կատարելու մեղադրանք, որը նոյեմբերի 9-ին Ռաթի մահվանից հետո վերաորակավորվել է որպես սպանության մեղադրանք։

Մահափորձը քննադատվել է ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ Ֆրանսիայի հրեական բնակչության մեծ մասի կողմից, որոնք մեծ մասամբ զգուշացել են, որ նացիտները դա կարող են օգտագործել որպես վրեժի առիթ, ինչպես և եղել է[16]։ Դրանից բացի, հրեական համայնքն առաջ է քաշել Գրինշպանի անմեղսունակության գաղափարը։ Այդ տեսակետը գոյություն է ունեցել բավական երկար ժամանակ, օրինակ՝ դրա մասին գրել է Հաննա Արենդտն իր «Չարի տափակությունը. Այքմանը Երուսաղեմում» գրքում, որը լույս է տեսել 1963 թվականին։

Դատավարությանը մասնակցել է նաև գերմանական կողմը։ Գեբելսը որոշել է դատավարությունը վերածել պրոպագանդիստական պայքարի հանուն Գերմանիայի։ Նախատեսվել է նրա ընթացքում ապացուցել, որ սպանությունը դարձել է համաշխարհային հերական դավադրության արդյունք, որը նպատակ է հետապնդում ստրկացնել Գերմանիան, իսկ նացիստական հակասեմական քաղաքականությունը (այդ թվում նաև «Բյուրեղապակյա գիշերը») թելադրվել է ամբողջ աշխարհը հրեական վտանգից պաշտպանելու անհրաժեշտությամբ, որի մասն է նաև Գրինշպանը։

Արդեն նոյեմբերի 8-ին Գեբելսը կայսերական իրավաբանական խորհրդատու և պրոպագանդայի հարցերով մասնագետ Ֆրիդրիխ Գրիմին նշանակել է դատարանում Գերմանական կայսրության ներկայացուցիչ[17]։ Նոյեմբերի 11-ին Գեբելսն անցկացրել է դատավարության նախապատրաստման խմբի ժողով, որը գլխավորել է կառավարական պաշտոնյա Վոլֆգանգ Դիվերգը։ Խմբի կազմում ընդգրկվել են Գրիմը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչները։ Գրիմը կարծիք է հայտնել, որ Գրինշպանին իրենց հանձնելն սպասել անիմաստ է, և գործի դատավարությունը տեղի կունենա Ֆրանսիայում։ Ժողովի ընթացքում որոշվել է, որ Գրիմը պետք է ազդի ֆոմ Ռաթի ծնողների ու եղբոր լրացուցիչ հայտի բավարարման վրա։ Սակայն դա հնարավոր է եղել միայն ֆրանսիացի իրավաբանների հետ համատեղ, որոնց ընտրությունը նույնպես հանձնարարվել է Գրիմին։

Գրիմն անմիջապես ուղևորվել է Փարիզ։ Այնտեղ նա իմացել է, որ Գրինշպանի փաստաբան Վենսան դե Մորո Ժաֆերին, որ հակասեմականության դեմ պայքարող միջազգային լիգայից էր, պատրաստվում է դատավարությանը կանչել Գրինշպանի ծնողներին, որպեսզի նրանք ցուցմունք տան հակասեմական ակցիաների մասին։ Գրիմը դիմել է Լեհաստանի իշխանություններին, և նրանք, որ իրենք էլ հակասեմական տրամադրվածություն ունեին, արգելել են Գրինշպանի ծնողներին մեկնումը երկրից։ Դատավարության նախապատրաստման ընթացքում Գրիմը մշտապես ուղևորություններ է կատարել Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև։

Դատավարության սկիզբը երկար ժամանակ հետաձգվել է, իսկ երբ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժել է Լեհաստան, Գրինշպանի գործողություններն սկսել են դիտարկվել այլ տեսանկյունից։ Ֆրանսիական հասարակության վերաբերմունքի փոփոխության պատճառով գործն սկսել է հակվել դեպի Գրինշպանի արդարացումը։ Ընդ որում, քանի որ սեպտեմբերի 3-ից Գերմանիան ու Ֆրանսիան գտնվում էին պատերազմի մեջ, գերմանական կողմը չի կարողացել մասնակցել դատավարությանը։ Սակայն Գրիմը որոշել է ազդել դատավարության վրա չեզոք երկրներից։ Այդ խնդրի իրականացման համար նա մի քանի ամիս անցկացրել է Բեռնում Գերմանիայի դեսպանատանը՝ ֆրանսիական հետաքննական մարմինների հետ հաղորդակցվելով շվեյցարացի փաստաբան Գինանի միջոցով, ինչպես նաև նշանակվել է Գերմանական կայսրության գլխավոր հյուպատոս։ Չնայած պատերազմական դրությանը՝ Գրիմին հաջողվել է Բեռնում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսից ստանալ վիզա Գինանի համար, որպեսզի նա մասնակցի կայանալիք դատավարությանը որպես Գերմանական կայսրության ներկայացուցիչ։ Փարիզում Գինանը հանդիպել է արդարադատության նախարար Ժորժ Բոնեի հետ, ինչի արդյունքում դատավարությունը դադարեցել է, բայց Գրինշպանը մնացել է բանտում[18]։

Հանձնում Գերմանիային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինշպանը, չնայած իր տարիքին, առանց դատի բանտում անցկացրել է 20 ամիս՝ ընդհուպ մինչև Գերմանիայի հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ։ Նա խնդրել է իրեն ֆրանսիական բանակի կազմում ուղարկել պատերազմ, բայց մերժում է ստացել։ 1940 թվականի հունիսի 18-ին իր աշխատակազմի հետ Փարիզ է ժամանել Հելմուտ Կնոխենը, որ նշանակվել էր ՍԴ և անվտանգության ոստիկանության ղեկավար Փարիզում, իսկ հաջորդ օրը ժամանել է Ֆրանսիայում նացիստական Գերմանիայի ապագա դեսպան Օտտո Աբեցը, որի աշխատակազմի կազմում էր Գրիմը։ Նույն օրը Գրիմը հանդիպել է Փարիզի գաղտնի դաշտային ոստիկանության ղեկավար, շտուրմբանֆյուրեր Կառլ Բյոմելբուրգի հետ, ինչից հետո Գրինշպանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում[19], իսկ Գրիմը հայտնել է արտաքին գործերի նախարարությանը, որ Գրինշպանն «ապօրինաբար» ազատ է արձակվել բանտից։ Բռնագրավվել է Գրինշպանի դատական գործը, իսկ նրա հետ կապված հրեական բոլոր կազմակերպություններում և իրավաբանական ընկերություններում անցկացվել են խուզարկություններ, այդ թվում նաև դը Մորո Ժաֆերիի մոտ[20]։

Իրականում Գրինշպանըն այլ կալանավորների հետ միասին ուղարկվել էր երկրի հարավ, որը դեռ չէր գրավվել գերմանացիների կողմից, իսկ անձնակազմի ռմբակոծումից հետո մյուս կալանավորների հետ միասին հայտնվել է ազատության մեջ։ Չունենալով բավարար միջոցներ և լեզվի իմացություն՝ Գրինշպանը չի թաքնվել, այլ ընդհակառակը՝ դիմել է ֆրանսիական իշխանություններին, ինչից հետո բանտարկվել է Բուրժեում, որտեղ նրա հետ հանդիպել է դատախազը, ապա տեղափոխվել է Թուլուզ։

Գրիմը կարողացել է գտնել Գրինշպանին հարավային Ֆրանսիայում և երկրի արդարադատության նախարարին խնդրել է հանձնել նրան[21]։ Միաժամանակ նույն խնդրանքով հաշտության հանձնաժողովին է դիմել արտաքին գործերի նախարարը։ Հուլիսի 18-ին ֆրանսիացիները Գրինշպանին փոխանցել են գերմանացիներին ազատ և օկուպացված տարածքների սահմանին, ինչից հետո նա ուղարկվել է գեստապոյի բեռլինյան բանտ Պրինց-Ալբրեխտշտրասե 8 հասցեում։ Այդ հանձնումը եղել է հաշտության մասին պայմանագրի և միջազգային իրավունքի նորմերի խախտում, քանի որ Գրինշպանը Գերմանիայի քաղաքացի չէր, իսկ հանցագործությունը կատարվել էր գերմանացիների՝ Ֆրանսիայի տարածք ներխուժելուց առաջ[22]։

Դրանից հետո սկսվել է ցուցադրական քաղաքական գործընթացի նախապատրաստում ըստ նացիստական օրինակի, որին մասնակցել են Ժողովրդական դատարանն ու պրոպագանդայի նախարարությունը Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ։ Նպատակ է դրվել ապացուցել Գերմանիայի ոչնչացմանն ուղղված և համաշխարհային պատերազմը հրահրած «հրեական համաշխարհային դավադրության» գոյությունը։ Գործընթացի գլխավոր կազմակերպիչները եղել են Գրիմն ու Դիվերգեն։ Սակայն գործը բարդացել է Գրինշպանի սպառնալիքների պատճառով, որն ասել է, թե կարող է ցուցմունք տալ Փարիզի համասեռամոլների միջավայրում ֆոմ Ռաթի ունեցած կապերի մասին[23]։ Դրանով իսկ նացիստների ռազմավարությունը ձախողվել է, քանի որ նրանք վախենում էին, թե Գրինշխանը կարող է ցուցմունք տալ ոչ միայն ֆոմ Ռաթի, այլև, հնարավոր է, Փարիզում ապրող այլ նացիստների մասին։ Դրանից բացի, կարող էր ենթադրվել, որ Գրինշպանը կարող է օգտագործել իր փարիզյան փաստաբանի պաշտպանական տակտիկան, ինչպես նաև նա կարող էր կասկածի տակ դնել իր հանձնման օրինականությունը[23]։ Արդյունքում դատավարության նախապատրաստումը Հիտլերի հրամանով դադարեցվել է 1942 թվականի հուլիսին։ Գրինշպանը նախ ուղարկվել է Զաքսենհաուզեն համակենտրոնացան ճամբար, իսկ սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է տաժանակիրների Մագդեբուրգ բանտ[24]։ Դա եղել է Գրինշպանի մասին վերջին հիշատակումը գերմանական փաստաթղթերում, նրա հետագա ճակատագիրն անհայտ է։ Սակայն կան տեղեկություններ, որ 1943 թվականի վերջից 1944 թվականի սկզբին Բեռլինում գեստապոյի գլխավոր մասնաշենքում նրան հարցաքննել է Ադոլֆ Այքմանը[25]։

Հերշել Գրինշպանի ծնողներն ու եղբայրը փրկվել են Հոլոքստից։ Լեհաստան վտարվելուց որոշ ժամանակ անց նրանք հայտնվել են Խորհրդային Միությունում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել են Իսրայել։ 1961 թվականին Գրինշպանի հայրն ու եղբայրը ելույթ են ունեցել Այքմանի դատավարության ժամանակ[6]։

1960 թվականի մայիսի 8-ին ԳՖՀ դատարանը Գրինշպանի ծնողների դիմումի համաձայն նրան պաշտոնապես ճանաչել է մահացած։ Նախքան այդ որոշ թերթեր[26] и историк Гельмут Хайбер[27] պնդում էին, թե Գրինպանը վերապրել է պատերազմն ու ուրիշի անունով ապրել Փարիզում։ 1981 թվականին, հերքելով Հայբերին, պատմաբան Ռոն Ռոյցենը հայտարարել է, որ Գրինշպանը մահացել է պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ[28]։

2016 թվականի դեկտեմբերին գերմանացի պատմաբան և լրագրող Արմին Ֆուրերը և ավստրիացի արխիվագետ Քրիստա Պրոկիշը հայտարարել են, որ 1946 թվականին արված և Վիեննայի Հրեական թանգարանի արխիվներում գտնված լուսանկարի մարդը Գրինշպանն է (լուսանկարն արվել է 1946 թվականի հուլիսի 3-ին Բամբերգի՝ տեղափոխված անձանց ճամբարում, երբ Հոլոքոստը վերապրածները ցույց են արել ընդդեմ բրիտանական իշխանությունների որոշման, որով իրենց թույլ չի տրվել մեկնել Պաղեստին։ Դրան հետևած դեմքերի համեմատման ուսումնասիրությունը ցույց է տվել 95 % նմանություն լուսանկարում պատկերված մարդու և Գրինշպանի միջև[29]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերշել Գրինշպանի անունը կարելի է գտնել այն հազարավոր անունների շարքում, որ փորագրվել են Հաննովերում հրեա քաղաքացիների վտարմանը նվիրված հուշարձանին, որտեղ նա նշված է որպես անհայտ կորած։ 2010 թվականի մարտի 22-ին Հաննովերի Հին քաղաքում գերմանացի մշակութային գործիչ Գյունտեր Դեմնիգը Գրինշպանների ընտանիքի վերջին բնակության վայրի տեղում դրել է «գայթաքարեր» ի հիշատակ Հերշել Գրինշպանի և նրա քրոջ՝ Էսթերի (Բուրգշտրասսե 36 հասցեում գտնված նրանց տունը չի պահպանվել, ներկայում այդ վայրում գտնվում է պատմության թանգարան)։

2013 թվականի սեպտեմբերի 9-ին կայացել է Գրինշպանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացումը, որ տեղադրված է պատմության թանգարանի շենքի պատին[30]։

Գրինշպանի կյանքն անգլիացի կոմպոզիտոր Մայքլ Տիպետին ոգեշնչել է գրելու A Child of Our Time օրատորան։

2007 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Ժոել Կալմետը նկարահանել է Livrez-nous Grynszpan վավերագրական ֆիլմը, որը 2008 թվականի հոկտեմբերի 29-ին ցուցադրվել է Arte ալիքով Das kurze, mutige Leben des Herschel Grünspan խորագրով[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118698656 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Հանդիպում է նաև Գրյունշպան (Grünspan) տարբերակը։
  4. Recollections of Rosalind Herzfled, Jewish Chronicle, 28 September 1979, p. 80; cited in Gilbert, The Holocaust—The Jewish Tragedy, London: William Collins Sons & Co. Ltd, 1986.
  5. «Euronews: «Хрустальная ночь» длиной в несколько лет». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 Mlynek, Klaus. Die «Reichskristallnacht». // Reichskristallnacht in Hannover. Eine Ausstellung zur 40. Wiederkehr des 9. November 1938. — Hannover, 1978. — S. 58.
  7. Kaul, Friedrich Karl. Der Fall des Herschel Grynszpan. S. 12.
  8. Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1. — S. 63ff.
  9. Massenaustreibungen polnischer Juden aus Deutschland. // Pariser Zeitung. — 29. Oktober 1938. — S. 1.
  10. Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. – 3. Auflage. – München: Econ, 2000. – ISBN 3-612-26753-1. – S. 60.
  11. Mlynek, Klaus. Die «Reichskristallnacht». // Reichskristallnacht in Hannover. Eine Ausstellung zur 40. Wiederkehr des 9. November 1938. — Hannover, 1978. — S. 59.
  12. Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1. — S. 69ff.
  13. Veltheim, Hans-Hasso von. Tagebücher aus Asien. Hamburg 1956. S. 94 f.
  14. Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1. — S. 69 f.
  15. Энциклопедия Третьего рейха / Сост. д-р ист. наук В. Телицын. — 2-е изд. — М.: Локид-Пресс; РИПОЛ Классик, 2004. — ISBN 5-320-00447-8; ISBN 5-7905-3721-9. — С. 429.
  16. Weinberg, David H. A community on trial: the jews of Paris in the 1930s. — Chicago University Press, 1977.
  17. Kaul, Friedrich Karl. Der Fall des Herschel Grynszpan. S. 45.
  18. Kaul, Friedrich Karl. Der Fall des Herschel Grynszpan. S. 107ff.
  19. Schwab, Gerald. The Day the Holocaust began. The Odyssey of Herschel Grynszpan. New York, 1990. P. 124f.
  20. Kaul, Friedrich Karl. Der Fall des Herschel Grynszpan. S. 59.
  21. Schwab, Gerald. The Day the Holocaust began. The Odyssey of Herschel Grynszpan. New York, 1990. P. 128.
  22. Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1. — S. 162.
  23. 23,0 23,1 Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1. — S. 165.
  24. Schwab, Gerald. The Day the Holocaust began. The Odyssey of Herschel Grynszpan. New York, 1990. P. 184.
  25. «Herschel Grynszpan» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  26. Grossmann, Kurt R. Herschel Gruenspan lebt! // Aufbau. — 10. Mai 1957. — S. 1 u. 5 f.
  27. Heiber, Helmut. Der Fall Grünspan. // Vierteljahrshefte für Zeitgeschichte. — 1957. — № 5. — S. 172
  28. Roizen R. Herschel Grynszpan: the Fate of A Forgotten Assassin(անգլ.) // Holocaust Genocide Studies. — 1986. — В. 2. — Т. 1. — С. 217-228. — ISSN 8756-6583. — doi:10.1093/hgs/1.2.217 Архивировано из первоисточника 21 Հունիսի 2014.
  29. «Photo mystery of Jewish assassin used by Nazis to justify Kristallnacht» (անգլերեն). The Guardian. 18 декабря 2016. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  30. «Am Historischen Museum. Neue Stadttafel enthüllt». // hannover.de — 9. September 2013(չաշխատող հղում)
  31. «Arte-Programmhinweis». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Döscher, Hans-Jürgen. «Reichskristallnacht». Die Novemberpogrome 1938. — 3. Auflage. — München: Econ, 2000. — ISBN 3-612-26753-1.
  • Jonca, Karl. Die Radikalisierung des Antisemitismus. Der Fall Herschel Grynszpan und die «Reichskristallnacht». // Deutschland zwischen Krieg und Frieden. Beiträge zur Politik und Kultur im 20. Jahrhundert. — Bonn: Bundeszentrale für politische Bildung, 1990. — ISBN 3-89331-091-6. — S. 43.
  • Kaul, Friedrich Karl. Der Fall des Herschel Grynszpan. — Berlin (Ost): Akademie-Verlag, 1965.
  • Marrus, Michael Robert. The Strange Story of Herschel Grynszpan. // The American Scholar. — Vol. 57. — № 1. — Winter 1987/1988. — ISSN 0003-0937. — S. 69-79.
  • Schwab, Gerald. The Day the Holocaust began. The Odyssey of Herschel Grynszpan. — New York: Praeger, 1990. — ISBN 0-275-93576-0.
  • Thalmann, Rita: Feinermann, Emanuel. Die Kristallnacht. — Hamburg: Europäischen Verlagsanstalt, 1993. — ISBN 3-434-46211-2.
  • Urner, Klaus. Der Schweizer Hitler-Attentäter. Drei Studien zum Widerstand und seinen Grenzbereichen: systemgebundener Widerstand, Einzeltäter und ihr Umfeld, Maurice Bavaud und Marcel Gerbohay. — Zürich: Buchclub Ex Libris, 1982. — S. 101—111.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերշել Գրինշպան» հոդվածին։