Հենրի Գանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Հենրի Գանթ
Henry L. Gantt, 1911.jpg
Ծնվել է մայիսի 20, 1861(1861-05-20)[1]
Քալվերտ շրջան, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է նոյեմբերի 23, 1919(1919-11-23)[1] (58 տարեկանում)
Montcuq
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գյուտարար և ճարտարագետ
Ալմա մատեր Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ և Ջոն Հոփկինսի համալսարան
Պարգևներ Henry Laurence Gantt Medal
Henry Gantt Վիքիպահեստում

Հենրի Լոուրենս Գանթ (անգլ.՝ Henry Laurence Gantt) (20 մայիսի, 1861 — 23 նոյեմբերի, 1919), «գիտական մենեջմենթի հոր»՝ Ֆրեդերիկ Թեյլորի գաղափարակից։ Գանթը ուսումնասիրել է մենեջմենթը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նավերի կառուցման օրինակի վրա և առաջարկել է իր դիագրամը, որը բաղկացած է բաժանումներից (առաջադրանքներից) և կետերից (ավարտական առաջադրանքներից)՝ որպես նախագծի առաջադրանքների երկարատևության և հետևողականության ներկայացման միջոց։

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ճարտարագետ Հենրի Գանթը 1906 թվականին աշխատել է Չեստորի մետաղաձուլական ընկերություն և 1908 թվականին հրավիրվել է «Բանկրոֆթ» ընկերություն, որը արտադրում էր բամբակյա գործվածքներ՝ «աշխատանքային խնդիրների» խորհրդատվություն անցկացնելու համար։ Հենրի Գանթը արագորեն հասկացավ Թեյլորի համակարգի էությունը և դարձավ Թեյլորի գլխավոր աշակերտը։

Սկսած 1901 թվականից՝ աշխատել է որպես խորհրդատու և զարգացրել է տեսությունը։ Հենրի Գանթն ունի ավելի քան 150 հրապարակում՝ ներառյալ երեք գիրք. «Աշխատանք, աշխատավարձ և եկամուտ» (1910), «Արտադրական ղեկավարություն» (1916) և «Աշխատանքի կազմակերպում» (1919)։ Նա ավելի քան տասը հայտնագործություն կատարեց՝ մնալով կառավարման ոլորտի լավագույն խորհրդատուներից մեկը։

Հենրի Գանթը մշակում էր իր օրիգինալ գաղափարները պարգևատրման մեթոդիկայի ոլորտում, կազմում էր արտադրական պլանավորման քարտեզ-սխեմաները (այսպես կոչվա գանթ-սխեմաներ), ինչպես նաև մեծ ներդրումներ ունեցավ առաջնորդության տեսության զարգացման բնագավառում։

Գանթի աշխատանքներին բնորոշ է արտադրության մեջ մարդկային գործոնի կարևորության գիտակցումը և համոզումը նրա մեջ, որ աշխատավոր մարդուն հնարավորություն պետք է տրվի սեփական աշխատանքում ոչ միայն գոյության աղբյուր գտնել, այլև բավարարվածություն զգալ։ Հենց նրան է պատկանում այս խոսքը. «Մենեջմենթի բոլոր խնդիրներից ամենակարևորը մարդկային գործոնի խնդիրն է»: Նա գրում է. «Այն ամենը, ինչը մենք ձեռնարկում ենք, պետք է համաձայնության մեջ գտնվի մարդկային բնության հետ»: Գանթը ենթադրում էր, որ այդ իդեալը կարող էր ստեղծվել միայն այն ճանապարհով, երբ յուրաքանչյուր աշխատողի առջև որոշակի արտադրական առաջադրանքներ դնեին՝ ճիշտ ժամանակին կատարելու համար տրվող պարգևատրության հեռանկարով։ Արդեն 1901 թվականին Գանթը մշակեց արտադրական առաջադրանքների ճիշտ և ժամանակին կատարման առաջին պարգևատրման համակարգը։ Վերջինիս ներմուծմամբ ընկերությունների աշխատանքի արտադրողականությունը ավելացավ ավելի քան երկու անգամ։ «Աշխատողներին արտադրական աշխատանքի և համագործակցության ուսուցում» (1908) հոդվածում Գանթը նշում էր, որ արդյունաբերական աշխատանքի ձևավորմամբ աշխատողների կողմից գիտելիքների ձեռքբերումը և որակավորման բարձրացումը էականորեն հեշտանում է։ Հնարավոր է դառնում ոչ միայն կատարելագործել նրանց արտադրական ունակությունները, այլև սեփականատերերի հետ զարգացնել կոոպերացման արդյունավետ համակարգը։

«Աշխատանքի կազմակերպում» գրքում Հենրի Գանթը բարձրացավ լայն հասարակական խնդիրների մակարդակին և բացահայտեց բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը, որը միայն կարող է ապահովել նրա երկարաժամկետ հեռանկարները։ Նա գրում էր, որ բիզնեսի համակարգը պետք է ընդունի սոցիալական պատասխանատվությունը և նվիրի իրեն, առաջին հերթին, հասարակությանը ծառայելուն, հակառակ դեպքում՝ հասարակությունը, վերջին հաշվով, կփորձի վերացնել այն, որպեսզի ազատորեն գործի՝ համապատասխան սեփական հետաքրքրությունների։ Սոցիալական հակասությունների և ապստամբական շարժման սրությամբ անհանգստացած լինելով՝ Հենրի Գանթը հաստատում է, որ ընկերությունների և հասարակության միջև կայունության պահպանման կարևոր պայմաններից մեկը կարող են լինել փոխադարձ շահի հարաբերությունները, այլ ոչ թե կոնֆլիկտի, իսկ տնտեսական ակտիվության վերջնական նպատակը պետք է լինի ծառայելը, ոչ թե շահույթը։ Նա գրում էր. «Ծառայության դոկտրինան պարզապես ճիշտ աշխատող տնտեսությունը չէ… Արտադրական աշխարհի միակ պայմանը արտադրական ժողովրդավարությունն է… Պետք է հստակ միտք լինի այն մասը, որ արտադրության ժամանակակից համակարգի դժվարությունների աճի հետ արդյունավետ աշխատանքը կարող է ապահովվել միայն նրանց հետևելով, ովքեր փաստացիորեն կարողանում են կատարել վերահսկողության գործառույթներ և դրա հետ միասին՝ ամբողջովին գիտակցում են սոցիալական պատասխանատվության էությունը: Իսկ եթե արտադրական համակարգով փորձեն կառավարել մարդիկ, որոնք չեն գիտակցում իրական շարժիչ ուշերը, ապա արդյունավետությունը կնվազի… Այլ խոսքերով՝ պայմանները, որոնցում կարող են գործել զարգացած արտադրական և ձեռնարկատիրական համակարգերը՝ ապահովելու համար ժամանակակից քաղաքակրթության համակարգային բարդ պայմանները, պետք է որոշվեն միայն իրական առաջնորդներով՝ մարդկանցով, որոնք հասկանում են հասարակության շարժիչ ուժերի գործողության մեխանիզմի էությունը և որոնք տեսնում են բարձրագույն նպատակը՝ հասարակության ծառայելը»: Գանթն ընդունում էր արտադրական օպերացիաների առանձին հետազոտությունների վերլուծական մեթոդները։ Նա մշակել է արտադրական գործողույթունների պլանավորման մեթոդներ։ Այդ մեթոդները չեն կորցրել իրենց նշանակությունը և ժամանակակից պայմաններում։ Մարդ-մեքենա համակարգի հետազոտությունները թույլ տվեցին Գանթին կապել արտադրության կազմակերպական և մոտիվացիոն ասպեկտները։

Գանթի դիագրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Գանթը Ֆրեդերիկ Թեյլորի հետ աշխատել է արտադրության կազմակերպման մեծաքանակ մեթոդների վրա։ Այդ մեթոդներից մեկը աշխատանքի կարգավորման մեթոդն է, որը ներկայացվում է Գանթի դիագրամի (անգլ.՝ Gant Charts) տեսքով և այսօր համարվում է ստանդարտներից մեկը։ Հենրի Գանթը ուսումնասիրում էր մենեջմենթը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նավակառուցման օրինակով և առաջարկեց ծրագրի ընթացքում առաջադրանքների վերահսկողության և վիզուալիզացիայի իր դիագրամը, որն ավելի ուշ անվանվեց նրա անունով։ Գանթի դիագրամները հեղափոխական էին XX դարի 20-ական թվականներին և օգտագործվում էին այնպիսի ճարտարագիտական նախագծերում, ինչպիսիք են Հուվերի ամբարտակի կառուցումը, որը սկսվել է 1931 թվականին, և ԱՄՆ-ի ավտոմայրուղիների ցանցի կառուցումը 1956 թվականին։

Կառավարչի համար կարևորագույն ռեսուրսներից մեկը ժամանակային ռեսուրսն է։ Եթե ցանկանում ենք ճիշտ կերպով հետևել աշխատանքների կատարմանը, տեղավորվել տրված ժամանակում, հարկավոր է առաջադրանքները կապել ժամանակի հետ։ Իսկ քանի որ տեղեկատվության մեծ մասը մարդն ընդունում է տեսողության միջոցով, կառավարչի ձեռքի տակ պետք է լինի այնպիսի գործիք, որը երևացող կլինի։ Նման գործիք դարձավ Գանթի դիագրամը։ Այն դիագրամ է, որը ներկայացում է երկու սանդղակ. կատարելիք առաջադրանքների սանդղակը և ժամանակային սանդղակը։ Տվյալ նախագծին համապատասխան՝ յուրաքանչյուր առաջադրանք ժամանակային սանդղակով է ներկայացվում։ Այսօրվա տարեթիվը որպես սահման է հանդես գալիս, որի ձախ կողմը արդեն պետք է լրացված լինի, իսկ աջը դեռ պետք է լրացվի։ Դիագրամում նաև սլաքների միջոցով նշվում է առաջադրանքների կապը միմյանց միջև։ Դիագրամը հնարավորություն է տալիս ակներև կերպով ներկայացնել նախագծի հաջորդական քայլերը, ինչպես նաև առաջադրանքները, որոնք միաժամանակյա կատարում են պահանջում։ Գանթի դիագրամը նախագծի կառավարման հարմար միջոց է։ Չնայած նրան, որ առաջադրանքների մեծ քանակության դեպքում այն ծանրաբեռնված է դառնում, միևնույնն է, այս մեթոդը թեթև է և հասանելի յուրաքանչյուրին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հենրի Գանթ հոդվածին
  1. 1,0 1,1 SNAC — 2010.