Հենրիետա Լաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիետա Լաքս
անգլ.՝ Henrietta Lacks
Ծնվել էօգոստոսի 1, 1920(1920-08-01)[1]
ԾննդավայրRoanoke, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 1951(1951-10-04)[1][2] (31 տարեկանում)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունագարակապան և տնային տնտեսուհի
Պարգևներ և
մրցանակներ
Maryland Women's Hall of Fame?
Henrietta Lacks Վիքիպահեստում

Հենրիետա Լաքս (անգլ.՝ Henrietta Lacks, օգոստոսի 1, 1920(1920-08-01)[1], Roanoke, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1951(1951-10-04)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), աֆրոամերիկուհի, որը մահացել է քաղցկեղից և ակամայից դարձել է կենսանյութի աղբյուր, որի հիման վրա ստեղծվել է գիտական նպատակներով լայնորեն օգտագործվող HeLa «անմահ» բջիջների շարքը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիետա Լաքսը ծնվել է Էլիզա (1886-1924) և Ջոն Ռենդելլ (1881-1969) Փլիզանթների ընտանիքում, Լորետա անունով: Հանգամանքները, որոնց պատճառով նա փոխել է իր անունը Հենրիետայի, անհայտ են մնացել: Նրա մայրը վախճանվել է տասներորդ ծննդաբերության ժամանակ, և հայրը, գիտակցելով, որ չի կարող պահել ընտանիքը, տեղափոխվել է Քլովեր, որտեղ երեխաներին թողել է հարազատների խնամքին: Հենրիետան ապրել է իր պապի` Թոմի Լաքսի տանը:

1941 թվականի ապրիլի 10-ին Հենրիետան ամուսնացել է իր զարմիկ Դևիդ Լաքսի (1915-2002) հետ, որը ևս ապրում էր նրա պապի տանն այն ժամանակվանից, երբ Հենրիետան տեղափոխվել էր այնտեղ: Ի դեպ, հարսանիքը տեղի է ունեցել երկու երեխաների ծնվելուց հետո, որոնցից ավագը ծնվել է, երբ Հենրիետան 14 տարեկան է եղել: 1941 թվականի վերջում ամուսինները տեղափոխվել են Մերիլենդ: Ընտանիքն ունեցել է հինգ երեխա. Լորենսը, Էլսին, Դևիդը, Դեբորան և Ջոզեֆը: Վերջին երեխայի ծնվելուց 4 ամիս անց Հենրիետան տարօրինակ արտադրություն է նկատել իր ներքնաշորերի վրա և դիմել է Ջոնս Հոփքինսի հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշել են արգանդի վզիկի քաղցկեղ և չնայած վիրահատական միջամտությանն ու քիմիաթերապիային, նա մահացել է 31 տարեկանում:

HeLa բջիջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

HeLa բջիջների բաժանումը էլեկտրոնային մանրադիտակի տակ

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հենրիետային բուժող բժիշկը նրա քաղցկեղի բջիջներն ուղարկել է ախտորոշման` հիվանդանոցի բջիջների ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Ջորջ Գային (անգլ.՝ George Gey): Պարզվում է, որ բջիջները, որոնք կոչվել են Հենրիետա Լաքսի անվան և ազգանվան առաջին երկու տառերով` HeLa, օժտված են մի շարք յուրահատուկ կարողություններով: Դրանք բազմանում էին սովորական բջիջներից երկու անգամ ավելի արագ, և դրանցում անջատված էր որոշակի քանակությունից հետո աճի դադարի ծրագիրը, այսպիսով, դրանք անմահ էին:

Այդ բջիջների շարքը մեծ իրադարձություն էր բժշկության և կենսաբանության աշխարհում, հատկապես այն բանից հետո, երբ պարզվել է, որ բջիջները կարող են ապրել նույնիսկ փոստով ուղարկվելու դեպքում, ինչով բժիշկն սկսում է ակտիվորեն զբաղվել: Դրանից հետո գիտնականների մոտ հայտնվում է աշխարհում առաջին կայուն և նույնիսկ հավերժ բջիջների շարքը, որը համարժեքորեն նմանակում է մարդու օրգանիզմի էությունը: Այժմ հնարավոր էր փորձեր ու փորձարկումներ անցկացնել համասեռ բջջային շարքում, ինչը թույլ էր տալիս դրանց արդյունքները համարել վստահելի և այլ լաբորատորիաներում վերարտադրվող: Միևնույն ժամանակ, բջիջները չէին մահանում մինչև փորձի ավարտը, ինչը հաճախ էր պատահում այլ բջիջների հետ:

Հենց HeLa բջիջներն են պայմանավորել 20-րդ դարի վերջին տարիներին մոլեկուլային կենսաբանության զարգացման մեծ տեմպերը: Առանց դրանց չէին լինի մի շարք դեղեր, այդ թվում և` պոլիոմիելիտի պատվաստանյութը: Բջիջներն ուղարվել են տիեզերք (առաջին անգամ` 1960 թվականի դեկտեմբերին[3]): Դրանց վրա ուսումնասիրվում են քաղցկեղը, ՁԻԱՀ-ը, ճառագայթման և թունավոր նյութերի ազդեցությունը ևն [4]:

Այնպես է համընկել, որ Ջորջ Գայը հայտարարէլ է բժշկական ուսումնասիրություններում նոր դարաշրջանի սկզբի մասին այն նույն օրը, երբ մահացել է Հենրիետան[3]:

Բջիջների աղբյուրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Գայը երկար ժամանակ միակն էր, որ գիտեր բջիջների ծագման մասին, բայց ենթադրում էր, որ գաղտնիության հարցերը թույլ չեն տալիս նրան բացահայտել հիվանդի անունը: Այսպիսով, Լաքսի ընտանիքը չգիտեր, որ հենց Հենրիետայի բջիջներն են հեղափոխություն են արել բժշկության մեջ: 1970 թվականին Ջորջ Գայը մահացել է[3], ինչից հետո խնդիր է առաջացել. այդ ժամանակվա մանրէազերծման և բջիջների հետ աշխատելու տեխնիկայի անկատարության պատճառով շատ այլ բջիջներ աղտոտվել են HeLa առավել ակտիվ և կենսունակ բջիջներով, որոնք ինչպես պարզվում է, կարող են տեղաշարժվել օդում փոշու կամ չլվացված ձեռքերի միջոցով: Հույս ունենալով լուծել խնդիրները գենոտիպերի միջոցով` գիտնականների խմբերից մեկը գտել է Հենրիետայի հարազատներին և խնդրել ԴՆԹ-ի նմուշներ` գեների քարտեզն ստեղծելու համար: Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել դոնորի անունը:

Հարց է առաջացել առանց դոնորի համաձայնության HeLa բջիջների օգտագործման համար փոխհատուցման մասին, սակայն բոլոր պահանջները անկատար են մնում, քանի որ պատասխանատուներն արդեն մահացած էին:

Հենրիետա Լաքսը առանց տապանաքարի թաղված է Հալիֆաքս շրջանի (Վիրջինիա նահանգ) ընտանեկան գերեզմանատանը: Նրա շիրիմի հստակ տեղն անհայտ է, թեև ընտանիքը ենթադրում է, որ նա թաղված է մոր գերեզմանի մոտ: 2010 թվականին բժիշկ Ռոլանդ Պատիլոն գերեզմանի վրա տեղադրել է գրքի ձևով տապանաքար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]