Հարցական և հարաբերական դերանուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարցական և հարաբերական դերանուններ, հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

  • Օրինակ՝

Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ։ Հարաբերական դերանուն է կոչվում այն բառը, որ գրված է գլխավոր նախադասության կարևոր մի բառի տեղ և ծառայում է իբրև կապ՝ նրա և մի երկրորդական լրացուցիչ նախադասության միջև[1]։

  • Օրինակ՝

Այն սև ամպերը, որ բարդվում են երկնքում, կարկտաբեր ամպեր են։

Հարցահարաբերական դերանունների այս խումբը քերականական տարբեր ուսումնասիրություններում ներկայացվել է առանձին-առանձին, երկու տեսակներով՝ հարցական և հարաբերական։ Սակայն սրանք միևնույն դերանուններն են՝ հնչերանգային որոշակի տարբերություններով։ Հայերենի հարցահարաբերական դերանունները ցույց են տալիս չտարբերակված առարկա, առարկայի և գործողության չտարբերակված հատկանիշ և արտահայտվում են նույն բառի երկու ձևով հարցումով և առանց հարցման[2]։ Դրանք են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ (ով, ինչ, ինչպիսի, ինչքան, ինչպես, ինչու, որ, որը, որքան, որչափ, որպիսի, որերորդ, որտեղ, երբ, ուր, քանի, քանիսը, քանիերորդ

Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի։

Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես` տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ։

Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում։

Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց։ Հոգնակի թիվ չունի։

Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ։

Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման։

Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես` որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն։

Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները։ Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում։

Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝

  • ենթակա՝
  • Օրինակ՝ «Տեսնես ո՞վ է որս անում»,-մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց։
  • ստորոգյալի մաս՝
  • Օրինակ՝ Այս տոպրակը ո՞ւմն է։
  • գոյականի լրացում՝
  • Օրինակ՝ Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում։
  • բայի լրացում՝
  • Օրինակ՝ Դու ե՞րբ պիտի գնաս։
  • Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝
  • հարցական նշան՝ ինչպե՞ս, ո՞ւր և այլն,
  • որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝
  • Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու։
  • որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝
  • Օրինակ՝ Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ։
  • Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի։
  • Օրինակ՝ Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ։
  • Քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում։

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

  • Օրինակ՝

Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում։ Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում, սակայն քերականորեն տարբերվում են միմյանցից, հարաբերակցվում են տարբեր խոսքի մասերի և հանդես են գալիս շարհյուսական այլ պաշտոններով։ Ի տարբերություն հարցականների, հարաբերական դերանունները կատարում են նաև կապակցական դեր՝ երկրորդական կամ ստորադաս նախադասությունը կապելով գլխավորի հետ, ըստ որում, որ հարաբերական դերանունը պետք է տարբերել որ շաղկապից, որը նյութական իմաստ չի արտահայտում, չի հոլովվում և նախադասության անդամ չի լինում[2]։ Այսպես՝ Մի՞թե կարող ես վերքերս բուժել, որ տիեզերքի հսկա վերքերի կաթիլներից են (հարաբերական դերանուն)։ Միշտ զգում ես, որ օտար աշխարհում մի վշտահար սիրտ է այրվում(ստորադասական շաղկապ)։ Անհրաժեշտ է տարբերակել նաև ինչպես, որպես հարաբերական դերանունները համանման կապերից։ Վերջիններս հանդես են գալիս կապի խնդրի հետ և նախադասության մեկ անդամ են կազմում, ինչպես՝ Սիրտդ, որպես վառ ատրուշան, պահի՛ր վառ։ Եվ ինչպես երազ, և՛ կա, և՛ չկա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աճառյան, Հրաչյա (1954). Լիակատար քերականություն հայոց լեզվի. Երևան: ՍՍՌ գիտությունների ակադեմիա. էջ 431.
  2. 2,0 2,1 Եզեկյան, Լևոն (2007). Հայոց լեզու. Երան: ԵՊՀ. էջեր 264–265. ISBN 5-8084-0688-9.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Խոսքի մասեր Կատեգորիա:Ձևաբանություն