Ստորոգյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորոգյալ, նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը(մյուսը ենթական է)։ Ստորոգյալը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է պարզ կամ բաղադրյալ։ Պարզ ստորոգյալն արտահայտվում է միայն խոնարհված բայով, այդ թվում՝ հարադիր բայով ու զուգաբայով։ Բաղադրալ ստորոգյալը կազմվում է որևէ այլ խոսքի մասով (գոյական, ածական, դերանուն, մակբայ, կապական կապակցություն) կամ անկախ դերբայով ու հանգույցով։ Վերջինս հիմնականում արտահայտվում է օժանդակ բայի միջոցով։

Ստորոգյալին տրվող հարցերը պայմանավորված են նրա բնույթով։ Եթե ստորոգյալը բայական է, պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ արեց, ի՞նչ կանի և նման հարցերի։ Եթե ստորոգյալն բայանվանական է, պատասխանում է ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ դարձավ և նման այլ հարցերի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 546-549: