Ցուցական դերանուն
Ցուցական դերանուն, մատնացույց է անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։ Ցուցական են այն դերանունները, որոնք ցույց են տալիս չտարբերակված առարկա, առարկայի և գործողության ընդհանուր չտարբերակված հատկանիշ և կարող են դրանք մատնացույց անել տարածական կամ ժամանակային հարաբերությամբ[1]։
- Օրինակ՝
Այստեղ բազեն տարիներով անում է նույն պտույտը։ Այստեղ և նույն բառերը ցուցական դերանուններ են։ Այստեղ բառը գործողության տեղ է ցույց տալիս, նույն բառը՝ առարկայի հատկանիշ։ Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ։
Սա, դա, նա դերանունները փոխարինում են գոյականին։ Նրանք գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն[1]։
- Օրինակ՝
Սա էլ է ուզում քաղաք գնալ։ Դա մի հին տուն էր։
Ցուցական դերանվան հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա–դա–նա, սրանք–դրանք–նրանք դերանունները ունեն եզակի և հոգնակի թիվ։ Եզակի թվում հոլովվում են գոյականից տարբեր ձևով՝ դերանվանական հոլովմամբ՝ սա-սրա, հոգնակի թվում ենթարկվում են գոյականական ց հոլովման՝ նրանք-նրանց։ Նշված դերանունները ցույց են տալիս խոսողին՝ սա–սրան, խոսակցին՝ դա–դրանք և խոսողից ու խոսակցից հեռու գտնվող առարկա, որը կարող է և՛ անձ, և՛ ոչ անձ լինել։
Այս դերանունների սեռական և տրական հոլովները եզակի թվում ձևով տարբերվում են՝ սա-սրա-սրան։
Այս դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը։
| Հոլով | Եզակի թիվ | Հոգնակի թիվ | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Դեմք | առաջին դեմք | երկրորդ դեմք | երրորդ դեմք | առաջին դեմք | երկրորդ դեմք | երրորդ դեմք |
| Ուղղ․ | սա | դա | նա | սրանք | դրանք | նրանք |
| Սեռ. | սրա | դրա | նրա | սրանց | դրանց | նրանց |
| Տր. | սրան | դրան | նրան | սրանց | դրանց | նրանց |
| Հայց. | սա (սրան) | դա (դրան) | նա (նրան) | սրանք (սրանց) | դրանք (դրանց) | նրանք(նրանց) |
| Բաց․ | սրանից | դրանից | նրանից | սրանցից | դրանցից | նրանցից |
| Գործ. | սրանով | դրանով | նրանով | սրանցով | դրանցով | նրանցով |
| Ներգ․ | սրանում | դրանում | նրանում | սրանցում | դրանցում | նրանցում |
Այս, այդ, այն, ցուցական դերանունները հաճախ գործածվում են չկրկնելու համար պարբերության մեջ օգտագործված զանազան գոյականները։ Այս դեպքում այս ցուցական դերանունը ներկայացնում է մոտավոր գոյականը, այն ներկայացնում է հեռավոր գոյականը[2]։ Այս, այդ, այն, նույն դերանունները հիմնականում փոխարինում են ածականներին՝
- Օրինակ՝
Այս գյուղը հազար թելերով կապված է աշխարհին։ Երբեմն գործածվում են գոյականաբար` ունենալով միայն եզակի թիվ և ուղղական կամ հայցական հոլովաձև։
- Օրինակ՝
Այս այսպես է և այսպես էլ կմնա։ Այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ՝ այստեղ, այստեղի, այստեղից և այլն։
Մնացած ցուցական դերանուններից հոդ են ստանում և հոլովվում են միայն գոյականաբար գործածվողները` ենթարկվելով ի հոլովման՝ այսքանի, մյուսին, այդպիսիներից և այլն։
Այս այդ, այն, նույն դերանուններով և քան, չափ, տեղ բառերով կազմված դերանունները՝ այսքան, այդչափ, այնտեղ, հոգնակի թիվ չունեն։
Ցուցական դերանունները նախադասության մեջ լինում են`
- ենթակա՝
- Օրինակ՝
Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար։
- ստորոգյալ կազմող բառ՝
- Օրինակ՝
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ նույնիսկ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամով է լույս տալիս նրա անտառներին։
- գոյականի լրացում՝
- Օրինակ՝
Գուցե այդպես է եղել աշխարհն այդ դարերում։
- բայի լրացում՝
- Օրինակ'
Այստեղ է լացել իմ մայրը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Եզեկյան, Լևոն (2007). Հայոց լեզու. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 261–263. ISBN 5-8084-0688-9.
- ↑ Աճառյան, Հրաչյա (2005). Լիակատար քերականություն հայոց լեզվի. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 291–294. ISBN 5–8084-0697-8.
{{cite book}}: Check|isbn=value: invalid character (օգնություն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Երևանի 2005, 1987, էջ 291-294
- Լևոն Եզեկյան Հայոց լեզու, Երևան 2007 էջ 261-263
| ||||||