Հանս Շրիբեր
Հանս Շրիբեր | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար |
Վախճանվել է | ոչ ուշ քան մայիսի 1, 1479 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Հանս Շրիբեր (գերմ.՝ Hans Schriber, 15-րդ դար - ոչ ուշ քան մայիսի 1, 1479, մահացել է մինչև 1479 թվականի մայիսի 1-ը[1]), շվեյցարացի գրող, մատենագիր, Զարնեն քաղաքի գրագիր, «Զարնենի սպիտակ գրքի» հեղինակ (գերմ.՝ Weisse Buch von Sarnen)[2], որտեղ առաջին անգամ արձանագրվել է Վիլհելմ Տելլի լեգենդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Շրիբերը բնիկ Էնգելբերգցի է (Օբվալդեն կանտոն), որտեղ էլ հավանաբար կրթություն է ստացել տեղի բենեդիկտյան վանքում։ Նրա ծննդյան տարեթիվը ստույգ ճշտված չէ, ծնվել է վոլֆենշիեսենցի բուրգեր Յոհան Շրիբերի և Աննա Տյոնիի ընտանիքում։ Նրա հայրը նույնպես գրող է եղել և կազմել է Վոլֆենշիեենի տարեգիրքը։ Հանսի եղբայրը՝ բենեդիկտացի քահանա Յոստ Շրիբերը, ծխական համայնք է ունեցել Կյուսնախտում։
1434-1478 թվականներին ծառայել է որպես քաղաքային ատենադպիր, ապա՝ որպես գրագիր Զարնենի (Օբվալդենի կանտոն) քաղաքապետարանում[3]։ Լավ է տիրապետել հռոմեական իրավունքին, թարգմանել է լատիներեն փաստաթղթերը գերմաներեն։ Ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի՝ թագսացունգի ներկայացուցիչ[1]։
Որպես գրագիր վերջին անգամ հիշատակվել է Զարնենի քաղաքային համայնքի փաստաթղթերում 1478 թվականի հուլիսի 6-ին[3]։ 1479 թվականի մայիսի 1-ից հետո փաստաթղթերում նա հիշատակվում է որպես մահացած[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 1470 թվականին[1] սկսել է գրել «Զարնենի սպիտակ գիրք»-ը (գերմ.՝ Weisse Buch von Sarnen) շվեյցարական պատմական փաստաթղթերի և տարեգրությունների ձեռագիր հավաքածուի հիման վրա, որը լրացվել է իր կողմից մինչև 1474 թվականը։
«Զարնենի սպիտակ գրքի» առաջին մասը բաղկացած է մոտ 350 էջից Օբվալդեն կանտոնի կարևոր փաստաթղթերի և վաղ համադաշնության այլ կենտրոնների հետ նրա պայմանագրերի պատճեններ սկսած 1316 թվականից[4]։ Երկրորդ մասը բաղկացած է 25 էջից կամ 706 տողից, որտեղ նկարագրված է այսպես կոչված «անտառային կանտոններ»-ի՝ Ուրի, Շվիցի և Ունտերվալդենի պատմությունը, նրանց մասնակցությունը Հաբսբուրգների հետ ազգային-ազատագրական պատերազմներին, այդ թվում՝ Հին ցյուրիխյան պատերազմին։ Իրական փաստերի հետ մեկտեղ նկարագրվել են նաև հորինվածներ, այդ թվում՝ Ռյութլիի առասպելական երդումը, որն իբր անտոնների ներկայացուցիչները տվել են 1307 թվականին[4]։ Երկրորդ մասի 66 տողերը պարունակում են տարբեր ժողովրդական լեգենդներ, այդ թվում՝ հայտնի Վիլհելմ Տելլի (գերմ.՝ Wilhelm Tell) սխրագործությունների պատմությունը։
Որպես աղբյուրներ՝ Շրիբերն օգտագործել է քաղաքային տարեգրությունները, ինչպես նաև Ցյուրիխի եկեղեցական գրող և աստվածաբան Ֆելիքս Հեմմերլինի «Ազնվականի և հասարակ մարդու երկխոսություն»-ը (լատին․՝ De nobilitate et rusticitate dialogus)[1]։
Զարնենի սպիտակ գիրքը շարունակվել է հինգ այլ հեղինակների կողմից 1481-1607 թվականներին, սակայն հետագայում այն կորել է։ Պետերման Էտերլինի «Շվեյցարական Համադաշնության տարեգրություն»-ում (1507) և Էգիդի Չուդիի Շվեյցարական տարեգրություն»-ում (1534-1536)[1] ներառված վերամշակված տարբերակը ծառայել է որպես Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Տելլ» (1804) դասական դրամայի սյուժեի աղբյուր, ով օգտվել է 1734 թվականին Բազելում հրատարակված վերջինիս աշխատությունից[5]։
Ոչ պրոֆեսիոնալ պատմաբան Շրիբերի կոմպիլյատիվ ստեղծագործությունը զգալի չափով ձևավորել է Շվեյցարիայի ազգային ինքնությունը[3], չնայած այն հանգամանքին, որ նրա անունը երկար ժամանակ մոռացության է մատնվել։ 1854 թվականին այն պատահաբար հայտնաբերվել է լքված ձեղնահարկում՝ հին թղթերի մեջ, ցյուրիխցի արխիվագետ Հերոլդ Մեյեր ֆոն Կնոնաուի կողմից։ Եվ միայն 1928 թվականին նիդվալդենցի պատմաբան և արխիվագետ Ռոբերտ Դյուրերը կարողացել է ապացուցել, որ դրա իրական հեղինակը Հանս Շրիբերն է։
Այսօր Զարնենի սպիտակ գրքի բնօրինակ ձեռագիրը պահվում է Օբվալդենի պետական արխիվում, մինչդեռ դրա ֆաքսիմիլային պատճենը կարելի է տեսնել Օբվալդենի կանտոնի պատմական թանգարանում՝ Զարնեն, Բրյունիգշտրասսե 127 հասցեում[4]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Das Weisse Buch von Sarnen. Wortlaut und Übersetzung des Chroniktextes von Bruno Meyer. Herausgegeben vom Regierungsrat des Kantons Obwalden. — Sarnen: Staatsarchiv, 1984.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Angelo Garovi. Schriber, Hans // Historisches Lexikon der Schweiz. Akademie der Geistes- und Sozialwissenschaften. — Band 11. — Basel: Schwabe AG, 2012. — ISBN 978-3-7965-1911-6
- Angelo Garovi. Wie die Schweiz zu ihrem Helden kam // NZZ am Sonntag. — Vom 6. — Januar 2013.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Garovi A. Schriber, Hans // Historisches Lexikon der Schweiz. — Bd. 11. — Basel, 2012.
- ↑ CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
- ↑ 3,0 3,1 3,2 Garovi A. Wie die Schweiz zu ihrem Helden kam // NZZ am Sonntag. — V. 6.
- ↑ 4,0 4,1 4,2 Weisses Buch von Sarnen // Obwalden im Herzen der Schweiz — überraschend einzigartig.
- ↑ Freiheitsheld Wilhelm Tell. Sage, Legende oder Mythos? // Schweizer geschichte.
|