ՀՀ սելավաբեր ավազաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սելավը (անգլ․ mudflow) Երկրի մակերևույթը վերափոխող արտածին ուժերի շարքում զգալի տեղ ունեն բեկորային նյութերով խիստ հագեցած, ընդհանուր ծավալի (մինչև 50-60, անգամ 70%) ահեղ, մեծ քայքայիչ ուժի, հանկարծահաս, կարճատև սելավները, որոնք մակերևութային ողողման և հողմնահարված նյութի տեղատարման գործում վիթխարի դեր են կատարում։ Սովորաբար, մեկ սելավի դեպքում, ընդամենը մի քանի ժամում, այնքան նյութ կարող է գետավազանից դուրս գալ, որքան նորմալ էրոզիայի միջոցով տասնյակ տարիների ընթացքում։ Սելավները լայն տարածում ունէն երկրագնդի չոր և կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող լեռնային երկրներում, ինչպիսին է նաև Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ տարածքի 45%-ը հայտնի է սելավային երևույթներով։ Սելավները հիմնականում տարածված են Մեղրի, Ողջի, Արփայի, Արածոյ, Վեդի, Երախաջուր (Չաթմա), Մաստարա, Փամբակ, Ձորագէտ, Դեբեդ, Աղստեւ գետերի ավազաններում, Արեգունի, Սևանի լեռնաշղթաների հարավահայաց լանջերին, ինչպես նաև Հրազդան, Քասախ, Ազատ, Որոտան, Ախուրյան գետերի ավազաններում։ ՀՀ տարածքում սելավների ձևավորումը հիմնականում կապված է տեղատարափ անձրևների կամ տեղատարափի և նրան ուղեկցող կարկուտի հետ։ Ձնհալքային սնման սելավները մեր երկրում խիստ հազվադեպ են հանդիպում։ Սելավային հոսքերը գետավազաններից դուրս են բերում մեծ քանակությամբ քարեր, խիճ, ավազ, տիղմ, մանրահող, կոճղ, գերան և այլ կոշտ նյութեր, որոնք կարող են հանդիպել իր ճանապարհին։ Հանրապետության տարածքի մի քանի սելավաբեր գետերի հուներում դիտվող առանձին ճալաքարեր հասնում են հսկայական մեծությունների։ Փամբակի (Սևանի ավազանում) հունում ճալաքարերի տրամագիծը հասնում է 1,5-2, Ողջիում՝ 2, Մաստարայում՝ 3, Դարայում՝ 3-4 մետրի։ Աղստև գետը 1850 թ․ տեղի ունեցած սելավի ժամանակ, իր վերին հոսանքում տեղաշարժել է 24 մ³ ծավալի ճալաքար։ Խոսրովագետը սելավներից մեկի ժամանակ գետաբերան է հասցրել 72 մ³ ծավալի ճալաքար։ ՀՀ սելավներից դուրս բերված բեկորային նյութերի ծավալը հասնում է տասնյակ հազարավոր խորանարդ մետրերի։ Ղափանի՝ 1960թ․ հուլիսի 20-ի սելավում այն կազմել է 50 հզ․, Փամբակի՝ 1954թ․ հուլիսի 12-ի սելավում՝ 75 հզ․ մ³, Գետառի՝ 1946թ․ մայիսի 25-ի սելավի ժամանակ՝ 495 հզ մ³, Մաստարայի՝ 1957թ․ հուլիսի 12-ի սելավի ժամանակ՝ 1,650 հզ․ մ³։

Հաշվի առնելով ՀՀ տարածքի սելավային ավազանների ու հոսքերի սելավաբերության հատկանիշները, սելավային երևույթների ձևավորման հաճախականությունը, սելավային հոսքերի՝ բեկորային նյութերով հագեցվածության աստիճանը, սելավային զանգվածի կազմը, յուրաքանչյուր սելային հոսքի վտանգավորության կարգը, կարելի է առանձնացնել սելավային հոսքերի տարբեր դասեր, ենթադասեր, տիպեր, ենթատիպեր և կարգեր։ Ընդունված դասակարգման համաձայն ՀՀ տարածքի սելավային ավազանները կարելի է ստորաբաժանել 4 ավազանի․

  1. Առավել ուժեղ սելավաբեր ավազաններ. Այս կարգի ավազանները սովորաբար ունեն արտակարգ բարդ ջրագրական ցանց՝ ջրաշիթերի համակենտրոնացման նպաստավոր պայմաններ և աղքատ բուսածածկույթ։ Սելավունակությունը, այս դասի ավազանների սելավագոյացնող ակտիվ մակերեսներից գերազանցում է 35 հզ. մ³/կմ²  մեկ սելավի դեպքում։ Այդպիսին են Կավարտի, Ալավերդու, Ագարակի և մի շարք ուրիշ սելավային հոսքերի ավազանները։  
  2. Ուժեղ սելավաբեր ավազաններ. Սելավունակությունը այս ավազանների սելավագոյացման ակտիվ մակերեսներից, մեկ սելավի դեպքում, կարող է կազմել 15-35 հզ. մ³/կմ²։ Այս դասին են վերագրում Մեղրի, Նյուվադի, Ողջի, Գնիշիկ, Բարակաղբյուր, Դարա, Փամբակ և բազմաթիվ այլ սելավային գետավազաններ։
  3. Միջին սելավաբեր ավազաններ. Բնութագրվում են արմատական ժայռային ապարների զանգվածային ելքերով, հողմահարման և էրոզիայի եռանդուն երևույթնեով, թափվածքների զգալի տարածմամբ։ Ունեն հիմնականում բարդ ջրագրական ցանց և ոչ հարուստ բուսական ծածկույթ։ Սելավային հոսքերի պինդ ֆազը գլխավորապես ձևավորվում է հողմանհարման նյութերից։ Սելավունակությունը սելավագոյացման ակտիվ մակերեսից, մեկ սելավի դեպքում, կազմում է 5-15 հզ. մ³/կմ²։ Այդպիսին են Նորաշենիկ, Մաստարա, Հերհեր, Օձիձոր, Արջուտ, Քեթի և մի քանի տասնյակ սելավային այլ գետավազաններ։
  4. Թույլ սելավաբեր ավազաններ. Հատկանշական են հողմահարման և էրոզիայի համեմատաբար թույլ երևույթներով, չզարգացած ջրագրական ցանցով, լանջերի և գետահուների մասնակի այլափոխումներով։ Սելավունակությունը սելավագոյացմանը մասնակցող ակտիվ մակերեսից, մեկ սելավի ընթացքում չի կարող գերազանցել 5 հզ. մ³/կմ²։ Թույլ սելավաբեր կարող են համարվել Հախումը, Տավուշը, Ծավը, Մարցագետը և այլն։

Հաշվումները ցույց են տալիս, որ առավել ուժեղ սելավաբեր ավազանների սելավագոյացման ակտիվ մակերեսներից մեկ սելավի դեպքում կարող է տեղատարվել ավելի քան 3,5 սմ հաստության շերտ, ուժեղ սելավաբեր ավազաններում՝ 1,5-3,5 սմ հաստության շերտ, միջին սելավաբեր ավազաններում՝ 0,5-1,5 սմ հաստության շերտ, իսկ թույլ ավազաբեր ավազաններում՝ մինչև 0,5 սմ հաստության շերտ[1]։[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային հետազոտությունների, վիճակագրական հարուստ փաստական նյութերի և մասնագիտական գրականության վերլուծությամբ (Цовян М., 1962,  Хмаладзе Г., 1963, Вардумян Г., 1966) ՀՀ տարածքում առանձնացվում են սելավային ավազանների ու հոսքրի 3 ենթադաս.

1. Բարձր հաճախականության սելավների կրկնությունը 3 տարվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս։ Այդպիսի ակտիվության են Բարակաղբյուրը, Ողջին, Մեղրին, Օձիձորը, Արջուտը, Ալավերդու սելավային հոսքերը և այլն։

2. Միջին հաճախականության սելավները 3-10 տարվա ընթացքում կրկնվում են մեկ անգամ։ Նման հաճախականությամբ են գործում Գետառը, Երախաջուրը (Չաթմա), Արածոն, Ելփինը, Շաղափը, Ագարակաձորը և այլն։

3. Թույլ հաճախականության սելավային երևույթներ կարող են դիտվել 10 և ավելի տարին մեկ անգամ. Դեբեդի աջակողմյան վտակներ, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլն։

Հանրապետության տարածքի սելավային ավազանների սելավաբերության և սելավային հոսքերի հաճախականության ցուցանիշների համադրությունները ցույց են տալիս, որ տարբեր սելավային ավազանների սելավագոյացման ակտիվ մակերեսներից տեղատարման շերտի միջին տարեկան հզորությունը կարող է ունենալ հետևյալ մեծությունները.[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելավի հաճախա-կանությունը, սելավաբերությունը Բարձր Միջին Թույլ
       Տեղատարման շերտի հզորությունը՝ սմ-ով
Առավել ուժեղ 1.2           -      -
Ուժեղ 0.5-1.2 0.2-0.5 մինչև 0.2
Միջին 0.2-0.5 0.01-0.2 մինչև 0.01
Թույլ 0.075-0.145 0.025-0.075 մինչև 0.025

   Աղյուսակ 1. սելավների հաճախականություն ( Ս. Պ. Բալյան և ուրիշներ, 1986, Հայկ. ՍՍՀ գեոմորֆոլոգիա)

          

Սելավային հոսքերի հագեցվածությունը բերվածքներով լինում է տարբեր։ Նրանց հագեցվածության աստիճանը և ֆրակցիոն կազմը թույլ է տալիս ոչ միայն քանակական ցուցանիշներով դասակարգել սելավային հոսքերը, այլև մշակել հակաէրոզիոն և հակասելավային արդյունավետ միջոցառումներ։ Բնական և լաբորատոր բազմաթիվ տվյալները հաստատում են, որ սելավային զանգվածը կախված հեղուկ և պինդ փուլերի համամասնության փոփոխություններից, կարող է գտնվել երեք վիճակում՝ կապակցված (связные), չկապակցված (не связные) և անցումային (переходные) դեպի կապակցվածը։ ՀՀ տարածքում կապակցված սելավային հոսքերի գոյացման համար անհրաժեշտ լիթոլոգիական և ջրօթերևութաբանական նպաստավոր պայմաններ չկան։ Ընդհակառակը, մեզ մոտ լայն տարածում ունեն չկապակցված սելավային հոսքերը, որոնց պինդ փուլը հիմնականում խզում են կոպտաբեկոր նյութերը և շարժումն ընթանում է հիդրոդինամիկայի ընդհանուր օրենքին համապատասխան։ Կարևոր է նաև այն, որ հանրապետության տարածքի որոշ հովիտների կամ հուների սղումներով կամ կտրուկ ծռումներով պայմանավորված, երբեմն սելավային հոսքերում տեղի են ունենում կարճատև խցանումներ։ Փաստորեն կատարվում է պինդ փուլի թանձրացում և մերձկապակցված կամ անցումային վիճակի սելավների գոյացում։  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սողոմոն, Բալյան (1986). Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիա. Երևան: ՀՍՍՀ, ԳԱ. էջեր 66–70. ISBN 1905030000823. {{cite book}}: Check |isbn= value: invalid prefix (օգնություն)