Կրկեսը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կրկես», հեղինակ՝ Ժորժ Սյորա

Կրկեսը մինչև 20-րդ դարը խաղային բանահյուսության և խորհրդապաշտության արվեստի հնագույն ձևերից է՝ հայ միջնադարյան թատրոնի ամենաընդունված տեսակը, և կոչվել է թատր կամ թէատրոն։ Գրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է 5-րդ դարին (Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» և այլն)։

Միջնադարյան կրկես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ միջնադարյան կրկեսային արվեստի մասին հիշատակված է նաև ուշ շրջանի աղբյուրներում։ 1248 թվականին ժուանվիլ անունով խաչակիր մի ասպետ Երուսաղեմի ճանապարհին հանդիպել է ուխտագնաց և ձեռնածուակրոբատների Մեծ Հայքից։ Տեղեկություններ կան նաև հեծելախաղային կրկեսի մասին։ Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կռփամարտի և ըմբշամարտի վայր։ Հայկական հնադարյան կրկեսի ամենաերկարակյաց ժանրը լարախաղացությունն է, որը հասել է մեր ժամանակները։ Լարախաղացը ներկայացվել է որպես հրաշագործ հերոս և Սուրբ Կարապետի նվիրյալը, իսկ նրա խաղընկեր ծաղրածուն կերպավորել է երկրայինը և պարսավելին։ Միջնադարյան կրկեսը լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբան, և գեղագիտական գծերով։ Կրկեսի հետքերն ակնհայտ են նաև միջնադարյան բազմաթիվ մանրանկարներում։ Հայկական հին և միջնադարյան կրկեսը, ըստ մատենագրության տվյալների, ներկայացված է որպես շրջիկ թատրոն։ Հովհան Ա Մանդակունի կաթողիկոսի (478-490) անունով պահպանված ճառում լեզվով փաստերը ենթադրում են նաև կրկեսի շենքի գոյության մասին (թէատրոնը միջնադարյան բառարաններում բացատրվում է «խաղատեղի թատեր», «հանգամանք խաղացողաց», Մատենադարան)։ Միջնադարյան կրկեսի հետքերը պահպանվել են նաև խաղային բանահյուսության մեջ դրանք Բարեկենդանի հետ կապված հեծելախաղերն են, լարախաղերը, խոյակռիվը, աքլորակռիվը, ըմբշամարտը և այլն։ Միջնադարյան քաղաքների և քաղաքային կյանքի անկումով պրոֆեսիոնալ կրկեսային արվեստը մասամբ անհետացել է, մասամբ գաղթել իր բնաշխարհից, մասամբ էլ տարրալուծվել ժողովրդական հանդիսանքների մեջ և այլն։ Կրկեսը թատրոն անվանելու միջնադարյան ավանդույթը Եվրոպայում պահպանվել է մինչև 1806 թվականը, երբ Նապոլեոնի հրամանագրով Ֆրանսիայի մանեժային սրահներն ու խմբերը կոչվեցին կրկես (շրջան), իսկ հայելակամար (պորտալային) սրահներն ու խմբերը՝ թատրոն։ Հայկական միջավայրում «թատր» և «թէատրոն» անվանումները 19-րդ դարի սկզբին դեռևս գործածվել են իրենց համապատասխան իմաստով։ Ոատի 1846 թվականին Կ. Պոլսում հիմնադրված հայկական կրկեսը կոչվել է «Արամյան թատրոն» (ունեցել է կենտրոնացույց ու հայելակամար)։ Թատրոնը հիմնել է լարախաղաց, ծանրամարտիկ և դերասան Հովհաննես Գասպարյանը։ Թատրոնի շենքը փայտաշեն մեծ տաղավար էր՝ մանեժով և բեմով, ուներ մշտական խումբ (մնջկատակներ, էկվիլիբրիստներ, պարուհիներ, դրամատիկ, դերասաններ), եվրոպական տիպի նվագախումբ, կոմպոգիտոր-դիրիժորն էր Կարապետ Փափագյանը։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներն ունեցել են կրկեսային, բալետային, մնջկատակային և դրամատիկ, բաժիններ։ Կրկեսային բաժինն ընդգրկել է ուժային, տեխնիկական բարդ և թատերասյուժետային լարախաղեր (պար, մենամարտ, խնջույք լարի վրա և այլն), նաև զանազան ցույցեր։ Բալետում հանդես են եկել իտալացի պարուհիներ (Լիգա, Հայտե, Ռոզա, Միքելա), մնջկատակային ինտերմեդիաներում՝ Հ. Գասպարյանը, Ա. Մինասյանը, Մ. Փամբուկչյանը, Գ. Չիլինկիրյանը և ուրիշներ։ Դրամատիկ, բաժնում ներկայացվել են արկածային մելոդրամաներ, պատմական ողբերգություններ, որոնց մասնակցել է ամբողջ թատերախումբը (մոտ 26 մարդ), այդ թվում՝ հայ օրիորդներ Թագուհին, Մառին և Անտիկը։ Կ. Պոլսի իտալական և ֆրանսիական կրկեսային խմբերը, չդիմանալով «Արամյան թատրոնի» մրցակցությանը, փակվել են։ 1849-1850 թվականների թատերաշրջանում թատրոնը ներկայացումներ է խաղացել Թիֆլիսում, որտեղ ոմն Հակոբ աղա խմբի համար կառուցել է հատուկ շենք՝ 1000 տեղանոց, 72 կրկնահարկ, թավշապատ օթյակներով։ Այնուհետև կրկեսը շրջագայել է Վրաստանի հայաշատ վայրերում (Փոթի, Քութայիս, Սուրամ, Գորի, Մցխեթ)։ 1850-1853 թվականներին խումբը ելույթներ է ունեցել Երևանում, էջմիածնում, ապա Նախինը կառուցել է նոր շենք Թավրիզում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Ե. 2009, էջ 478–479

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1260 Արխիվացված 2013-12-31 Wayback Machine