Կապոսի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Կապոսի վանք
Հիմնական տվյալներ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար

Կապոսի վանք[1], Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի վանք, հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց ու Եկեղյաց գավառների սահմանագծին՝ Սեպուհ լեռան արևելյան լանջի դարավանդի վրա։ Հիմնվել է 12-րդ դարում (ավանդաբար կապում են Տրդատ Գ-ի ժամանակների հետ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1230 թվականից։ 13–15-րդ դարում կրոնական ու գրչության հայտնի կենտրոն էր. ունեցել է վարդապետարան, գրատուն, եղել եպիսկոպոսանիստ։ 1416 թվականին վանքը հրդեհել ու ավերել են ակկոյունլու հրոսակները։ Որոշ ժամանակ անց վերանորոգվել է՝ «առավել ևս շքեղ, քան առաջ»։ 1425 թվականին կառուցվել է վանքի գավիթը։ 1535 թվականին ավերվել է երկրաշարժից. քանդվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, շենքերի մեծ մասը։ 16-րդ դարում Կապոսի վանքը անկում է ապրել։ 1684 թվականին հիմնովին վերանորոգվել է վանահայր Ավետիք Եվդոկացու ջանքերով։ 17-րդ դարում Կապոսի վանքը դեռևս Բարձր Հայքի ամենանշանավոր վանքերից էր։

Կապոսի վանքի Սբ. Հակոբ եկեղեցին ունեցել է երկմույթ գմբեթավոր հորինվածք, հատակագծում՝ պայտաձև խորանի երկու կողմերում ավանդատներով։ Եկեղեցում պահվել են Հակոբ Մծբնացու մասունքները։ Ուշագրավ են Ավագ խորանի կամարի խոյակներին ցուլի գլխի և քայլող առյուծի պատկերաքանդակները։ Վանքի երկրորդ՝ Ս. Սիոն եկեղեցին, գավիթը, պարիսպը, խցերը և աշխարհիկ մյուս շինություններն այսօր ամբողջովին ավերակ են։

Կապոսի վանքի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապոսի վանքի դպրոցը հայ գրչության և ուսումնառության կենտրոններից էր։ Գրչության արվեստը ծաղկել է 13–15-րդ դարերում (13-րդ դարից հայտնի է երեք ձեռագրի ընդօրինակություն), իսկ դպրոցը համբավ է ձեռք բերել հատկապես 14-րդ դարի վերջից, երբ րաբունապետ է եղել Տաթևի համալսարանի սան Գևորգ Երզնկացին։ Կապոսի վանքի դպրոցում ուսանելու են եկել Հայաստանից և այլ վայրերից։ Հակոբ Ղրիմեցին այստեղ է հմտացել տոմարագիտության մեջ և հետագայում այդ առարկան դասավանդել նույն, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում։ Գևորգ Երզնկացու մահից (1416) հետո դպրոցը մի քանի տասնամյակ անշքացել է, բայց վերստին ծաղկել և համալսարան է դարձել Հովհաննես Համշենցու րաբունապետության օրոք։ Վանքի գրչատանն են ընդօրինակվել Մատենադարանում պահվող Հակոբ Ղրիմեցու ժողովածուն (1389), Քարոզգիրք (1416), Լուծմունք (1494, գրիչ՝ Մաղաքիա Բաբերտացի) և բազմաթիվ այլ ձեռագրեր։ Ընդօրինակությունների մի մասն էլ պահվում է Երուսաղեմի և Վիեննայի մատենադարաններում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան»։ web.archive.org։ 2020-02-21։ Վերցված է 2021-06-24 
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 475 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկյան Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951:
  • Թիերի Ժ. Մ., Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1989, № 4–6: