Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժում
իսպ.՝ Movimiento por la Autodeterminación e Independencia del Archipiélago Canario
Mpaiac.PNG
ՏեսակԱզգայնական շարժում
ԵրկիրԻսպանիա Իսպանիա, Կանարյան կղզիներ
ԱռաջնորդԱնտոնիո Կուբիլո
ՀիմնադիրԱնտոնիո Կուբիլո
Հիմնադրված1964 թվական
Լուծարված1982 թվական
ԳաղափարախոսությունԿանարյան ազգայնականություն,
Ձախակողմյան ազգայնականություն
ՇտաբԱլժիր

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժում (իսպ.՝ Movimiento por la Autodeterminación e Independencia del Archipiélago Canario (հակիրճ՝ MPAIAC), նախկին կանարյան ազգայնական ձախակողմյան կազմակերպություն, որը պայքարում էր Կանարյան կղզիների՝ Իսպանիայից առանձնանալու և անկախ պետություն հռչակվելու համար։ Այդ նպատակով կազմակերպությունը հաճախ դիմում էր բռնությունների։ Ուներ սեփական ռադիոկայան, որը տեղակայված էր Ալժիրում։ Շարժումը հիմնադրվել է 1964 թվականին Անտոնիո Կուբիլոյի կողմից։

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժման հենակայանը գտնվում էր Ալժիրում։ 1968 թվականին այն ճանաչվել է Աֆրիկայի միասնության կազմակերպության կողմից, երբ աֆրիկյան կազմակերպությունը քվեարկեց Կանարյան կղզիների ինքնորոշման իրավունքի օգտին՝ հաշվի առնելով այն, որ արշիպելագը Աֆրիկայի մաս է, այլ ոչ Իսպանիայի։

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժման զինված պայքարն իրականացնում էր շարժման ռազմական թևը հանդիսացող Գուանչիների զինված ուժերը, որը 1976 թվականին ռմբահարեց Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում գտնվող առևտրի կենտրոնը։ 1978 թվականին Ալժիրում Անտոնիո Կուբիլոյի նկատմամբ իրականացվեց մահափորձ, որը կազմակերպել էին իսպանական հատուկ ծառայությունները։ Այդ մահափորձի հետևանքով նա դարձավ հաշմանդամ[1]։

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժումն Ալժիրից հեռարձակվող ռադիոհաղորդումներով Կանարյան կղզիների բնակչությանը կոչ էր անում «վերադառնալ իրենց արմատներին» և տարածում էր բերբերական լեզուն[2]։ Շարժման գործողությունները հիմնականում անարդյունավետ էին, քանի որ, ըստ որոշ մեկնաբանողների, կանարցիները դեմ էին շարժման բռնի մեթոդներին։ Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժումն իր գործունեության գագաթնակետին ուներ ընդամենը 100 անդամ[3]։

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժման դրոշը բավականին հայտնի դարձավ, սակայն ինքնավարության կառավարության կողմից ընդունվեց առանց աստղերի[4]։

Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժումն իր գործունեությունը դադարեցրեց այն բանից հետո, երբ 1982 թվականին իսպանական կառավարությունը Կանարյան կղզիներին տրամադրեց ինքնավարության կարգավիճակ[3]։ Անտոնիո Կուբիլոյին շնորհվեց թագավորական համաներում, և նա վերադարձավ Իսպանիա[1]։ Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժման քաղաքական թևը հայտնի էր Կանարյան աշխատավորական կուսակցություն անունով։ Մինչև իր լուծարումը, կուսակցությունը տեղական մունիցիպալիտետներում կայուն ներկայություն ուներ։ Արմատական այլ կազմակերպություններ (օրինակ Կանարյան կղզիների ժողովրդական ճակատը), որոնք հանդես էին գալիս Կանարյան կղզիների անկախության օգտին, պահպանեցին իրենց ծայրահեղական բնույթը[5]։

Ահաբեկչական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված պայքարի շրջանակներում Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժումն իրականացրել է մի շարք ահաբեկչական հարձակումներ։ 1977 թվականի հունվարի 3-ին շարժման ռազմական թևը հանդիսացող «Գուանչիների զինված ուժերը» Լաս Պալմասում պայթեցրեցին South African Airways ընկերության գրասենյակը։ 1977 թվականի մարտի 27-ին ռազմական խմբավորումը Լաս Պալմասի Գրանն Կանարյա օդանավակայանում պայթեցրեց ծաղկի խանութ։ Պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Հարձակումից հետո հնչեցվեց օդանավակայանում մեկ այլ ռումբ պայթեցնելու մասին սպառնալիք, ինչը ոստիկանությանը ստիպեց ժամանակավորապես փակել օդանավակայանը։ Օդանավակայանի փակումից որոշ ժամանակ անց տեղի ունեցավ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետը[Ն 1]։ Օդանավակայանի թռիչքուղու վրա իրար բախվեցին KL4805 Ամստերդամ - Լաս Պալմաս չվերթն իրականացնող հոլանդական KLM ավիաընկերությանը պատկանող Բոինգ 747-206B և PA1736 Լոս Անջելես - Նյու Յորք - Լաս Պալմաս չվերթն իրականացնող ամերիկյան Pan American ավիաընկերության Բոինգ 747-121 օդանավերը։ Ավիաաղետի հետևանքով զոհվեց 583 մարդ, այդ թվում՝ KLM-ին պատկանող օդանավում գտնվող բոլոր 248 անձինք (234 ուղևոր և անձնակազմի 14 անդամ) և Pan American ընկերության օդանավում գտնվող 335 մարդ (326 ուղևոր և անձնակազմի 9 անդամ)։ Կենդանի մնաց 61 մարդ (Pan American ավիաընկերության օդանավի 54 ուղևոր և անձնակազմի 7 անդամ)[6][7][8][9][10]։

Ավիաաղետից հետո՝ 1979 թվականին Կանարյան արշիպելագի ինքնավարության և անկախության շարժումը տարածեց զինված պայքարից հրաժարվելու մասին հայտարարություն[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Javier Nart i Antonio Cubillo (MPAIAC) Archived 2006-05-15 at the Wayback Machine.
  2. History
  3. 3,0 3,1 MIPT Terrorism Knowledge Base MIPT Terrorism Knowledge Base
  4. Jaume Olle;
  5. Historia electoral, Coalición Canaria
  6. Jan Reijnoudt, Niek Sterk. Tragedie op Tenerife: de grootste luchtramp, optelsom van kleine missers. — Kok, 2002. — 216 с. — ISBN 9043505633.(անգլ.)
  7. KL4805 չվերթի աղետի նկարագրությունը Aviation Safety Network կայքում:(անգլ.)
  8. PA1736 չվերթի աղետի նկարագրությունը Aviation Safety Network կայքում:(անգլ.)
  9. The Tenerife crash - March 27th, 1977.(անգլ.)
  10. Катастрофа столетия.(ռուս.)