Անջատողականությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի անջատողական շաարժումների քարտեզը      1. Գալիսիա      2. Աստուրիա      3. Լեոն      4. Կանտաբրիա      5. Բասկերի Երկիր և Նավարա      6. Արագոն      7. Կատալոնիա, Վալենսիա և Բալեարյան կղզիներ      8. Կաստիլիա      9. Անդալուզիա      10. Կանարյան կղզիներ

Անջատողականությունն Իսպանիայում, երևույթ, որը դրսևորվում է Իսպանիայում և վերջինին պատկանող անդրծովյան տարածքներում խիտ բնակեցված մի շարք էթնիկ խմբերի ազգային անկախ պետությունների ստեղծման ձգտմամբ։ Առավել հայտնի և ակտիվ անջատողական շարժումներ են հանդիսանում Բասկերի երկրինը և Կատալոնիայինը։

Բասկերի երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում վերջին մի քանի տասնամյակում առավել ակտիվ անջատողական շարժումներից է Բասկերի երկրի անջատողական և անկախության շարժումները, որոնք արտահայտվում են բասկյան ազգայնականության դրսևորումներով։ Այն իրենից ներկայացնում է մի քանի ազգային-քաղաքական շարժումների ամբողջություն։ Վերջինները հանդես են գալիս բասկերեն լեզվի պաշտպանության և պահպանման, Իսպանիա և Ֆրանսիա ինքնիշխան պետությունների կազմում բասկերի ինքնավարության ընդլայնման, ինչպես նաև, որպես կանոն, Բասկերի Երկրի՝ որպես բասկերի ամբողջովին անկախ պետության ստեղծման օգտին։ Քանի որ բասկերը հանդիսանում են բաժանված ժողովուրդ, ազգայնականությունն իրենց մոտ ունի իրրեդենտիզմի գծեր[1]։ Բասկ ազգայնականները ձգտում են բասկյան բոլոր շրջանների (Բասկերի Երկիր և Նավարա ինքնավար համայնքներն Իսպանիայում և Բասկերի հյուսիսային երկիր շրջանը Ֆրանսիայում) անկախությանն ու միացմանը։ Բասկյան ազգայնականությունն ունի խորը պատմական արմատներ և պայմանավորված է բասկերով բնակեցված յուրահատուկ էթնոմշակութային տարածքների հետ, որոնք տարածվում են Բիսկայան ծոցի երկայնքով ու ընդգրկում Պիրենեյներ լեռնաշղթայի երկու կողմում գտնվող տարածքները։ Դասական հնադարի ժամանակաշրջանում բասկերը, որպես Եվրոպայի ամենահին ժողովուրդներից մեկը, դարձան ռոմանիզացիայի օբյեկտ և ժամանակի ընթացքում վերածվեցին ռոմանալեզվային ընդարձակ տարածքում լեզվական կղզու։ Բասկերի մոտ ազգային ինքնության գիտակցության աճի խթան է հանդիսացել 19-րդ դարում Իսպանիայում կառլիստական գաղափարների տարածումը։ Բասկյան ազգայնականության արմատները գալիս են կառլիստական պատերազմներից, որոնք ոչնչացրեցին բասկյան նահանգների ու իսպանական միապետության միջև ավանդական փոխհարաբերությունները։ Այդ ժամանակաշրջանում ֆուերիստների շարժումը հանդես եկավ շրջանային խարտիաների համակարգի (ֆուերոս) պաշտպանության դիրքերից և Մադրիդի՝ կենտրոնացման ձգտող ազատական կամ պահպանողական կառավարություններից տարածքային ինքնավարության պահանջով։ Կենտրոնական կառավարությունը որդեգրեց հյուսիսային նահանգների նկատմամբ բռնի կաստելականացման քաղաքականությունը։

Բասկերի երկրի քարտեզը Իսպանիայի ընդհանուր քարտեզի վրա (ներկայացված է կարմիր գույնով)

Ձգտելով Իսպանիայի կենտրոնացմանը՝ մադրիդյան իշխանությունները կառլիստական երկրորդ պատերազմից հետո սկսեցին վերացնել շրջանային ֆուերոս համակարգը՝ այն փոխարինելով «տնտեսական համաձայնագրերով» (conciertos económicos), ինչը, շրջաններում սոցիալ - տնտեսական շերտավորման աճի պայմաններում հանգեցրեց բասկյան և կատալոնյան ազգային զգացմունքների արթնացման։ Այդպիսով, պատերազմները, որոնք իսպանական նահանգների մեծ մասի համար բերեցին նոր ազատություններ, բասկերի համար միանգամայն հակառակ ազդեցությունն ունեցան։ Բասկյան ազգայնականության աճի գործընթացում կարևոր դերակատարում ունեցավ տնտեսական զարգացումը, քանի որ Իսպանիայի հյուսիսային շրջանների, այդ թվում նաև՝ բասկյան նահանգների արդյունաբերականացումը կրում էր առավել ակտիվ բնույթ, քան Իսպանիայում ամբողջությամբ վերցրած։ Սակայն սոցիալ-մշակութային ոլորտում բասկյան հասարակությունը մինչև 19-րդ դարի վերջին քառորդում պահպանեց ագրարային, պահպանողական-ավանդական նկարագիրը և տարբերվում էր կրոնականության բարձր մակարդակով (բասկերը երկար ժամանակ համարվում էին Եվրոպայի ամենակրոնականացված ժողովուրդը)։ Բասկյան ազգայնական շարժման ձևավորման գործընթացում կարևոր դեր կատարեց կառլիստների շարժումը։ Միևնույն ժամանակ նշանակալի ազդեցություն կատարեց 19-րդ դարում Եվրոպայում ազգայնականության նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը։ Բասկյան ազգայնական կուսակցության հիմնադիրն է Սաբինո Արանան, ով նոր կառույցը ստեղծել է հակաազատականության կաթոլիկ ինտեգրացման հիման վրա՝ շեշտադրում կատարելով բասկերի ռասայական մաքրության վրա։ Կուսակցության դոկտրինի հիմքում դրվել էր ֆորմալ դիցաբանությունը, ինչի հետևանքով բասկյան էթնիկ ազգայնականությունը ծնվեց ոչ թե ավանդական լեզվաբանական տարբերությունների վրա, որի ժամանակ որոշիչ գործոն է համարվում լեզուն, այլ էթնիկ պատկանելիության։ Կուսակցությունը մերժում էր (հաճախ ատեության հասնող ձևով) իսպանական ամեն բան, քանի որ, ըստ նրանց, Իսպանիան ստրկացրել էր Էուսկադին (Բասկերի Երկիրը), ըստ էության, այն դարձնելով իր գաղութը։ Այդ հանգամանքն էլ, ըստ կուսակցության գաղափարակիրների, վտանգում էր բասկյան էթնոսի առանձնահատկությանը[2]։ Սակայն պետք չէ Արանային մեղադրել Իսպանիայի ուղղությամբ ունեցած դիրքորոշման համար. բասկյան ազգայնականության ձևավորումը կատարվել է Իսպանիայում ուշացած կապիտալիստական հարաբերությունների զարգացման համատեքստում, որի հիմնական խթանը դարձավ գաղութացման հարցը։

Բասկերի երկրի դրոշը

Այդ գործընթացների հիմնական խոչընդոտ է հանդիսացել այն փաստը, որ մինչ այդ իսպանական վերնախավը, որը լիովին Լատինական Ամեր իկայից հոսող հարստությամբ, հատուկ կարիք չի ունեցել արագացնել մետրոպոլիայի արդյունաբերականացումը, ինչպես և կապիտալիզմի զարգացումը[3]։ Իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով վերջին գաղութների կորուստը լուրջ հարված հասցրեց իսպանական բուրժազիայի տնտեսական հետաքրքրություններին և ինքնասիրությանը[4]։

Միգել Պրիմո դե Ռիվերայի բռնատիրական կառավարման ժամանակաշրջանում բասկյան ազգայնական շարժումը գործում էր մշակութային և սպորտային համայնքների կարգավիճակով՝ փաստացի այդպիսով քողարկելով իր իրական գործունեությունը։ Բասկյան ազգայնականության շարժումը օգտագործեց կառլիզմը կաթոլիկ եկեղեցուն աջակցելու նպատակով, որը դիտարկում էին որպես բասկյան նահանգների մեծ մասում ընդդեմ փախ հակակառլիկականության։ Մինչև մեր օրեր բասկախոս շրջաններում հատկանշական է ամբողջ Իսպանիայի մասշտաբով գործազրկության ամենացածր մակարդակը։ Ամբողջ 1920-ական և 1930-ական թվականների ընթացքում բասկյան առաջին ազգայնական կազմակերպությունը իր գործունեությունը հաճախ քողարկում էր սպորտային ակումբի կամ ֆոլկլյորային կազմակերպության քողի ներքո, ինչը բասկ ազգայնականներին օգնեց մնալ աննկատ, երբ երկիրը գործնականում ղեկավարում էր գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան։ 1960-ական թվականները դարձան ազգային զայրույթի ժամանակաշրջան։ Ֆրանկոյի կառավարման ժամանակաշրջանում բասկերենը գործնականում գրեթե ամբողջությամբ արգելվեց (բացառությամբ եկեղեցու և մշակույթի տների)։ Բացի այդ, արդյունաբերական ձեռնարկություններում աշխատելու նպատակով դեպի առավել զարգացած բասկախոս շրջաններ սկսվեց Իսպանիայի հարավի աղքատ շրջանների իսպանացի գյուղացիների ներհոսքը։

Բասկերի երկիր և ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բասկերի երկիր և ազատություն» կազմակերպության զինանշանը

Բասկյան անջատողականության առանցքային գործոններից մեկը հանդիսանում է «Բասկերի երկիր և ազատություն» կամ որ հաճախ հակիրճ անվանում են ԷՏԱ-ն է։ Այն իրենից ներկայացնում է բասկյան ձախ ծայրահեղական, ազգայնական անջատողականների կազմակերպություն, որը հանդես է եկել Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բասկերի Երկրի անկախության օգտին։ Կազմակերպությունը գոյություն է ունեցել 1959 թվականից մինչև 2018 թվականը։ ԷՏԱ կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականի հուլիսի 31-ին որպես գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության դեմ պայքարող շարժում Բասկերի ազգայնական կուսակցության մի քանի երիտասարդ անդամների կողմից, ովքեր դժգոհ էին իրենց կուսակցության կողմից զինված պայքարից հրաժարվելուց։ Կազմակերպության կազմակերպչական ժամանակաշրջանը ռազմական ճակատի ստեղծմամբ ավարտվեց 1962 թվականին տեղի ունեցած բասկյան ազգայնականների համագումարով։ Կազմակերպության հիմնական նպատակ հայտարարվեց բասկերի անկախ պետության ստեղծումը, որը կոչվում է Էուսկադի[5]։ 1960-ական թվականների սկզբներից ԷՏԱ-ի անդամները որդեգրում են պետական պաշտոնյաների և ժանդարմերիայի անդամների նկատմամբ հարձակումներ իրականացնելու քաղաքականություն, ինչպես նաև սկսում են ոստիկանության բաժանմունքների, զորանոցների և երկաթուղային գծերի պայթեցումներ։ 1962 թվականին ավտորիտար ֆրանկիստական վարչակարգի իրականացրած պատժիչ գործողություններից հետո «Բասկերի երկիր և ազատություն» կազմակերպությունը ստիպված էր որոշակի ժամանակահատվածով ձեռնպահ մնալ ակտիվ գործողություններից։ Կազմակերպության վերականգնողական շրջափուլն ավարտվեց 1964 թվականին, ինչից հետո ԷՏԱ-ի զինված գործողությունները ստացան պարբերական բնույթ[5]։ 1960-ական թվականներին Իսպանիայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ԷՏԱ-ի հետ բանակցություններ վարել, և միևնույն ժամանակ, զանգվածային լրատվական միջոցների տվյալներով կողմերը պահպանում էին ոչ պաշտոնական հարաբերություններ։ Այդ ժամանակաշրջանում 15-րդ համաժողովի ժամանակ ԷՏԱ-ից առանձնանում է կազմակերպության ծայրահեղական թևը (ЭТА-VI), որը որդեգրում է պայքարի միայն սաբոտաժի ու ահաբեկչական մեթոդների եղանակը։ Որպես հետևանքո 1960-ական թվականների վերջում ԷՏԱ-ն սկսեց ընթանալ «հեղափոխական» ահաբեկչության ուղիով։ Այդ ժամանակվանից մինչ օրս կազմակերպության կատարած գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 850 մարդ։ Այդ տարիներին կազմակերպության առավել հնչեղություն ստացած գործողությունն էր Սան Սեբաստիանի ոստիկանապետ Մելիտոն Մանսանասի սպանությունը[6]։ 1973 թվականին ԷՏԱ-ն իրականացրեց իր առավել հայտնի գործողություններից մեկը՝ Իսպանիայի կառավարության նախագահի պաշտոնում Ֆրանցիսկո Ֆրանկոյի իրավահաջորդ ադմիրալ Լուիս Կարերո Բլանկո[5]։

1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո՝ 1978 թվականին «Բասկերի Երկիրը» ստացավ լայն ինքնավարություն և այսօր օգտվում է այնպիսի իրավունքներից, որպիսիք չունի երկրի մեկ այլ տարածք։ Այնուամենայնիվ, ԷՏԱ-ն նախկինի պես պահպանում է լիակատար անկախության կարգախոսներ։

ԷՏԱ կազմակերպության մարտիկները 2006 թվականին տեղի ունեցած միջոցառման ժամանակ

ԷՏԱ-ի շփումները իշխանությունների հետ ակտիվացան 1970-ական թվականների երկրորդ կեսին՝ այսպես կոչված ֆրանկիստական բռնապետությունից դեպի ժողովրդավարության անցման ժամանակաշրջանում, սակայն անջատողականները հրաժարվեցին դադարեցնել զինված պայքարը առաջարկված համաներման դիմաց։ Այդ ժամանակաշրջանում չեզոքացվեցին ժողովրդավարական փոփոխությունների կողմնակից գեներալ-լեյտենանտ Կ.Լակասին և բասկյան սոցիալիստների առաջնորդը[6]։ 1988 թվականի հունվարին ԷՏԱ-ն հայտարարեց միակողմանի զինադադար ի պատասխան Իսպանիայի համազգային և շրջանային կուսակցությունների կողմից ստորագրված համաձայնագրի, որը կոոչ էէր անում բասկերի հետ բանակցություններ սկսել։ Այնուամենայնիվ, բանակցությունները, որոնք տեղի ունեցան 1989 թվականի հունվարին Ալժիրում, ոչ մի արդյունքի չհանգեցրեցին։ 1998 թվականի սեպտեմբերի 16-ին ԷՏԱ-ն հայտարարեց ահաբեկչական գործունեության լիակատար և անժամկետ դադարեցման մասին։ Ի պատասխան այդ քայլի՝ Իսպանիայի իշխանությունները բանտից ազատ արձակեցին ԷՏԱ-ի մի շարք ակտիվիստների։ Բայց 14 ամիս անց անջատողականները դուրս եկան զինադադարից։ 2003 թվականին արգելվեց ԷՏԱ-ի քաղաքական թև հանդիսացող «Բատասունա» կուսակցության գործունեությունը։ 2004 թվականի փետրվարին Կատալոնիայի վարչապետի և ԷՏԱ-ի քաղաքական առաջնորդ Միքել Ալբիուսի ոչ հրապարակային բանակցություններից հետո ԷՏԱ-ն հայտարարեց Կատալոնիայի տարածքում կրակի միակողմանի դադարեցման մասին։ 2004 թվականի հոկտեմբերին ֆրանսիական Պիրենեյներում ձերբակալեցին ԷՏԱ կազմակերպության առաջնորդ Միկել Ալբիսու Իրիարտեյին (Միկել Անտաս մականունով) և նրա երկու տասնյակ համախոհներին։ Այդ ժամանակ հայտնաբերեցին նաև զենքի, հարյուրավոր կիլոգրամ պայթուցիկի պահեստներ, զինյալների վարժանքների տարածքը, ինչից հետո իշխանությունները հայտարարեցին, որ ԷՏԱ-ն «արյունաքամ է եղել», բայց արդեն մի քանի օր անց պայթյունները վերսկսվեցին։ Եվ այնուամենայնիվ, այդ ձերբակալություններից հետո ԷՏԱ-ն կոչ արեց իսպանական իշխանություններին հակամարտության կարգավորման նպատակով քաղաքական համաձայնության գալ։ 2005 թվականի մայիսին Իսպանիայի խորհրդարանը (բոլոր կուսակցությունները, բայց Ժողովրդականից) սատարեցին այդ նախաձեռնությունը այն պայմանով, որ բասկերը կհրաժարվեն բռնություն գործադրելուց։ Իսպանիայի կառավարությունը այդպիսի բանակցություններ վարելը հավանության արժանացրեց այդպիսի պայմաններով։ Ի պատասխան այդ որոշումների՝ ԷՏԱ-ի ծայրահեղականներն իրականացրեցին մի քանի պայթյուններ։ 2005 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ իսպանական իշխանությունների և անջատողականների միջև «անուղղակի շփումների» մասին, որի նպատակն էր սկսել պաշտոնական բանակցություններ։ 2006 թվականի մարտի 22-ին ԷՏԱ-ն հայտարարեց, որ «կրակի անժամկետ դադարեցման մասին»։ Գրոհայինները հայտնեցին, որ զինյալ պայքարից հրաժարվելու դիմաց մտադիր են հասնել մի քանի հարյուր բասկ ազատազրկվածների համաներման, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, ինչպես նաև ԷՏԱ-ի քաղաքական թևը հանդիսացող «Բատասունա» կուսակցության օրինականացում։ 2006 թվականի մայիսի 22-ին Իսպանիայի վարչապետ Խոսե Սապատերոն հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել բասկյան անջատողականների հետ։ 2006 թվականի հուլիսի 6-ին իսպանական Սան Սեբաստյան քաղաքում սկսվեցին առաջին պաշտոնական խաղաղ բանակցությունները ԻԻսպանիայի իշխող Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության և արգելված «Բատասունայի» ներկայացուցիչների միջև։ Առաջին փուլում «Բատասունայի» առաջնորդներից ակընկալվում էր ահաբեկչության պաշտոնական քննադատություն և պայքարի բռնի մեթոդներից հրաժարում։ Իսպանական իշխանություններին ներկայացնում էր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության բասկյան բաժանմունքի ղեկավար Պարի Լոպեսը, իսկ բասկյան անջատողականներին՝ «Բատասունայի» առաջնորդ Առնոլդո Օտեգին։

ԷՏԱ կազմակերպության մարտիկ Էուգենիո Գուտիերեսի հիշատակին նվիրված մեծարման հուշահամալիր։ Սպանվել է Իսպանիայի հակաահաբեկչական ազատագրական խմբերի կողմից

Ինչպես ցույց են տալիս հարցումները ԷՏԱ-ի հետ խաղաղության բանակցություններին կողմ են հանդես եկել իսպանացիների մեծ մասը։ Սակայն այդ բանակցություններին դեմ արտահատվողները նույնպես քիչ չէին։ Վերջինները կարծում էին, որ բասկյան գրոհայինների դեմ պետք է պայքարել ուժային մեթոդներով մինչև «վերջնական հաղթանակ»՝ նրանց հետ չմտնելով ոչ մի տեսակ շփման մեջ։ Խաղաղության բանակցություններից կարճ ժամանակ առաջ ծայրահեղական պահպանողական ոչ կառավարական «Արժանապատվություն և արդարություն» կազմակերպությունը դիմել էր դատարան, որպեսզի արգելվի «ահաբեկիչների հետ հանդիպումը»։ Ակտիվ կերպով բողոքում էին նաև Ահաբեկչության զոհերի հարազատների ասոցիացիան։ Միևնույն ժամանակ, ԷՏԱ-ի դեմ պայքարը ցույց է տալիս, որ այս հակամարտությունը ուժային միջոցներով հնարավոր չէ ավարտել։ Փարձագետները կարծում են, որ վերջին մի քանի տարիներին Ֆրանսիայի և Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից ԷՏԱ կազմակերպությանը հասցված հարվածները էապես թուլացրել էն խմբավորմանը։ Սակայն Եվրոպոլի կարծիքով, ԷՏԱ-ն դեռևս լուրջ աջակցություն ունի Բասկերի Երկրի երիտասարդության շրջանում, որոնցից այն հեշտորեն հավաքագրում է նոր անդամների։ Իսկ Ֆրանսիայի փոխարեն, որտեղ ԷՏԱ կազմակերպությունը նախկինում համարում էր իր հենակայան, սկսեց այդ նպատակով օգտագործել Եվրոպայի այլ երկրներ։ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Իսպանիայի վարչապետ Սապատերոն հայտարարեց ԷՏԱ կազմակերպության հետ բանակցությունների ավարտի մասին այն բանից հետո, երբ վերջինը իր վրա վերցրեց Մադրիդի Բարախաս օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն իրականացվել էր խմբավորման գրոհայինների կողմից նույն օրն առավոտյան։ Օդանավակայանում հնչած պայթյունի հետևանքով սպանվեց Էկվադորի երկու քաղաքացի, ևս չորս մարդ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ըստ մասնագետների գնահատականների՝ ականապատված ավտոմեքենայում եղել է մոտավորապես 200 կիլոգրամ պայթուցիչ։ Պայթյունի հետևանքով օդանավակայանի շենքը կրել է լուրջ վնասներ։ Այդպիսով, ԷՏԱ կազմակերպությունը պաշտոնապես խախտեց զինադադարը, որը հայտարարվել էր 2006 թվականի մարտի 22-ին բասկյան անջատողականների կողմից։ 2007 թվականի հոկտեմբերի 9-ին ԷՏԱ-ի գրոհայինը ականապատել էր սոցիալիստ-քաղաքագետի թիկնապահի ավտոմեքենան։ Պայթյունի հետևանքով թիկնապահը ստացավ լուրջ վնասվածքներ։ 2008 թվականի մայիսի 20-ին ֆրանսիական Բորդո քաղաքում ձերբակալվեց ԷՏԱ-ի ղեկավար Խավեր Լոպես Պենյան, ով հայտնի էր նաև որպես Տերրի անունով։ Իսպանիայի անվտանգության ծառայությունը նրան փնտրում էր 1983 թվականից[7]։ 2008 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի գերագույն դատարանի որոշմամբ ԷՏԱ կազմակերպության հետ կապեր ունենալու համար արգելվեց Բասկերի ազգային գործողություն կուսակցությունը։ Այդ որոշումը կուսակցության կողմից բողոքարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վերջինը թողեց Իսպանիայի գերագույն դատարանի որոշումն անփոփոխ։ 2008 թվականի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց Միգել Ռուբինայի (Չերոկի կեղծանվամբ) ձերբակալության մասին, ում Իսպանիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները համարում էն Լոպես Պենի Տերիի ձերբակալությունից հետո ԷՏԱ կազմակերպության առաջնորդ։ 2009 թվականի հուլիսի 29-ի վաղ առավոտյան իսպանական Բուրգոս քաղաքում պայթեց ականապատված ավտոմեքենա, որը կայանված էր Քաղաքացիական գվարդիայի զորանոցի մոտ։

ԷՏԱ կազմակերպության ձերբակալված անդամներին աջակցության երթ, Բիլբաո, 2014 թվական

Պայթյունի հետևանքով 46 մարդ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա վերցրեց բասկյան ԷՏԱ անջատողական կազմակերպությունը։ Ավտոմեքենայի պայթյունը վնասեց զորանոցի 14 հարկանի շենքը, որտեղ բնակվում էին ոստիկաններն իրենց ընտանիքների հետ միասին։ Հենց նրանք հայտնվեցին վնասվածքներ ստացած քաղաքացիների ցուցակում։ 38 անձի բժշկական օգնություն ցուցաբերվեց հիվանդանոցում։ Իսպաննիայի Ներքին գործերի նախարարության տեղակայն կառույցի ներկայացուցիչ Մ.Ալեխոն հայարարեց, որ պայթյունի վայրում առաջացել է խոռոչ, որը լցվել է վնասված ջրատար խողովակից հոսող ջրով։ Պայթյունի հետևանքով վնասվեցին նաև ոստիկանության զորանոցին հարակից մի քանի շենքեր։ Այնտեղ կոտրվել էին պատուհանների ապակիները և քանդվել միջսենյակային պատերը։ Դեպքի վայր էր ժամանել Իսպանիայի Ներքին գործերի նախարար Ալֆրեդո Ռուբալկաբան։ 2009 թվականի օգոստոսի 9-ին բասկյան ԷՏԱ կազմակերպությունը Պալմա դե Մալյորկա քաղաքի ծովափին իրականացրեց ահաբեկչական գործողություն՝ պայթյունի տեսքով։ Ռուբի հզորությունը փոքր էր, այդ իսկ պատճառով պայթյունի հետևանքով ոչ ոք չտուժեց։ 2010 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի և Իսպանիայի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների հետևանքով ձերբակալվեց ԷՏԱ կազմակերպության առաջնորդ Իբոնա Արոնատեգուն։ 2010 թվականի սեպտեմբերի 5-ին բասկյան անջատողական ԷՏԱ կազմակերպությունը հանեդ եկավ զինված պայքարից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ։ ԷՏԱ-ն նաև հայտնեց, որ Բասկերի Երկրի անկախության համար պայքարում կսահմանափակվեն միայն խաղաղ գործողություններով։ Սակայն իսպանական հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ԷՏա կազմակերպության զինված պայքարից հրաժարվելու մասին հերթական հայտարարությունը «ոչ բավարար»[8][9]։ 2011 թվականի հունվարի 11-ին ԷՏԱ-ն հայտնեց զինված պայքարից հրաժարվելու մասին[10][11]։ Նույն թվականին կազմակերպությունը ևս մեկ անգամ հաստատեց զինված պայքարից հրաժարվելու մասին[12]։ 2011 թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Իսպանիայի համընդհանուր խորհրդարանական ընտրություններում «Ամայուր» բասկյան ազգայնական դաշինքը, որի կորիզը, ինչպես ենթադրվում է, կազմում էին ԷՏԱ կազմակերպության հետևորդները, ստացավ պատգամավորական 7 մանդատ և հնարավորություն կորտեսում ստեղծել սեփական ֆրակցիան[13]։ Այդ պատմական հաջողության հետ կապված ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ ԷՏԱ-ն շուտով կդադարի գոյություն ունենալ (որպես օրինակ տես նապկին գրոհայինԻնչպես ցույց են տալի Էդուարդո Ուրիարտեյի հարցազրույցը[14]): 2018 թվականի ապրիլի 16-ին ԷՏԱ-ն հայտարարեց ինքնալուծարման մասին[[15], բայց իր հայտարարությունը հրապարակեց միայն մայիսի 2-ին[16][17]։

Կատալոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի քարտեզը Իսպանիայի ընդհանուր քարտեզի վրա (ներկայացված է կարմիր գույնով)

Կատալոնյան անջատողականությունը ունի դարերի պատմություն։ Այն մշտապես ուղեկցվել է Կաստիլիայի և Կատալոնիայի հակամարտությամբ, որը հաճախ արտահայտվել է Մադրիդի ու Բարսելոնայի միջև քաղաքական, սոցիալ տնտեսական սուր դիմակայությամբ։ Կատալոնական անջատողականությունը պահանջում է կատալոնական բոլոր հողերի առանձնացում Իսպանիայից և Ֆրանսիայից, որոշ դեպքերում հարց է բարձրացվում Իտալիային պատկանող Սարդինիա կղզու մի մասի, մասնավորապես Ալգերոյի, ինչպես նաև Անդորրա վերաբերյալ։ Կատալոնական անջատողականությունը հատկապես ակտիվացել է վերջին շրջանում։ Կատալոնական անջատողականությունը հայտնի է նաև որպես Կատալոնիայի անկախացման համար շարժում կամ Կատալոնիայի անկախության շարժում, որը իրենից ներկայացնում է քաղաքական գործընթաց։ Նրանք պայքարում են Կատալոնիայի անկախացման և որպես ինքնուրույն պետություն հանդես գալու համար։ Շարժման առաջնորդների նպատակը Կատալոնիայի պատմական հողերի վրա Իսպանիայի թագավորությունից առանձին պետության ստեղծումն է։ Կատալոնիայի անկախացման համար մղվող անջատողական պայքարը հաճախ նույնացվում է շոտլանդական նմանատիպ շարժման հետ։ Շոտլանդիայի անջատողական ուժերը, որոնք, ի դեպ, բավականին ազդեցիկ են, պայքարում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար։ Արդեն երկար ժամանակ գտնվելով Իսպանիայի թագավորության կազմում՝ կատալոնացիները բազմիցս ապստամբություններ են բարձրացրել կենտրոնական իշխանությունների դեմ, որոնք հիմնականում անհաջողությամբ են ավարտվել։ 1871 թվականին կատալոնացիները Իսպանիայի կազմից դուրս գալու և առանձին պետություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունների մեջ են մտնում կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դրական արդյունք չունեցան կատալոնացիների համար։ Ներկայումս գործող կատալոնական անջատողական շարժումը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։ Մինչև Իսպանիայի ռազմականացումը և գեներալ Ֆրանկոյի իշխանության գալը, Կատալոնիային հաջողվել էր ստեղծել Կատալոնական դաշինք, իսկ որոշ ժամանակ անց նաև Կատալոնիայի ինքնավար մարզը։ 1930-ական թվականների անջատողական շարժումը նոր վերելք ապրեց։ Կատալոնացիները բավականին հզոր ապստամբություն բարձրացրեցին։ Նրանք պայքարում էին նաև Ֆրանկոյի բռնապետական ռեժիմի դեմ։ Սակայն, Ֆրանկոն կարողացավ ճնշել կատալոնական անկախական տրամադրությունները։ Բռնապետ Ֆրանկոյի ռեժիմը, ինչպես նաև զանգվածային բռնությունները հատկապես կատալոնացիների նկատմամբ, ստիպեցին կատալոնական անջատողական ուժերին դիմել ավելի լուրջ քայլերի, որն էլ իր հերթին հանգեցրեց այն բանի, որ Կատալոնիայի բնակչության արդեն գրեթե 100 %-ը ցանկանում էր մարզը տեսնել ինքնավար մարզի կարգավիճակով։

Կատալոնական հողերի դրոշն ու Կատալոնիայի անկախության խորհրդանիշը՝ Էսթելադան

1979 թվականին Կատալոնիան ստացավ ինքնավարություն, որին հետևեց «կատալոներենը որպես պաշտոնական լեզու ճանաչելու մասին» օրենքի ընդունումը։ 2006 թվականին ընդունվեց «նոր ինքնավար մարզի կարգավիճակի մասին» օրենքը, որով ընդլայնվում էին մարզի ֆինանսական հնարավորությունները[18][19][20][21][22]։ Չնայած այս ամենին, 2009-2010 թվականներին անցկացվեցին ոչ պաշտոնական հարցումներ, որոնք վկայում էին այն մասին, որ Կատալոնիայի բնակչության 90 %-ից ավելին կողմ է Կատալոնիայի անկախացմանը։ 2012 թվականի «Անկախության շքերթ»-ին մասնակցեցին 1,5 միլիոնից ավել մարդ։ Նրանք հանդես էին գալիս «Կատալոնիա՝ առանձին եվրոպական պետություն» կարգախոսով։ 2012 թվականի նոյմեբերի 25-ին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն ունեցան անջատողական ուժերի վրա։ Հենց նրանց թեկնածուները Կատալոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաղթանակներ տարան կենտրոնական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ և խորհրդարանում կազմեցին ճնշող մեծամասնություն։ 2013 թվականի հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանում ընդունվեց «Կատալոնիայի ինքնավարության մասին» հռչակագիրը։ Ըստ այդ հռչակագրի Կատալոնիան ստացավ ինքնավարություն թե՛ քաղաքական և թե՛ իրավական առումներով[23]։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Կատալոնիայի կառավարությունը 2014 թվականի նոյեմբերի 9-ը նշանակեց հանրաքվեի կամ ինքնորոշման օր, որտեղ կատալոնացիները պետք է պատասխանեին հետևյալ հարցին՝ «Պետք է արդյոք Կատալոնիան լինի պետություն», դրական պատասխանի դեպքում անհրաժեշտ է պատասխանել նաև երկրորդ հարցին, այն է՝ «Պետք է արդյոք Կատալոնիա պետությունը լինի անկախ»[24][25][26][27]։ Իսպանական կառավարությունը, սակայն, կարծում էր, որ հանրաքվեն ընդհանրապես չպետք է կայանա[28][29]։ Իսպանիայի կառավարության 2014 թվականի ապրիլի 13-ի և Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում կատալոնական կառավարությունը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին սառեցրեց հանրաքվեի ընդունած արդյունքը։ Դրա փոխարեն 2014 թվականի նոյմեբերի 9-ին անցկացվեց Կատալոնիայի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցում, որը սակայն չուներ որևիցե իրավաբանական ուժ։ Նշենք նաև, որ հարցվածների 80,8%-ը կողմ էին արտահայտվել Կատալոնիայի անկախացմանը. հարցմանը մասնակցություն էին ունեցել 2,25 միլիոն մարդ[30]։

Կատալոնիայի անկախությունը պահանջոց ավելի քան 1,5 միլիոն կատալոնացիներ երթ են իրականացնում Բարսելոնայում

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, որի մեջ մտան «Միասին ասենք «Այո»» (Junts pel Sí) և «Ժողովրդական միասնության թեկնածուները» (CUP): Նրանք մշակեցին օրինագիծ, որի արդյունքը Կատալոնիայի անկախացումը պիտի լիներ։ Փաստաթղթում մասնավորպես ասվում էր, որ եկել է ժամանակը Կատալոնիա պետության ստեղծման համար[31]։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին կատալոնական խորհրդարանը 73-ը 62-ի հարաբերակցությամբ ընդունեց օրինագիծ՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։ Ընդունված օրինագիծը հաստատվեց նաև Կատալոնիայի սահմանադրական դատարանի կողմից, որը խորհրդարանին թույլ տվեց կյանքի կոչել ընդունած օրենքը։ Որոշումն ընդունվեց միաձայն 11 դատավորների կողմից[32]։ Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ հաղթանակ տարած կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին «անկախության հստակ մանդատի մասին» և սկսեցին անկախացման բարդ ու դժվարին գործընթացը։

2017 թվականի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2017 թվականի հոկտեմբերի 1-ին[33]։ Քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին՝ «Ցանկանու՞մ եք դուք, որ Կատալոնիան լինի անկախ պետություն հանրապետական կառավարման ձևով»[34]։

Կատալոնիայի անկախության հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի խորհրդարանը Կառլես Պուչդեմոնի գլխվորությամբ ընդունում է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

2013 թվականի հունվարի 23–ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց Ինքնիշխանության և Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հռչակագիր, իսկ արդեն 2015 թվականի նոյեմբերի 9–ին այդ նույն մարմնի կողմից ընդունվեց Կատալոնիայի անկախության գործընթացի մեկնարկի հռչակագիրը։ 2017 թվականի սեպտեմբերի 8–ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց «Իրավական անցման և հանրապետության ստեղծման օրենքը», որը պարունակում էր իրավական գործընթացների մասին այնպիսի դրույթներ, որոնց համաձայն եթե Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի միջոցով Կատալոնիայի բնակչության համաձայնության դեպքում Կատալոնիան կարող է հռչակել իր անկախությունը։

2017 թվականի հոկտեմբերի 1–ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքների համաձայն բնակչության մեծամասնությունը կողմ էր Կատալոնիայի անկախությանը։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Կառլես Պուչդեմոնի և խորհրդարանի այլ անդամների կողմից ընդունվեց Կատալոնիայի անկախության հռչակագիրը[35]։ Խորհրդարանի առջև ելույթի ժամանակ Պուչդեմոնը հայտարարեց, որ անկախության մասին պաշտոնական հայտարարությունը կարվի մի քանի շաբաթ անց[36][37], որպեսզի բանակցություններ սկսի իսպանական իշխանությունների հետ[37]։ Դրան ի պատասխան՝ հոկտեմբերի 21–ին Իսպանիայի կառավարությունը սկսեց Կատալոնիային ինքնավարությունից զրկելու գործընթաց։ Հոկտեմբերի 27–ին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (52%) հաստատեց երկրի անկախության հռչակումը[38]։ Համաձայն հռչակագրի՝ ուժի մեջ է մտնում Կատալոնիայի հանրապետության՝ որպես անկախ պետության սահմանադրությունը։ Փաստաթղթում ասվում է նաև Իրավական անցման և հանրապետության ստեղծման օրենքի ուժի մեջ մտնելու և իշխանության անհրաժեշտ մարմինների ձևավորման մասին[39][40][41]։

2017 թվականի հոկտեմբերի 11–ին Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը Կառլես Պուչդեմոնից պահանջեց մինչև 2017 թվականի հոկտեմբերի 16–ի ժամը 10:00–ն պատասխանել այն հարցին, թե արդյոք հռչակվել է Կատալոնիայի անկախությունը և դրական պատասխանի դեպքում մինչև 2017 թվականի հոկտեմբերի 19–ի ժամը 10:00–ը ժամանակ է տալիս այդ որոշումը փոխելու համար[37]։ Անկախության հռչակման մասին հաստատումը ստանալուց հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 21–ին պաշտոնական Մադրիդը սկսեց Կատալոնիային ինքնավարությունից զրկելու գործընթաց։ Իսպանիայի կառավարության ղեկավարը անմիջապես պաշտոնից հեռացրեց Կառլես Պուչդեմոնին և 2017 թվականի դեկտեմբերի 21–ին նշանակեց Կատալոնիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 28–ին պաշտոնական Մադրիդը Կատալոնիայի ղեկավարի պարտականությունների իրականացումը հանձնեց Իսպանիայի փոխվարչապետին։ 2017 թվականի հոկտեմբերի 31–ին Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց Կատալոնիայի անկախության հռչակագիրը։

Կառլես Պուչդեմոն

2017 թվականի հոկտեմբերի 30-ին Իսպանիայի գլխավոր դատախազ Ժոզե Մանուել Մազան Կառլես Պուչդեմոնի և Կատալոնիայի բարձրագույն իշխանության 13 այլ ներկայացուցիչների ապստամբություն կազմակերպելու և կոռուպցիայի մեղադրանք է առաջադրում՝ պահանջելով նրանց անմիջապես ձերբակալում։ Սակայն Կառլես Պուչդեմոնն արդեն գտնվում էր Բելգիայում՝ խնդրելով իրեն տրամադրել քաղաքական ապաստան)[42]։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 31-ին Եվրոպական միության գրասենյակում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ չի պատրաստվում հասնել փախստականի կարգավիճակի ստացման[43]։ 2018 թվականին հիմնում է «Հանրապետության ազգային կանչ» շարժումը, որպեսզի միավորի Կատալոնիայի անկախության համար պայքարող ուժերին[44]։ 2018 թվականի մարտի 23-ին իսպանական իշխանությունները վերահաստատեցին, որ Կառլես Պուչդեմոնի նկատմամբ հայտարարում են միջազգային հետախուզում՝ նրան մեղադրելով ապստամբություն կազմակերպելու և պետական բյուջեի միջոցները մսխելու մեջ։ Մարտի 25-ին նա Ֆիլլանդիայից ավտոմեքենայով Գերմանիա մեկնելիս գերմանական ոստիկանության կողմից ձերբակալվում է գերմանա-դանիական սահմանին[45]։ Ապրիլի 5-ին գերմանական դատարանի կողմից ազատ է արձակվում և որոշում է ընդունում նրան Իսպանիային արտահանձնելու անհնարինության մասին, քանի որ հակառակ դեպքում նա կդառնար Եվրամիության առաջին քաղաքական հայացքների համար բանտարկյալ (քաղբանտարկյալ)[46]։ 2018 թվականի հուլիսի 20-ին իսպանական դատարանը հետ է կանչում Կառլես Պուչդեմոնի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման օրդերը[47]։

Օքսիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիտանիա տարածքում գործում է շարժում, որը պայքարում է պատմական շրջանի միավորման համար որպես միասնական պետություն։ Շարժման դիրքերը շատ թույլ են, այդ իսկ պատճառով այն գործում է մշակութային հարթությունում՝ զբաղվելով Օքսիտաներեն լեզվի պահպանությամբ և ճանաչելիությամբ[48](ռուս.):

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիայի անջատողական շարժումը ներկայում բավականին թույլ դիրքերից է հանդես գալիս։ Այն երբեմն նույնացվում է կատալոնական շարժման հետ, քանի որ որոշ առումով Վալենսիան ընդգրկվում է Կատալոնական հողերի մեջ։ Անկախության շարժումը ներկայացված է մի քանի կուսակցություններով, որոնք ցանկանում են ստեղծել անկախ պետություն Վալենսիայի ինքնավար համայնքի տարածքում։ Սակայն այդ կուսակցությունները չունեն իրական քաղաքական ուժ։ Վալենսիական ինքնորոշման հիմնական գործոնը հանդիսանում է վալենսերենը, որը բավականին մոտ է կատալոներենին[48][49][50]։

Գալիսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիսիայի մի շարք կուսակցություններ հանդես են գալիս ինքնավար համայնքի անկախության օգտին։ 2002 և 2005 թվականներին իրականացված հարցումների համաձայն Գալիսիայի անկախությանը կողմ են եղել հարցվածների համապատասխանաբար 3% և 10%-ը։ Ինքնավարության կողմնակիցների թիվը ավելի մեծ է։ 2002 թվականի տվյալներով այն կազմել է 27%[48]։

Անդալուզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուզիայում գործում են մի քանի կուսակցություններ, որոնք հանդես են գալիս ինքնավարության ընդլայնման պահանջով։ Անդալուզիայի անկախության պահանջով հանդես են գալիս առանձին մարգինալ խմբեր[48]։

Արագոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնի անջատողական շարժումը, ըստ որոշ վերլուծաբանների, ունի ակտիվացման մեծ ներուժ, որը կապված է պատմական իրողությունների հետ։ Այնուամենայնիվ, ներկայում այն բավականին պասիվ դիրքերից է դրսևորվում։ 2002 թվականին կատարված հարցումների համաձայն հարցվածների միայն 1,2%-ն է պատասխանել, որ կարող են դիտարկել առանձնացման հարցը[48]։

Կանարյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանարյան կղզիներում առկա է բավականին թույլ անջատողական տրամադրություններ։ Որոշ դեպքերում դրանք կապված են պատմական որոշակի իրողությունների, երբեմն էլ՝ Իսպանիայից հեռու լինելու հանգամանքի հետ։ Այնուամենայնիվ, ներկա դրությամբ այստեղ անկախական տրամադրությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա[48]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Milica Zarkovic Bookman, The Economics of Secession, Macmillan Palgrave (1993), ISBN 0-312-08443-9 стр. 111.(անգլ.)
  2. Хенкин, Сергей Маркович ЭТА: расцвет и кризис националистического терроризма в Испании Արխիվացված 2016-03-04 Wayback Machine / С.М. Хенкин // Полития. — 2011. — №4 (63). — стр. 155-171.
  3. Ландабасо Ангуло А. И., Коновалов А. М. Терроризм и этнополитические конфликты. Книга 1. Из истории басков. — М.: издательство «Огни», 2004, ISBN 5-9548-0014-6; стр. 23-49.
  4. Назаренко Ю. Ф. Испанская революция и предательство сталинизма. Колониальный и национальный вопрос.
  5. 5,0 5,1 5,2 Жаринов К. В. Терроризм и террористы. Исторический справочник / Под общей редакцией А. Е. Тараса. — Минск: «Харвест», 1999. — С. 340. — (Коммандос). — 25 000 экз. — ISBN 985-433-694-8
  6. 6,0 6,1 Веденеев, 2006, էջ 125—128
  7. Во Франции арестован глава террористической группировки ETA, lenta.ru, 21.05.2008
  8. «Баски сочли уступки со стороны ETA недостаточными». Лента.ру. 6 сентября 2010 года.
  9. «Баскские сепаратисты объявили перемирие, а итальянские власти настаивают на их самороспуске». Полит.ру. 6 сентября 2010 года.
  10. decreta un alto el fuego 'permanente, general y verificable'(չաշխատող հղում)(իսպ.)
  11. ETA окончательно отказалась от вооруженной борьбы
  12. Lenta.ru: В мире: Группировка ETA объявила о прекращении вооруженной борьбы.
  13. http://www.kommersant.ru/doc/1822079 Баски нашли себе место в парламенте
  14. Ъ-Газета — «Насилие стало бессмысленным».
  15. https://www.eldiario.es/norte/euskadi/ETA-disuelve-completamente-estructuras-carta-terrorismo-Euskadi-Aiete_0_767123476.html
  16. «Баскская сепаратистская группировка ЭТА объявила о самороспуске». Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  17. «ETA adelanta por carta que «disuelve todas sus estructuras»». El Diario Vasco (իսպաներեն). 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  18. Enric Prat de la Riba, La nacionalitat catalana (Կատալոնիայի քաղաքացիություն, 1906 р., ISBN 978843937425(կատ.)
  19. (Conversi, Daniele), The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, London, издательство Hurst & Company, 1997 год, ISBN 1850652686)(անգլ.)
  20. Keating, Michael. Nations Against the State: The New Politics of Nationalism in Quebec, Catalonia and Scotland. New York: Palgrave Macmillan, 2001.(անգլ.)
  21. Linz, Juan. «Early State-Building and Late Peripheral Nationalisms Against the State: the Case of Spain.» Building States and Nations: Analyses by Region. Eds. S.N. Eisenstadt, and Stein Rokkan. Beverly Hills: Sage, 1973. 32-116.(անգլ.)
  22. «The idea of Volksgeist in the formation of Catalan nationalist ideology» Ethnic and Racial Studies 6 (1983): 332—350.(անգլ.)
  23. «Каталония провозгласила себя суверенным субъектом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  24. «consulta=17 desembre 2013 President Mas: «El sentit de país ha fet possible el consens per acordar una pregunta inclusiva, majoritària i clara»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. «La consulta, el 9 de novembre de 2014: «Vol que Catalunya esdevingui un Estat? En cas de resposta afirmativa, vol que aquest Estat sigui independent?», editor=Govern de Catalunya». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  26. Catalan President Mas: «The country’s good sense has made it possible to come to a consensus and agree on an inclusive, clear question, which enjoys broad support» Արխիվացված 2013-12-17 Wayback Machine, Government of Catalonia.
  27. Political parties announce date for vote on Catalonia independence, CNN.
  28. Spain to block Catalonia independence referendum, BBC World.
  29. Spain Rejects Call for Catalonia Independence Vote, TIME.
  30. «За независимость Каталонии проголосовали более 80 процентов». Лента.ру. 2014 թ․ նոյեմբերի 10.
  31. Глава МИД Испании назвал ситуацию в Каталонии мятежом.
  32. Парламент Каталонии одобрил резолюцию об отделении от Испании
  33. «Глава правительства Каталонии назвал дату референдума о независимости». РИА Новости (ռուսերեն). 20170609T1201+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  34. «Глава Каталонии заявил, что в Испании не нашли альтернативу референдуму». РИА Новости (ռուսերեն). 20170609T1541+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  35. Глава Каталонии подписал декларацию независимости.
  36. Каталония: декларация о независимости подписана, ее объявление отложено.
  37. 37,0 37,1 37,2 Каталонии дали пять дней на прояснение вопроса с независимостью‍
  38. Большинство каталонского парламента проголосовало за независимость
  39. «Puigdemont declares independence, but suspended to allow for dialogue» (անգլերեն). El Nacional. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «Catalan government suspends declaration of independence» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  41. «Catalan leader proclaims independence but suspends it pending talks» (անգլերեն). Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. «Catalogna, chiesta incriminazione per Puigdemont ma il leader catalano è a Bruxelles» (իտալերեն). la Repubblica. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. Jean-Pierre Stroobants (2017 թ․ հոկտեմբերի 31). «Carles Puigdemont n'entend pas demander l'asile politique en Belgique, mais y reste par « sécurité »» (ֆրանսերեն). le Monde. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  44. «Пучдемон основал новое движение для объединения сепаратистов Каталонии». Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  45. Stephen Burgen and Philip Oltermann (2018 թ․ մարտի 25). «Catalan leader Carles Puigdemont held by German police» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  46. Stephen Burgen and Philip Oltermann (2018 թ․ մարտի 25). «Catalogna: Puigdemont è libero, la Germania nega l'estradizione» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  47. «Catalogne : le leader séparatiste Carles Puigdemont est-il tiré d'affaire?» (ֆրանսերեն). Europe 1 - Le Journal du dimanche. 2018 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 Попов Ф.А., География сецессионизма в современном мире.
  49. Salvador i Gimeno, Carles (1951). Gramàtica valenciana. Associació Cultural Lo Rat Penat. Valencia 1995. ISBN 84-85211-71-5 .
  50. Salvador i Gimeno, Carles (1963). Valencians i la llengua autòctona durant els segles XVI, XVII i XVIII. Institució Alfons el Magnànim. València. ISBN 84-370-5334-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коваль Т. Б. Современная Испания: в лабиринте идентичностей // Культурная сложность современных наций. —М., 2016. — С. 57–71.
  • Brenan, Gerald (1942). The Spanish Labyrinth (Paperback edition 1960 ed.). Cambridge University Press.
  • Carr, Raymond (1966). Spain: 1808–1939. Clarendon Press.
  • Elliott, J.H. (2002). Imperial Spain 1469-1716 (Repr. ed.). London [u.a.]: Penguin Books. ISBN 0-14-100703-6.
  • Fletcher, Richard (2006). Arab Spain (2. paperback print. ed.). Berkeley, Calif. [u.a.]: Univ. of California Press. ISBN 0-520-24840-6.
  • Kern, Robert W. (1995). The regions of Spain : a reference guide to history and culture. Westport, Conn. [u.a.]: Greenwood Press. ISBN 0-313-29224-8.
  • Madariaga, Salvador de (1958). Spain: a modern history. Praeger.
  • Ruiz, Teofilo F. (2001). Spanish society, 1400-1600 (1. publ. ed.). Harlow: Longman. ISBN 0-582-28692-1.
  • Shubert, Adrian (2003 թ․ սեպտեմբերի 2). A Social History of Modern Spain. Routledge. ISBN 978-1-134-87552-8.
  • Wulff, Fernando (2003). Las esencias patrias : historiografía e historia antigua en la construccion de la identidad española (siglos XVI-XX). Barcelona: Crítica. ISBN 978-84-8432-418-8.