Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 2, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Դադիվանք (հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով), հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է։ Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։

12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։

Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական առաջին պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը, մտնում են Ռուսական կայսրության կազմ և հետագայում միավորվում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահագների մեջ։

Դադիվանքն ունեցել է 200 000 հեկտար կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց․․․ Ավելին