Ծեր երաժիշտը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ծեր երաժիշտը
Édouard Manet - Le Vieux Musicien.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1862
բարձրություն187,4 սանտիմետր[1]
լայնություն248,2 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
The Old Musician Վիքիպահեստում

«Ծեր երաժիշտը» (ֆր.՝ Le Vieux Musicien, անգլ.՝ The Old Musician), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) վրձնին պատկանող նկար։ Նկարիչը կտավը ստեղծել է 1862 թվականին։ Նկարը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։ Կտավի չափերն են՝ 187,4 × 248,2 սմ [2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին, «Ծեր երաժիշտը» կտավը ստեղծելուց մեկ տարի առաջ նկարիչ Մանեն տեղափոխվեց նոր արվեստանոց, որը գտնվում էր № 81 տանը՝ Գոյո փողոցում (ֆր.՝ rue Guyot, ներկայիս անվանումը՝ rue Médéric)[4]: Արվեստանոցից ոչ հեռու գտնվում էր մի տարածք, որը հայտնի էր «Petit Pologne» («փոքրիկ Լեհաստան») անունով։ Այստեղ ապրում էին Փարիզի աղքատ խավի ու զանազան զբաղմունքների բնակիչներ։ Նրանզ զգալի մասը ստիպված էր տեղափոխվել այլ վայրեր, որը հետևանք էր քաղաքի նոր հատակագծման և ապաբնակեցման[4][5]։ Էդուարդ Մանեի նկարում պարզորոշ արտացոլված են այդ տարածաշրջանի բնակիչները[5]։

«Ծեր երաժիշտը» կտավը հասարակության համար ցուցադրվել է 1863 թվականին փարիզյան Մարտինե պատկերասրահում (Galerie Marninet): 1867 թվականին այն ցուցադրվել է Մանեի անհատական ցուցահանդեսի ժամանակ Ալմա ավենյուում (Avenue de l'Alma)[2]:

1884 թվականին այս նկարը և Մանեի մյուս շատ ստեղծագործություններ հանվեցին վաճառքի հետմահու կայացած վաճառքի ժամանակ։ 1897 թվականին կտավը գնվեց ֆրանսիացի հավաքորդ, իմպրեսիոնիզմի սիրահար Պոլ Դյուրան Ռյուելի կողմից։ 1906 թվականից նկարը Վագրամի 4-րդ արքայազնի (1883-1918)՝ Ալեքսանդր Բերտյոյի հավաքածուում էր գտնվում։ 1913 թվականին նկարը գնվեց Ավստրիայի պետական պատկերասրահի կողմից (Österreichische Staatsgalerie, ներկայում կոչվում է Բելվեդեր պատկերասրահ)։ Այստեղ կտավը մնաց մինչև 1923 թվականը։ 1930 թվականին նկարի սեփականատերը դարձավ նյույորքցի բանկիր և մեկենաս Չեստեր Դեյլը (1883-1962): 1963 թվականին, Դեյլի մահվանից հետո, նկարը, վերջինիս կտակի համաձայն, փոխանցվեց Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին։

«Ծեր երաժիշտը» ստեղծագործությունը ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է այդտեղ[2][3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է թափառաշրջիկ մի երաժիշտ, որը ձեռքերում պահել է ջութակը։ Նրան շրջապատել են գնչու աղջիկ՝ գրկում նորածին երեխա, երկու փողոցային տղաներ և նույնքան էլ մեծահասակ տղամարդիկ[2]։ Թափառական երաժշտի բնորդը դարձավ ազգությամբ գնչու Ժան Լագրենը (Jean Lagrène), ով ղեկավարում էր տեղական գնչուական երաժշտախումբը։ Երաժշտի նույնականացման համար օգնեցին վերջինիս երկու լուսանկարները, որոնց հեղինակը Ֆիլիպ Ժաք Պոտտոն էր (Phillipe Jacques Potteau): Գլանագլխարկով տղամարդու կերպարը Մանեն այստեղ տեղափոխել և ներառել է իր ավելի վաղ նկարած «Աբսենթի սիրահարը» (1859) կտավից. այդ ժամանակ որպես բնորդ ընտրվել է Կոլարդեն (Colardet)[3]: Կտավի աջ անկյունում նկարված ծեր տղամարդու կերպարի համար որպես բնորդ է աշխատել Գերուն (Guéroult): Երեխաների կերպարների համար որպես բնորդ են ծառայել Լեոնը (գլխարկով երեխան) և Ալեքսանդևը (մուգ գույնի հանդերձանքով երեխան)[5]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46637.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Manet, Edouard — The Old Musician, 1862» (HTML)։ National Gallery of Art։ Վերցված է 12.04.2016 
  3. 3,0 3,1 3,2 «Edouard Manet — The Old Musician, 1862» (HTML)։ National Gallery of Art։ Վերցված է 12.04.2016 
  4. 4,0 4,1 Marylin R. Brown. Manet's "Old Musician": Portrait of a Gypsy and Naturalist Allegory(անգլ.) // Studies in the History of Art. — 1978. — Vol. 8. — P. 77—87.
  5. 5,0 5,1 5,2 «Observing Everyday Life: Édouard Manet» (PDF)։ National Gallery of Art։ Վերցված է 23.04.2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]