Խուրմա սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուրմա սովորական
Tournai AR2aJPG.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Էբենածաղկավորներ
Ընտանիք Էբենազգիներ
Ցեղ Խուրմա
Տեսակ Խուրմա սովորական
Լատիներեն անվանում
Diospyros lotus
Հատուկ պահպանություն


Խուրմա սովորական (լատ.՝ Diospyros lotus), էբենածաղկավորների կարգի, էբենազգիների ընտանիքի տերևաթափ ծառ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ 15, երբեմն՝ 20 մ բարձրությամբ, կլորավուն կամ բրգաձև, սլացիկ սաղարթով և մինչև 35-50, երբեմն՝ 100 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, ճաքճքված։ Երիտասարդ ճյուղերը դեղնադարչնագույն են կամ բաց դեղնավուն, սպիտակ, նշտարաձև ոսպնյակներով ծածկված։ Միամյա ընձյուղները կանաչավուն են, մերկ կամ ծածկված մոխրագույն աղվամազով։ Բողբոջները ձվաձև-նշտարաձև են։

Տերևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

տերևները

Տերևները ամուր թաղանթանման են, երկարավուն-էլիպսաձևից մինչև լայն նշտարաձև և լայն էլիպսաձև, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, սրածայր կամ միանգամից սրացող գագաթով, 5-14 սմ երկարությամբ և 2,5-6 սմ լայնությամբ, ալիքաձև եզրերով, վերևի կողմից վառ կանաչավուն և թեթևակի փայլուն, մերկ կամ ծածկված ցրված մազմզուկներով, ներքևի կողմից ավելի բաց գույնի, մոխրականաչավուն և ծածկված նոսր մազմզուկներով, հատկապես խոշոր ջղերի ուղղությամբ, երբեմն բոլորովին մերկ։ Տերևակոթունները կարճ են, հաստ, ծածկված խիտ մազմզուկներով, 1-1,5 սմ երկարությամբ։ Բացվում են ապրիլին և թափվում են առանց գույնը փոխելու։ Ծաղիկները գրեթե նստադիր են, 4, երբեմն՝ 5 անդամանի, կանոնավոր, բաժանասեռ (այս դեպքում ծառերը երկտուն են), առէջայինները 2-5-ական, հավաքված կիսահովանոցներում, մանր, 2—3 (5) մմ երկարությամբ, կանաչ բաժակով, լայն եռանկյունաձև, սուր բլթակներով։

Պսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ծաղիկը

Պսակը սափորաձև է, համարյա եռակի երկար բաժակից, դեպի դուրս շրջված, կրեմագույն, կարմրագույն և թեթևակի աղվամազապատ կարճ բլթակներով։ Առէջները սովորաբար 16 հատ են, երբեմն՝ 24, մանգաղաձև, մազմզուկապատ փոշանոթներով, հավաքված բրգաձև, որի կենտրոնում գտնվում է ետ զարգացած վարսանդը։ Վարսանդային ծաղիկները խոշոր են, 9-14 մմ երկարությամբ, միայնակ, բաժակը ավելի է կտրատված, քան առէջային ծաղիկներինը, սերմնարանի տակ վարդագույն, գանգուր մազմզուկների օղակով։ Պսակը զանգականման է, կիսով չափ կտրատված, դեպի դուրս շրջված, հաստացած, մոմանման, նարնջագույն բլթակներով։ Առէջների փոխարեն յուրաքանչյուր պսակաթերթիկների հիմքում կան 4 զույգ ստամինոդիումներ։ Սերմնարանը վերնադիր է, գնդաձև, 4-8 բնանի, հիմքում նեկտարանոցներով և սերտաճած 4 սռնակներով, 2 բլթականի ձագարանման սպիով։

Պտուղ ու սերմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը գնդաձև, մանր, 0,8 —1,6 սմ տրամագծով, 2—8 սերմերով, մսալի հատապտուղ է, որը սկզբում կանաչ է, այնուհետև ստանում է բաց նարնջագույն և հասունանալիս կապտասևավուն գունավորում՝ կապույտ խավով։ Սերմերը կիսալուսնաձև են, մինչև 1,1 սմ երկարությամբ և 0,6 սմ լայնությամբ, տափակ են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն։ Ծաղկում է մայիսին և հունիսի սկզբին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Չինաստանում, Հիմալայներում, Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, հիմնականում՝ մշակության մեջ, Նաև վայրիացած, ստորին անտառային գոտում՝ ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Պտուղները օգտագործվում են տեղի բնակիչների կողմից («խռնիկ»), նախնական վերամշակումից հետո։ Հանդիպում է նաև Արարատյան դաշտում, որտեղ մշակվում է հիմնականում Երևանում:

Բնական պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կեղևը

Չնայած ցուրտ և երկարատև ձմռան հետևանքով երբեմն լուրջ ցրտահարվում է (ոչնչանում է նույնիսկ բազմամյա ճյուղերի մի մասը), այնուամենայնիվ, սաղարթը վերականգնվում է, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Լավ է աճում նաև Զանգեզուրի ցածրադիր գոտում և Մեղրիում: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, շատ խոնավասեր է և ջերմասեր։ Խիստ ցրտահարվում է - 20-ից -25 °C սառնամանիքների դեպքում։ Լավ է բազմանում ինքնացանով։

Օգտակար հատկություններ ու կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալիս է առատ արմատային մացառներ, որի շնորհիվ մեծ հեռանկարներ ունի ցածրադիր գոտու հակաէրոզիոն տնկարկներում օգտագործելու համար։ Ապրում է 200-250 տարի։ Պտուղները մոտ 40% շաքար են պարունակում, տերևները աշնանը պարունակում են 1600—3200 միլիգրամ/տոկոս վիտամին C : Մինչև պտղաբերելը արագ է աճում (սեզոնում 0,5 —1,5 մ)։ Արմատային համակարգը մակերեսային է, խիստ ճյուղավորված, որի շնորհիվ միանգամայն հողմադիմացկուն է։ Հզոր հողերում խոր գնացող առանցքային արմատային համակարգ է առաջացնում։ Գեղեցիկ, սլացիկ ծառ է, միանգամայն պիտանի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար։ Կովկասյան խուրմայի ամուր, ճկուն, դեղին գույնի բնափայտը, որը հայտնի է որպես «կանաչ էբենափայտ», լավ է փայլեցվում, հեշտությամբ է մշակվում, օգտագործվում է ատաղձագործության մեջ և խառատային գործում։ Դրանից պատրաստում են կահույք, մաքոք, օգտագործում են որպես շինանյութ։ Էկոլոգիական խումբը IV: Մշակության հավանական շրջանները 9 — 10, 18 — 19, 20 ա, 24-25, 32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 279։