Կարճ կոճղարմատով, ուղիղ ճյուղավոր ցողունով, փետրաձև մասնատված տերևներով, 20-80 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 15 սմ երկարությամբ ստորին տերևները խոշոր են, իսկ վերիններն ու միջինները՝ փոքր և նստադիր։ Զամբյուղները առաջանում են առանձին ճյուղերի գագաթներին։ Փաթաթոցի տերևիկներն ունեն մուգ գորշագույն եզրաշերտ։ Եզրային լեզվակավոր ծաղիկները տարբեր գույների են, երբեմն նաև սպիտակ, դեղին խողովակաձև ծաղիկները հավաքված են զամբյուղների միջին մասում։ Պտուղները կարճ փոփուլիկով կողավոր սերմնիկներ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են թունավոր բարդ եթերներ՝ պիրետրիններ, ցիներիններ, եթերային յուղ, սապոնիններ, խեժ և այլն։ Դեղագործության մեջ ծաղկազամբյուղներից ստանում են պիրետրիններ[1]։