Լուսնի` Երկրին ուղղված կողմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսնի տեսքը Երկրից

Լուսնի` Երկրին ուղղված կողմ, Լուսնի մակերևույթի այն մասը, որը տեսանելի է Երկրից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանի հետևանքով, որ Երկրի` իր առանցքի շուրջը պտույտի ու Լուսնի` Երկրի շուրջը պտույտի շրջանները համընկնում են, Երկրից տեսանելի է Լուսնի միայն մեկ կիսագունդը։ Այս սինքրոն պտույտի պատճառը Երկրի մակընթացային ուժերի ազդեցությունն է Լուսնի զանգվածի վրա[1]։

Լիբրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի լիբրացիա

Լուսնի պտույտները իր առանցքի և Երկրի շուրջ համընկնում են ոչ կատարելապես։ Երկրի շուրջ Լուսինը պտտվում է փոփոխական անկյունային արագությամբ Լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի հետևանքով (Կեպլերի երկրորդ օրենք)։ Լուսնածրի երկրամերձ կետում շարժումն ավելի արագ է, իսկ գագաթնակետում` դանդաղ։ Սակայն Լուսնի պտույտը սեփական առանցքի նկատմամբ հավասարաչափ է։ Դա թույլ է տալիս Երկրից տեսնել Լուսնի հակառակ կողմի արևմտյան ու արևելյան ծայրակետերը։ Այս երևույթը կոչվում է երկայնության օպտիկական լիբրացիա (արբանյակի դանդաղ տատանում)։ Գոյություն ունի լայնության օպտիկական լիբրացիա ևս. Լուսնի պտույտի առանցքը ճիշտ ուղղահայաց չէ նրա ուղեծրի հարթությանը, այդ պատճառով ամիսը մեկ անգամ Երկրից տեսանելի է լինում Լուսնի հակառակ կողմի հյուսիսային և կես ամիս անց` հարավային կողմը։ Այս երևույթների ամբողջությունը թույլ է տալիս Երկրից դիտել Լուսնի մակերևույթի 59 %-ը։

Գոյություն ունի նաև ֆիզիկական լիբրացիա, որը պայմանավորված է արբանյակի տատանումով` կապված միջուկի զանգվածի կենտրոնի խառնման, ինչպես նաև Երկրի կողմից մակընթացային ուժերի գործունեության հետ։ Ֆիզիկական այս լիբրացիայի մեծությունը 0.02° է երկայնությամբ 1 տարվա ընթացքում և 0.04° լայնությամբ 6 տարվա ընթացքում։

Ռելիեֆ և մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1959 թվականը, երբ առաջին անգամ լուսանկարվել է Լուսնի հակառակ կողմը, լուսնագրությունը զբաղվել է միայն տեսանելի կողմով։ Քանի որ Լուսնի մակերևույթի հիմնական դետալները կարելի է դիտել անզեն աչքով, նրա քարտեզագրումը հիմնադրվել է վաղուց, իսկ 17-րդ դարում աստղադիտակի գյուտից հետո լուսնագրությունը նոր մակարդակի է բարձրացել։ 1651 թվականին իտալացի աստղագետ Ջովանի Ռիչոլին Լուսնի մակերևույթի շատ դետալների անվանումներ է տվել, որոնցից շատերը գործածվում են մինչ օրս։

Երկրից կարելի է տեսնել Լուսնի տարբեր գոյացություններ` ծովեր, խառնարաններ, լեռներ, լեռնաշղթաներ, կիրճեր։

Լուսնի ծովեր են կոչվում մութ հատվածները, որոնք համեմատաբար հարթ հատվածներ են` ծածկված սառած լավայով։ Ի տարբերություն դրանց` Լուսնի «մայրցամաքները» լուսավոր են` պատված բազմաթիվ խառնարաններով։ Ծովերը բաժանվում են օվկիանոսների, ծովերի, լճերի, ծոցերի ու ճահիճների։ Լուսնի տեսանելի կողմում ծովերն ավելի շատ են, քան հակառակ կողմում (21 ծով, մեկ օվկիանոս, 16 լիճ, իսկ հակառակ կողմում` 2 ծով, 3 լիճ), և դրանք ավելի մեծ չափեր ունեն։ Հնարավոր է, այդ տարբերության պատճառով Լուսինը մի կողմով է ուղղված Երկրին։

Լուսնի` ձգողության արագացման քարտեզը երկայնության ուղղումով. ձախից` Լուսնի` Երկրից տեսանելի կողմն է, աջից` Լուսնի հակառակ կողմը:

Լուսնի խառնարանների ճնշող մեծամասնությունը երկնաքարերի հետ բախման արդյունք են։ Խառնարանների մեծ մասը անվանված է նշանավոր հետազոտողների պատվին` Տիխո Բրահե, Կոպեռնիկոս, Պտղոմեոս։ Լուսնի` Երկրից տեսանելի կողմում խառնարաններն ավելի քիչ են, քան հակառակ կողմում, բայց միևնույն է, դրանք չափազանց շատ են. մոտ 300.000 խառնարան մեկ կիլոմետրից մեծ տրամագիծ ունի, և 234 խառնարան` 100 կմ-ից մեծ տրամագիծ[2]։ Այս կողմում է գտնվում մեծությամբ երկրորդ խառնարանը` Անձրևների ծովը, որի տրամագիծը 1200-1300 կմ է[3]։

Լուսնի մայրցամաքներում կան լեռնաշղթաներ, որոնք հիմնականում տեղակայված են «ծովերի» ափերի երկայնքով։ Լուսնի լեռնաշղթաներն անվանվել են Երկրի լեռնաշղթաների անուններով` Ապենիններ, Կովկաս, Ալպեր, Ալթայ։

Արբանյակներից ստացված տեղեկությունների համաձայն` Լուսնի երկու կողմերն էլ ունեն ձգողական անոմալիաներ, սակայն եթե հակառակ կողմում քաոսային կերպով ցրված են ինչպես դրական, այնպես էլ բացասական անոմալիաներ, ապա տեսանելի կողմում առավելապես խոշոր դրական անոմալիաներն են` մասկոնները[4]։ Դրանք ցրված են մի քանի ծովերի սահմաններում և ստեղծվում են ծովային խիտ լավայով։

Որոշ հետազոտությունների համաձայն` ծովերի լավային ծածկույթը Լուսնի տեսանելի կողմում շատ ավելի հին է, քան հակառակ կողմում. դրանց տարիքային տարբերությունը կարող է հասնել մինչև կես միլիարդ տարվա[5]։

Դիրքը երկնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ավանդական աստղադիտակները ցույց էին տալիս շրջված պատկեր, Լուսնի քարտեզները նույնպես շրջված էին պատկերում։ Ընդ որում, արևելյան անվանում էին Լուսնի սկավառակի եզրը, որն ամենամոտն էր Լուսնի ծագմանը Երկրի երկնքում, իսկ արևմտյան եզրը` Լուսնի մայրամուտի ամենամոտ կետը։ 1961 թվականին Միջազգային աստղագիտական միությունը որոշում է կայացրել ընդունել վերոնշյալ համակարգից կողմերը արևելք փոխելու համապատասխան աշխարհագրական համակարգը։ Այդպիսով, Երկրի հյուսիսային լայնություններում տեսանելի կողմի արևելքը (Առատության ծով) տեսանելի է աջից, արևմուտքը (Փոթորիկների օվկիանոս)` ձախից, հյուսիսը` վերևից, հարավը` ներքևից։

Լուսնի ճիշտ կողմնորոշումը երկնքում կախված է դիտողի` աշխարհագրական լայնությունում գտնվելուց և Լուսնի ծագումից։

  • Արկտիկայում Լուսինը երկնքում տեսանելի է հյուսիսային բևեռով վերև, ինչպես ժամանակակից քարտեզում է։
  • Չափավոր հյուսիսային լայնություններում (Եվրոպա, Ասիայի մի մաս, Հյուսիսային Ամերիկա) Լուսինը ծագում է հյուսիսարևելյան եզրը դեպի վեր (Ճգնաժամների ծով), տեսանելի է, ինչպես քարտեզում կուլմինացիայի պահին և մայր է մտնում հյուսիսարևմտյան եզրը (Անձրևների ծով) դեպի վեր։
  • Հասարակածային լայնություններում Լուսինը ծագում է արևելյան եզրը (Առատության ծով) դեպի վեր և մայր է մտնում արևմտյան եզրը (Փոթորիկների ծով) դեպի վեր։
  • Չափավոր հարավային լայնություններում Լուսինը ծագում է հարավարևելյան եզրը (Նեկտարի ծով) դեպի վեր, տեսանելի է հարավային բևեռը դեպի վեր կուլմինացիայի պահին և մայր է մտնում հարավարևմտյան եզրը (Խոնավության ծով) դեպի վեր։
  • Անտարկտիդայում Լուսինը տեսանելի է երկնքում հարավային բևեռը դեպի վեր, այսինքն` ժամանակակից քարտեզի նկատմամբ շրջված դիրքով։

Լուսնի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի մակերևույթը ցրում է նրա վրա ընկնող արևային լույսը։ Լուսնի լուսավորված մակերևույթի ուրվագծերի փոփոխությունը ստացել է Լուսնի փուլեր անվանումը։ Ուղեծրային շարժման ժամանակ փոփոխվում են Երկրի, Լուսնի և Արևի փոխադարձ դիրքերը, և Երկրից երևացող լուսաբաժանի գիծը տեղափոխվում է Լուսնի` Երկրից տեսանելի կողմը, ինչով էլ պայմանավորված է նրա տեսքի փոփոխությունը։

Կարճաժամկետ լուսնային երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի` Երկրից տեսանելի կողմում հնագույն ժամանակներից ի վեր դիտարկվում են ոչ տևական տեղային անոմալիաներ, որոնցից ոչ բոլորն են ներկա պահին գիտական բացատրություն ստացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chu A., Paech W., Weigand M. Craters // The Cambridge Photographic Moon Atlas. — Cambridge University Press, 2012. — P. 18. — ISBN 9781107019737 — doi:10.1017/CBO9781139095709.036
  2. Neumann G. A., Zuber M. T., Wieczorek M. A. և այլք: (2015)։ «Lunar impact basins revealed by Gravity Recovery and Interior Laboratory measurements»։ Science Advances 1 (9)։ doi:10.1126/sciadv.1500852  (Supplements)
  3. Wood C. A. (2004-08-14)։ «Impact Basin Database»։ lpod.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-07-ին։ Վերցված է 2016-01-30 
  4. Темная сторона Луны / Science-блог / Архив / Блоги / Newslab.Ru
  5. Новости: Невидимая сторона Луны моложе видимой