Լեռնային Ղարաբաղը Անդրկովկասի խորհրդայնացման տարիներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեռնային Ղարաբաղն Անդրկովկասի խորհրդայնացման տարիներին

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման (28 ապրիլի 1920) հաջորդ օրը Ադրբեջանի արտգործժողկոմ Մ. Հուսեյնովի՝ ՀՀ կառավարությանը հղած հայտագիրը հավաստում էր, որ խորհրդային Ադրբեջանը ժառանգել է մուսավաթական Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։

Կարմիր բանակի ղեկավարությունը Ղարաբաղ-Զանգեգուրի զինուժի հրամանատար Դրոյից պահանջել է հեռանալ Ղարաբաղից։ Այդ պահանջը չկատարելու դեպքում անխուսափելի կդառնար ՀՀ ու խորհրդային Ադրբեջանի զինված ընդհարումը, և Կարմիր բանակն ու խորհրդային Ադրբեջանի զինված ուժերը միասին կգործեին ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ։

Գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը՝ մայիսի 26-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի ազգային խորհրդի 10-րդ համագումարը ԼՂ-ն հռչակել է խորհրդային։ Կազմվել է ԼՂ Հեղկոմ՝ Սաքո (Սարգիս) Համբարձումյանի նախագահությամբ։ Դրոն իր զորքով ստիպված էր նույն օրը հեռանալ Ղարաբաղից՝ տեղը զիջելով Կարմիր բանակին։

11-րդ Կարմիր բանակի զորամասերից ձևավորված Ղարաբաղ-Զանգեզուր խմբի ստորաբաժանումներն սկսել են առաջ շարժվել Ղարաբաղի և Զանգեզուրի ուղղությամբ՝ Նախիջևան մտնելու և թուրքական «հեղափոխական» բանակի զորամասերի հետ միանալու նպատակով։

Սակայն նույնիսկ այդ պայմաններում, հաշվի առնելով համաշխարհային հանրության կարծիքը, որը 1918-1920 թվականներին չի ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ, խորհրդային Ռուսաստանը չի դիմել ԼՂ-ի բռնազավթմանը՝ հօգուտ խորհրդային Ադրբեջանի։ 1920 թվականի օգոստոսի 10-ին խորհրդային Ռուսաստանի և ՀՀ-ի միջև Թիֆլիսում կնքված համաձայնագրում ամրագրվել է, որ «խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավունքների հարցը»։ ԼՂ-ում խորհրդային իշխանության հաստատմամբ սկսվել է երկրամասի «խաղաղ» զավթման՝ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը, որը սակայն, բախվել է արցախցիների վճռական դիմադրությանը։ 1920 թվականի հունիսից հայ բնակչությունը պայքարի է ելել հանուն անկախության, որը նույն տարվա աշնանը վերաճել է համաժողովրդական հզոր ապստամբության։ 1921 թվականի հունվարից ԼՂ-ն դարձյալ անկախ էր։ Ադրբեջանի կառավարությունը, արցախահայության ազատագրական պայքարը ներկայացնելով որպես հակախորհրդային շարժում, Կարմիր բանակի զորամասերի օգնությամբ այն ճնշել է 1921 թվականի ապրիլի վերջերին։

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) հռչակման հաջորդ օրն իսկ՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը Հայաստանի Հեղկոմին ուղղած պաշտոնական ուղերձում հայտարարել է, որ ԼՂ-ն, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվել են ՀՍԽՀ-ի բաղկացուցիչ մասը։

Դեկտեմբերի 1-ին այս հայտարարությունը Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում ներկայացվել է որպես հռչակագիր։ Սակայն Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը դեկտեմբերի 2-ին այն հրապարակել է այլ խմբագրմամբ. «Զանգեզուրի և Նախիջևանի նահանգների տարածքները Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասն են, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք»։

1921 թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշել է. «Հայկական կառավարության հայտարարության մեջ մատնանշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու մասին»։ Այս որոշման համաձայն՝ խորհրդային Հայաստանի կառավարությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, հունիսի 12-ին ընդունել է համապատասխան հայտարարություն-որոշում. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ-ների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»։

1921 թվականի հուլիսի 4-իև տեղի է ունեցել Կովբյուրոյի պլենումի նիստ, որին, բյուրոյի անդամներից բացի, մասնակցել է նաև ՌԿ(բ) կ կենտկոմի անդամ Իոսիֆ Ստալինը. քվեարկությամբ ընդունվել է հետևյալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայկական ՍԽՀ կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում» (այլ՝ չընդունված տարբերակով՝ հանրաքվե անցկացվելու էր ողջ Ղարաբաղում, մասնակցելու էր նաև մուսուլման բնակչությունը)։

Ադրբեջանական ԽՍՀ կառավարության նախագահ Նարիման Նարիմանովը, դեմ լինելով թե՝ ՀՍԽՀ-ին ԼՂ-ի միացմանը, թե՝ հանրաքվեի անցկացմանը, հանդես է եկել հայտարարությամբ. «Ելնելով այն կարևորությունից, որ ունի ղարաբաղյան հարցը Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշումը փոխադրել ՌԿ(բ)Կ կենտկոմ», որից հետո Կովբյուրոն ընդունել է նոր որոշում՝ հարցի քննարկումը Մոսկվա տեղափոխելու մասին։

Սակայն հարցը չի հասել ՌԿ(բ) կ կենտկոմ։ Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, հրավիրվել է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որտեղ Իոսիֆ Ստալինի ու Նարիման Նարիմանովի ճնշմամբ և առանց քննարկման որոշվել է. «...Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը՝ ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում»։ Որոշումը «հիմնավորվել է» Ադրբեջանի հետ երկրամասի տնտեսական կապով։

1921 թվականի հուլիսի 16-ին ՀԿ(բ) կ կենտկոմի նիստում Կովբյուրոյի որոշումը համարել են հիմնավորապես սխալ։

Սակայն Կովբյուրոյի այդ որոշումից հետո անգամ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէր կազմավորել ինքնավար մարզ։ Միայն Կովբյուրոյի ճնշմամբ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 7-ի որոշումով երկրամասի տարածքի մի հատվածում, որը պատմական Ղարաբաղի միայն 1/4 մասն է, կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Ընդ որում՝ մարզը, հակառակ Կովբյուրոյի վերոհիշյալ որոշման, չի ներառել ԼՂ հարավային (Կուբաթլու, Զանգելան, Ֆիզուլի, Ջաբրայիլ), արևմտյան (Խանլար, Շահումյան) և հյուսիսային (Դաշքեսան, Գետաբեկ, Շամխոր) շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը հայ էր։ ԼՂ-ի մնացած մասն ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջանների կազմի մեջ, և միայն Շահումյանի շրջանն է պահպանվել որպես առանձին հայաբնակ վարչական միավոր։ Իսկ ԼՂԻՄ-ի հյուսիսարևմտյան սահմանը որոշելիս բացառվել է Հայաստանի հետ մարզի անմիջական շփման որևէ հնարավորություն, նրանց միջև 1930-ական թվականների սկզբին ստեղծվել են հիմնականում ոչ հայաբնակ Լաչինի ու Քելբաջարի շրջանները, և մարզը, որ մինչ այդ սահման ուներ Խորհրդային Հայաստանի հետ, վերածվել է անկլավի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։