Լեոպոլդ Ռոստրոպովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոպոլդ Ռոստրոպովիչ
L Rostropovich.jpg
Լեոպոլդ Ռոստրոպովիչը կնոջ հետ
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 26, 1892(1892-02-26)
Վորոնեժ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 1942(1942-07-31) (50 տարեկանում)
Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթավջութակահար և երաժշտության ուսուցիչ
ՊարգևներՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Լեոպոլդ Ռոստրոպովիչ, (26 փետրվարի, 1892 - 31 հուլիսի, 1942), թավջութակահար, մանկավարժ և դիրիժոր, Սարատովի և Ադրբեջանի կոնսերվատորիաների պրոֆեսոր: Մստիսլավ Ռոստրոպովիչի հայրը:

Նախնիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստրոպովիչների նախնիներն ապրել են Լեհաստանում ու Լիտվայում և կրել են Ռոստրոպովիչյուս ազգանունը: Նախապապերից Իոսիֆ Ռոստրոպովիչյուսը Վիլնոյից Վարշավա էր տեղափոխվել, ամուսնացել չեխուհու հետ և ծառայությամբ հասել քաղաքային դատավորի պատվավոր պաշտոնին: Այսօր էլ Վարշավայի գերեզմանատանը կարելի է տեսնել Իոսիֆ Ռոստրոպովիչյուսի և նրա կնոջ հուշարձանը՝ Շոպենի ծնողների գերեզմանի կողքին: Իոսիֆի երաժշտական ընտանիքում հին ավանդույթ կար՝ երգում էին և դաշնամուր նվագում: Նրա թոռը՝ Վիտոլդը, ցուցաբերեց երաժշտական այնքան բարձր ունակություններ, որ կրթություն ստացավ Պետերբուրգի կոնսերվատորիայում, ապա մեկնեց աշխատանքի Վորոնեժ, որը 19-րդ դարի երկրորդ կեսին ուներ շատ աշխույժ ու հետաքրքիր երաժշտական կյանք:

Լեոպոլդի կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Ռոստրոպովիչը

Վորոնեժում 1892 թվականի փետրվարի 26-ին Վիտոլդը որդի ունեցավ, որին անվանեց Լեոպոլդ: Տղան մանկուց հորից սովորեց դաշնամուր նվագել և յուրացրեց երաժշտություն հորինելու հմտությունը: Սակայն նրա մասնագիտական ապագայի համար որոշիչ եղավ հանդիպումը չեխ թավջութակահար Ա. Լուկինիչի հետ: Նա և Վիտոլդ Ռոստրոպովիչյուսը միասին նվագում էին նվագախմբում: Իսկ փոքրիկ Լեոպոլդը ներկա գտնվելով փորձերին, սիրահարվեց թավջութակին: Լուկինիչը սկսեց նրան սովորեցնել, և գործն այնքան արագ առաջ ընթացավ, որ 1904 թվականին տասներկու տարեկան հասակում Լեոպոլդ Ռոստրոպովիչը սկսեց հանդես գալ համերգներով: Ի դեպ այդ տարիքը (12 տարեկան) այստեղից սկսած Ռոստրոպովիչների երեք սերնդի համար դարձավ սահմանային. տասներկու տարեկանում բեմ բարձրացան և՛ Լեոպոլդը, և՛ նրա որդին՝ Մստիսլավը, և՛ վերջինիս դուստրը՝ Օլգան: 1905 թվականին Լեոպոլդն ընդունվեց Պետերբուրգի կոնսերվատորիա և ուսանողության տարիներին ևս աչքի ընկավ բացառիկ ունակություններով, ինչի շնորհիվ էլ հաճախ ելույթ էր ունենում համերգների ընթացքում: Նրա մասին գրում էին մամուլում՝ բարձր գնահատելով պատանու կատարողական արվեստը: Իսկ այդ հաջողությունների մեջ իր կարևոր դերն ուներ նրա ուսուցիչը՝ թավջութակահար Ա. Վերժբիլովիչը: Լեոպոլդը կոնսերվատորիան ավարտեց ոսկե մեդալով 1910 թվականին: Նա սկսեց համերգներ տալ Պետերբուրգում, Մոսկվայում, ապա սկսեց համերգային մեծ շրջագայություններ կատարել՝ առաջինը ելույթ ունենալով իր հոր ծննդավայրում՝ Լեհաստանում: Այնուհետև Լեոպոլդը համերգային ելույթ ունեցավ Փարիզում, որն այնքան մեծ հաջողությամբ պսակվեց, որ նրան անդրադարձավ ոչ միայն ֆրանսիական, այլև անգլիական ու ամերիկյան մամուլը: 1912 թվականին Լեոպոլդը բնակության տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց Մարինյան օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, որտեղ նախկինում նվագել էր իր ուսոցիչը՝ Վերժբիլովիչը: Պետերբուրգյան կյանքը խիստ նպաստավոր եղավ թավջութակահարի համար. նա հաջողությամբ համերգային ելույթներ ունեցավ ռուսական բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև Թիֆլիսում (որտեղ մամուլը մեծ դրվատանքով գրեց Լեոպոլդի արվեստի մասին) և Բաքվում: Նրա հիմնական նվագացանկում ընդգրկված էին Քամիլ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը, Յոհան Սեբաստիան Բախի սուիտները, Պյոտր Չայկովսկու պիեսները և այլ ստեղծագործություններ: Այդ տարիներին նա մանկավարժությամբ չզբաղվեց:

Կյանքը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի այն տունը, որտեղ ապրել է Ռոստրոպովիչների ընտանիքը:

Վրա հասավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, որն առանձնապես Լեոպոլդ Ռոստրոպովիչի կյանքում փոփոխություններ չբերեց: Բայց արդեն 1918-ին նա անգործ մնաց և դադարեցին համերգային ելույթները: Ի վերա այդ ամենի, Պետերբուրգում նաև սով տարածվեց: Նա տեղափոխվեց Սարատով, որտեղ մնաց չորս տարի: Այդ ընթացքում նա համերգի մեկնեց Օրենբուրգ, որտեղ իրեն նվագակցում էր Սոֆյա Ֆեդոտովան՝ ևս երաժշտական ընտանիքի տաղանդավոր զավակ: Շուտով նրանք սիրահարվեցին և ամուսնացան: Նրանց դուստրը՝ Վերոնիկան ծնվեց Սարատովում, որից հետո նրանք շուտով բնակության հաստատվեցին Բաքվում, որտեղ Լեոպոլդը դարձավ խորհրդային Ադրբեջանական կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ Սոֆյան սկսեց դաշնամուր դասավանդել: Բաքվում Լեոպոլդը բավականին շատ ստեղծագործեց, ինչը նպաստավոր եղավ ադրբեջանական կոմպոզիտորական դպրոցի համար:

Որդու ծնունդը և Մոսկվա տեղափոխվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի մարտի 27-ին Բաքվում ծնվեց Ռոստրոպովիչ ամուսինների որդին՝ Մստիսլավը: Շուտով Լեոպոլդի առջև ծառացավ երեխաների կրթության հարցը: Վերոնիկան ջութակ էր նվագում, իսկ Մստիսլավի երաժշտական տաղանդն ի հայտ եկավ չափազանց վաղ: Արդեն չորս տարեկանում նա դաշնամուրի ստեղների մեջ կարողանում էր ընտրել բավականին բարդ ստեղծագործությունների մեղեդիների հնչյունները և, նկատվում էր կոմպոզիցիա ստեղծելու ձգտումը: Լեոպոլդը, ցանկանալով երեխաներին լավ կրթություն տալ, որոշում է տեղափոխվել Մոսկվա:

Այստեղ Ռոստրոպովիչի ստեղծագործական կյանքը հեշտորեն չէր ընթանում: Կոնսերվատորիայում, որի ղեկավարությունը ստանձնել էին տաղանդավոր թավջութակահար Սեմյոն Կոզոլուպովի նույնքան տաղանդավոր աշակերտները, միության ծայրամասից եկած մանկավարժի համար տեղ չկար, Մեծ թատրոնի նվագախմբում՝ նույնպես: Մնում էր միայն համերգային ելույթներ ունենալ: Սակայն դրանք էլ մեծ եկամուտ չէին բերում: Նրան արտասահման է հրավիրում կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, որը 1928 թվականին հաստատվել էր Եվրոպայում: Սակայն Լեոպոլդը վախենում էր ռիսկի դիմելուց, քանի որ երկրում տիրում էր մենիշխանությունը և հակակրանքը՝ արտասահման մեկնել կամեցողների հանդեպ: Նա զբաղվում էր մանկավարժությամբ Մոսկվայի շրջանային երաժշտական դպրոցներում, ինչը դարձյալ քիչ եկամտաբեր էր: Լեոպոլդը հաճախ ստիպված էր լինում պարտքով գումար վերցնել: Սակայն շուտով նրա երեխաներն այստեղ ևս աչքի ընկան երաժշտական տաղանդով: Սկզբնական ելույթներում Մստիսլավը կատարում էր իր փոքրիկ պիեսները դաշնամուրի համար: Թավջութակի հանդեպ նրա հետաքրքրությունն զգացվեց 8-9 տարեկանում: Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ տղան ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարան՝ Եվգենի Մեսների դասարան:

Կյանքը պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ֆաշիստական զորքերն ընդհուպ մոտեցել էին Մոսկվային, Լեոպոլդ Ռոստրոպովիչը որոշում է ընտանյոք հեռանալ Օրենբուրգ: 14-ամյա Մստիսլավը գեղեցիկ մանչուկից վերածվել էր նիհար ու երկարահասակ պատանու, որ միշտ վատ էր հագնված: Նրան որոշեցին տեղավորել երկաթուղային դպրոցում և տեղի երաժշտական ուսումնարանում, որտեղ նաև դասավանդում էր հայրը: Բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադից Օրենբուրգ տեղափոխվեց Փոքր օպերային թատրոնը: Երաժիշտների շարքում էր և տաղանդավոր դաշնակահարուհի Սոֆյա Վակմանը: Նա փոքրիկ որդու հետ էր և փնտրում էր ցանկացած աշխատանք: Եվ գտավ այն «Մոլոտ» կինոստուդիայում: Ստեղծվեց եռյակ՝ Լեոպոլդ Ռոստրոպովիչի ու Մեծ թատրոնի ջութակահար Է. Գիտերի հետ: Նրանք նվագում էին կինոթատրոնում՝ ցուցադրություններից առաջ:

Որդու փառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մստիսլավը նկատում է, որ հանդիսատեսները կատարումների ընթացքում հաճախ զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով երաժշտությանը: Նա հորն ասում է, թե այդ ի՞նչ նվագացանկ են ընտրել, մարդիկ չեն հասկանում իրենց: Եվ արդեն տանը կազմում է մի նոր նվագացանկ՝ Յոհան Շտրաուսի վալսերից և Ի. Դունաևսկու «Լուսնի վալսը», որն օրենբուրգցիներին քաջ հայտնի էր «Կրկես» ֆիլմից: Մստիսլավն այդպես վարվեց, քանզի համոզված էր, որ արտիստը պետք է իջնի իր հանդիսատեսի մակարդակին, գրավի նրան, ապա նրան կամաց-կամաց իր հետ վեր բարձրացնի: Սոֆյա Վակմանը համաձայնեց նվագակցել կրտսեր Ռոստրոպովիչին՝ միանգամից հասկանալով, որ գործ ունի ականավոր երաժշտի հետ: Օրենբուրգում հաստատված երաժիշտները հաճախ հավաքվում էին թատրոնում, զրուցում մասնագիտական հարցերի շուրջ, բացահայտում երգեցողության նոր որակներ, և շուտով այդ թատրոնը ճանաչվեց որպես խորհրդային օպերային արվեստի լաբորատորիա: Եվ ահա, այդպիսի շրջապատում ու զրույցների մեջ էր մեծանում Մստիսլավը: Այսպիսով, ստացվեց այնպես, որ հակառակ իր ցանկության, ոչ թե Մոսկվան, այլ հեռավոր Օրենբուրգը դարձավ Լեոպոլդի որդու իսկապես մասնագիտական դպրոցը: Խորհրդային Միության համար այդքան դժվարին տարում (1942թ.) Մստիսլավը մեծ ցատկ կատարեց այդ օրվա համերգի ընթացքում: Նրա ելույթը դարձավ այդ երեկոյան գլխավոր իրադարձությունը, և դա դարձավ Լեոպոլդի կյանքի ամենաերջանիկ երեկոներից մեկը: Այդ համերգից հետո տղան մեծ հռչակ ձեռք բերեց Օրենբուրգում և սկսեց մասնակցել բազմաթիվ համերգների:

Վախճանը և վերջին կամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի գարնանը Լեոպոլդ Ռոստրոպովիչը ծանր հիվանդացավ. ճնշվածություն էր զգում սրտի շրջանում: Ինֆարկտն այն ժամանակ բուժել չէին կարող: Ուրախ ու կենսասեր մարդը անթափանց խավարի մեջ անգամ մի թեթև լույս տեսնելիս սարսափի մեջ էր ընկնում: 1942 թվականի հուլիսի 31-ին Լեոպոլդ Ռոստրոպովիչը կատարյալ գիտակցությամբ, զգալով, որ մահանում է, դիմեց իր վրա խոնարհված կնոջն ու երեխաներին՝ իր վերջին հանձնարարությամբ. թավջութակը և ռոյալ դաշնամուրը երբեք չվաճառել, որքան էլ ապրուստը դժվար լինի, Մստիսլավը թող սովորի Սեմյոն Կոզոլուպովի մոտ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Софья Хентова, "Ростропович", Санкт-Петербург, 1993 г.