Jump to content

Իկիտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իկիտոս
իսպ.՝ Iquitos
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊերու Պերու
ՆահանգՄայնաս
ՀամայնքMaynas Province?
ՔաղաքապետՍալոմոն Աբենսուր Արաուխո
Հիմնադրված է1750 թ.
Մակերես1,213 կմ²
ԲԾՄ106 մ
Բնակչություն377 609[1] մարդ (2017)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ65
Փոստային դասիչ65
Պաշտոնական կայքmunimaynas.gob.pe
Իկիտոս (Պերու)##
Իկիտոս (Պերու)

Իկիտոս (իսպ.՝ Iquitos), քաղաք Պերուում, ամենամեծը պերուական Ամազոնում։ Լորետո մարզի և Մայնաս նահանգի վարչական կենտրոնը։ Իկիտոսի բնակչությունը շուրջ 444700 է (2017), սա երկրի բնակչության թվով վեցերորդ քաղաքն է[2]։ Քաղաքի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Պատմական փաստաթղթերը վկայում են այն մասին, որ այն առաջացել է ճիզվիտական ռեդուկցիա Սան Պաբլո դե Նուևո Նապեանոսի տեղում, որը հիմնադրվել է 1757 թվականին Նանայ գետի ափին` նապեանո և իկիտո բնիկ ժողովուրդներով բնակեցված վայրերում։ Իկիտոսը, ինչպես բրազիլական Մանաուս և Բելեն քաղաքները, 1880-1914 թվականների կաուչուկի բումի կենտրոններից մեկն էր։ Այդ ընթացքում այն ուժեղ եվրոպական ազդեցություն է ունեցել մշակույթի և տնտեսության մեջ, որն արտացոլվել է պատմության և ճարտարապետական հուշարձաններում։ Դրա շնորհիվ այսօր Իկիտոսը վերածվել է կարևոր զբոսաշրջային ուղղության, որն այցելուներին գրավում է պատմական կենտրոնով, ամազոնյան բնապատկերներով, տեղական մշակույթով, ավանդական խոհանոցով և հագեցած գիշերային կյանքով։ 2012 թվականին Իկիտոս այցելել է ավելի քան 250 հազար զբոսաշրջիկ, և նրանց թիվը շարունակում է աճել Ամազոնային բնության յոթ հրաշալիքներից մեկի կարգավիճակ շնորհելուց հետո։ 2011 թվականին Իկիտոսը զբաղեցրել է 6-րդ տեղը Lonely Planet-ի կազմած «10 ականավոր քաղաքների» վարկանիշում։

Իկիտոսը երկրի խոշորագույն քաղաքն է, որը չունի ցամաքային հաղորդակցություն այլ քաղաքների հետ (չհաշված 100 կմ երկարությամբ ճանապարհը հարևան քաղաքի` Նաութայի հետ) և երկրի այլ շրջանների հետ կապված է միայն ջրի և օդի միջոցով։ Գտնվում է հարթավայրում` շրջապատված Ամազոն, Իտայա և Նանայ գետերով և Մորոնակոչա լճով։ Կամչատկայի Պետրոպավլովսկի և Նուուկի հետ մեկտեղ Իկիտոսը բրիտանական The Guardian թերթի վարկածով «աշխարհի ամենահեռավոր քաղաքների» ցուցակում է։

Քաղաքը բաղկացած է չորս շրջաններից` Իկիտոս, Պունչանա, Բելեն և Սան Խուան Բաուտիստա։ Իկիտոսի կենտրոնում գտնվում են Պերուի ազգային մշակութային ժառանգության օբյեկտները` Մայր տաճար, Երկաթյա տուն, Պալաս հյուրանոցի շենք, XIX և XX դարասկզբի առանձնատներ։ Մյուս տեսարժան վայրերը ներառում են Պլասա-դե-Արմասի կենտրոնական հրապարակը, Հիրոն Պրոսպերոյի պողոտան և Բելեն շրջանը, որը հայտնի է որպես «Ամազոնյան Վենետիկ»։ Քաղաքում է գտնվում է նաև Ամազոնյան գրադարանը, որը ներառում է Լատինական Ամերիկայում Ամազոնյան թեմայի վերաբերյալ գրքերի և լուսանկարների մեծությամբ երկրորդ հավաքածուն։

Իկիտոսում կա երկու համալսարան և միջազգային օդանավակայան։ Ժամանակակից Իկիտոսի տնտեսությունը ձևավորում են արդյունահանող ճյուղերը` անտառտնտեսությունը, ձկնորսությունը, նավթավերամշակումը, հանքագործությունը և գյուղատնտեսությունը։ Զարգացած են նաև զբոսաշրջությունը, արհեստները, գարեջրագործությունը, ռոմի և գազավորված ըմպելիքների արտադրությունը։ Իկիտոսն ունի կարևոր ռազմավարական նշանակություն` որպես Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ափերը կապող ներքին նավահանգիստ։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի նկար, որը պատկերում է իկիտոյի հնդիկներին

Ճիզվիտական ռեդուկցիան, որը սկիզբ է առել Իկիտոսի պատմության մեջ, կրում էր Սան Պաբլո դե Նուեվո Նապեանոս անունը` նապեանո բնիկ ազգության անունով, որը տեղափոխվել է իկիտո ցեղի հետ Նանայ գետի վերին հատվածից։ 18-րդ դարի վերջին նապեանոն լքել է այդ բնակավայրը, և բնակավայրը հայտնի է դարձել որպես «Իկիտոս բնակավայր»։

Իկիտոս (iquitos) բառը ikito ցեղի անվանման իսպանական ձևն է։ Ik- արմատը նշանակում էր «գետ», «լճակ» կամ «ջրհոր», ինչպես նաև կարող էր բնութագրել հեռավորությունը կամ բաժանումը։ Այդ երկու անվանումների համադրությունը թույլ է տալիս թարգմանել «իկիտո» բառը` «մարդիկ` առանձնացված ջրով», որը արտացոլում է Ամազոնի աշխարհագրական առանձնահատկությունները[3]։

Քաղաքը հիմնադրվել է 1757 թվականին` որպես Սան Պաբլո ճիզվիտյան առաքելություն (San Pablo de Napeanos), սակայն 1860 թվականին վերանվանվել է Իկիտոս` իր շրջակայքում բնակվող հնդկական իկիտո ցեղի անունով։ Իկիտոսը սկսեց աճել XIX դարում` կաուչուկի բումի մեկնարկից հետո։ Այդ ընթացքում քաղաքում կառուցվել են շքեղ առանձնատներ, ինչպիսիք են երկաթյա տունը (Casa del Fierro), որը նախագծել է Գուստավ Էյֆելը։ Արհեստական կաուչուկի հայտնվելուց հետո քաղաքի տնտեսության աճը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը անտառի խառնուրդն է։ Զարգացած են նաև նավթավերամշակումը, գարեջրի և ռոմի արտադրությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպիկ տուն Բելենում
  • Բելեն ` քաղաքի շրջան, տիպիկ բնիկ ամերիկյան գյուղ, հասանելի է անձրևոտ ժամանակահատվածում միայն ջրային ճանապարհով
  • Նկարիչ Սեսար Կալվո Դե Արաուխոյի պատկերասրահը, որը հարևան Յուրիմագուաս քաղաքի բնակիչ էր, պատկերել է հայրենի վայրերը և նրանց բնակիչներն։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իկիտոսի շրջակայքում նկարահանվել է Վեռներ Հերցոգի «Ֆիցկարալդո» (1982) ֆիլմը։
  • Նկարագրվում է Մարիո Վարգաս Լյոսայի «Կապիտան Պանթալեոնը և բարի ծառայությունների վաշտը» վեպում»
  • Իկիտոսի միջոցով է անցել Չե Գևարայի երթուղին` Հարավային Ամերիկայում նրա ճանապարհորդությունների ժամանակ, որը նա նկարագրել է «Մոտոցիկլիստի օրագրերը» ինքնակենսագրական գրքում[4]։
  • Alain Delon պարֆյումերային բրենդը 1987 թվականին թողարկել է տղամարդու հարդաջուր` «Iquitos» անվանումով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фидлер Аркадий. Рыбы поют в Укаяли / Пер. с польск. В. С. Ковалевского. — М.: Географгиз, 1963. — 240 с.: ил. — Серия «Рассказы о природе».

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Данные переписи населения 2017 года, население административных центров регионов (1.1.6. Población censada en las ciudades capitales de departamento)
  2. CPI Market Report (2017). «Perú: Población 2017» (PDF).
  3. «Club de Estudiantes de Turismo - Iquitos». tourismofficialguide.es.tl. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  4. «Путешествие Че Гевары по Южной Америке». diletant.media (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկիտոս» հոդվածին։