Ծնվել է 1953 թվականի մայիսի 17-ին Ֆրանսիայում։ Փարիզ - 9 համալսարանում սովորել է տնտեսագիտություն և առևտրի հիմունքներ, ստացել մագիստրոսի աստիճան, այնուհետև ավարտել է Փարիզի հայտնի կինոդպրոցը՝ IDHEC-ը, որտեղ մասնագիտացել է ռեժիսուրայի և լուսանկարչության մեջ[4]։ Ժերար Կրավչիկի դեբյուտը կինոյում եղել է «Le Concept subtil» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է 8 տարբեր մրցանակների, այդ թվում՝ Մոնրեալի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է հեղինակավոր Սեզար մրցանակի։ Դրան հաջորդել են «Մորենո ցուլը» ( 1983 ) և «Գիշերային սպանություն» (1984) կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նույնպես ջերմ ընդունելության են արժանացել, մրցանակների առաջադրվել[5]։ 1986 թվականին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ես ատում եմ դերասաններին», որի համար առաջադրվել է «Սեզար»-ի և Միշել Օդիարի անվան մրցանակի։
Այնուհետև համագործակցել է հեռուստատեսության հետ։ 1997 թվականին նրա «Հերոսուհիները» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, 1998 թվականին Կրավչիկը մասնակցել է «Տաքսի» ֆիլմի ստեղծմանը, միաժամանակ գովազդային տեսահոլովակներ նկարահանել Danone, Mobil, France Telecom և այլ հայտնի ընկերությունների համար։ «Ժաննա դ՛Արկ» (1999) ֆիլմի նկարահանման ընթացքում Ժերար Կրավչիկը Լյուկ Բեսոնի երկրորդ ռեժիսորն էր։ Հետագայում վերջինս, որպես պրոդյուսեր, նրան հրավիրեց բեմադրելու «Տաքսի 2» (2000), «Վասաբի» (2001), « Տաքսի 3» (2003) և «Տաքսի-4» (2007 թ.) ֆիլմերը։ 2003 թվականին նույն զույգը՝ պրոդյուսեր Լյուկ Բեսոնը և բեմադրող ռեժիսոր Ժերար Կրավչիկը, թողարկեց Ֆանֆան Տյուլպան /« Fanfan Tulip » ֆիլմի ռիմեյքը։ Այս տարբերակում գլխավոր դերերը կատարել են Վենսան Պերեսը և Պենելոպա Կրուսը։