Jump to content

Թոնիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնիր
Ծագման երկիր Չինաստան
IDRL/02120
ԿարգավիճակՈչ նյութական մշակութային ժառանգության ընդհանուր գույքագրում Հայաստանում և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակ[1][2][3]

Թոնիր, կավե պատերով գլանաձև վառարան, սովորաբար գետնափոր։ Վերևի մասում նեղ է, միջնամասում ՝ ուռուցիկ, ներքևում ՝ լայն։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և այլուր։

Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն։ Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կրակը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։

Հասարակական հացթուխների թոնիրները թեք վիճակով կանգնեցվել են գետնին, և հացթուխը կանգնում էր ցածր շուրթի մոտ։ Որոշ վայրերում պատրաստում են թոնիրին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգնած ավելի հեշտությամբ են հաց թխում։ Հայաստանի շատ շրջաններում թոնիրը և դրա պարագաները (խաչերկաթ, անթեղ, ակութ և այլն) համարվել են պաշտամունքի առարկաներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200
  1. Tandir craftsmanship and bread baking in Azerbaijan
  2. L’artisanat du tandir et la cuisson du pain en Azerbaïdjan (ֆր.)
  3. Artesanía del tandir y panadería en Azerbaiyán (իսպ.)