Թանթռնիկ ընձյուղակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանթռնիկ ընձյուղակիր
Թանթռնիկ ընձյուղակիր
Թանթռնիկ ընձյուղակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Թանթռնիկ (Sedum)
Տեսակ Թանթռնիկ ընձյուղակիր (S. stoloniferum)
Միջազգային անվանում
Sedum stoloniferum

Թանթռնիկ ընձյուղակիր (լատին․՝ Sedum stoloniferum), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունները սողացող են կամ վեր բարձրացող։ Ծաղկակիր ընձյուղները ճյուղավորված են, ունեն 8-20 սմ բարձրություն։ Տերևները հակադիր են, հակաձվաձև, լայն սեպաձև հիմքով և կարճ-ատամնափշիկավոր եզրերով։ Ծաղկաբույլերը փուխր են, վահանիկանման և տերևակալված։ Բաժակաթերթերը գծային են և բթավուն։ 5-7 մմ երկարությամբ պսակաթերթերը վարդագույն են և նշտարաձև։ Հասուն պտուղները աստղաձև փռված են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Ապարանի (լեռնագագաթ Թեղենիս) և Զանգեզուրի (Ծավ, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան և Արևելյան Կովկասում, Կոլխիդայում, Կենտրոնական Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 750-1800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ժայռերի ճեղքերում և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեը՝ 500 կմ²-ից պակաս։ Կովկասում տեսակի լայն տարածման պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ ընձյուղակիր» հոդվածին։