Jump to content

Թագավորը պետք է մահանա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորը պետք է մահանա
անգլ.՝ The King Must Die
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ և դաստիարակչական վեպ
ՀեղինակՄերի Ռենո
Երկիր ՀԱՀ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1958
Կազմի հեղինակԷրիկ Քարլ
ՀրատարակչությունPantheon Books
Հրատարակվել է1958
ՀաջորդThe Bull from the Sea?

«Թագավորը պետք է մեռնի» (The King Must Die), բրիտանացի գրող Մերի Ռենոյի 1958 թվականին գրած հռոմեական և պատմական վեպ, որը պատմում է հունական դիցաբանության հերոս Թեսևսի վաղ կյանքի և արկածների մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում Հին Հունաստանում գտնվող տարբեր վայրերում` Տրոյզեն, Աթենք, Կորինթոս, Նաքսոս, Կրետե, Կնոսոս, Էլեֆսիս։

1962 թվականին Մերի Ռենոն գրել է այս վեպի շարունակությունը՝ «Ցուլը ծովից» վերնագրով։

Գրքի հիմնական թեման հակադրությունն է Մինոյան Կրետեի զարգացած, բայց թուլացած քաղաքակրթության և մայրցամաքային Հունաստանի զարգացող հասարակությունների միջև։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը պատմում է Թեսևսը՝ իր չափահաս տարիքից հետահայաց նայելով իր անցած կյանքին։

Սա Թեսևսի վաղ կյանքի պատմությունն է, նախքան Աթենքի թագավոր դառնալը։ Վեպում առասպելները միահյուսվում են հնագիտական ​​գտածոների հետ և հերոսի մասին հեղինակի սեփական պատկերացումների հետ մի պատմության մեջ, որն ավելի հավանական է թվում, քան սկզբնական առասպելը, առանց առասպելական որակի վրա ազդելու[1]։

Գիրք առաջին. Տրոյզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսը, մեծանում է Տրոյզենում։ Հայտնի է, որ նա քրմուհու և անծանոթ տղամարդու որդի է, թեև խոսվում է, որ նրա հայրը Պոսեյդոնն է։ Մանուկ հասակում Թեսևսը ցնցվում է, երբ տեսնում է, որ «Արքա ձիուն», որին նա համարում էր ազնվական գազան, ծիսականորեն զոհաբերում են աստվածներին։ Նրա պապ Պիտթեուս թագավորը բացատրում է, որ թագավորը ավանդաբար սպանվել է Ձիով, և նույնիսկ հիմա հելլենական ժողովրդի իսկական թագավորը հնարավոր է, որ հանուն իր ժողովրդի կատարի գերագույն զոհաբերություն։ Հենց ձիու զոհաբերության ժամանակ է, որ Թեսևսի ականջներում առաջին անգամ լսվում է ծովի աղմուկը, և նա զգում է, որ շուտով երկրաշարժ է լինելու։

Հետագա տարիների ընթացքում Թեսևսը ծառայում է Պոսեյդոնի տաճարում։ Նրան ուղարկում են թաքնվելու բլուրներում, երբ կրետական նավերը գալիս են Տրոյզեն` Մինոսի ամենամյա հարկը տանելու. երիտասարդ տղաներին և աղջիկներին տանում էին Կրետե` ցլապարի (ταυροκαθάψια) ծիսական մահացու հանդեսում ցլի վրայով թռչելու համար։ Թեսևսը սրտնեղված, որ ինքն ավելի ցածրահասակ է և քաշով թեթև, քան իր տարիքի հելլենների մեծ մասը, դառնում է հմուտ ըմբիշ ռազմավարության և ճարպկության շնորհիվ։

Երբ Թեսևսը դառնում է տասնյոթ տարեկան, մայրը նրան տանում է բլուրների վրա գտնվող Զևսի սուրբ պուրակը և բացատրում, որ Թեսևսի հայրն իրեն ստիպել է երդվել, որ չասի, թե ով է ինքը, մինչև նա չկարողանա բարձրացնել մի ծանր քար։ Թեսևսին հաջողվում է շարժել քարը լծակի միջոցով։ Քարի տակից նա գտնում է սուր և սանդալներ։ Նրա պապը բացատրում է, որ Թեսևսը Աթենքի թագավոր Էգեյի միակ որդին և ժառանգն է։ Թեսևսը որոշում է գնալ Աթենք ավազակներով վխտացող ցամաքային ճանապարհով՝ Կորնթոսի պարանոցով։

Գիրք երկրորդ. Էլեֆսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեֆսիսում, որտեղ մայրապետական և ոչ հելլենական հասարակություն է, որը կենտրոնացած է Երկրի մայր աստվածուհու պաշտամունքի վրա, սովորություն է ամեն տարի իրենց թագավորին զոհաբերելը։ Մտնելով Էլեֆսիս՝ Թեսևսը ընտրվում է, որ սպանի Կերկիոնին՝ այդ տարվա զոհաբերվող թագավորին, որից հետո փոխարինի նրան։ Շուտով նա իմանում է, որ թագուհին է իշխում Էլեֆսիսում։ Որպես թագավոր՝ նա իրական իշխանություն չունի և մեկ տարի հետո կմահանա։ Նա իր էլեֆսինյան երիտասարդների պահակախմբին որսի է տանում՝ նրանց անկախությունն ու ընկերակցությունն ամրապնդելու համար՝ սպանելով կրոմիոնյան մեծ մոխրագույն վարազին` ֆայային[2] և պատերազմ մղելով ավազակների դեմ։ Թագուհին կանխատեսելով, որ Թեսևսը փորձում է տապալել հաստատված կարգը, փորձում է նրան սպանել, բայց չի հաջողվում։ Ինքնասպանության փորձի ժամանակ նրան խայթում է թունավոր օձը։ Թեսևսը թույլ է տալիս նրան հեռանալ Էլեֆսիսից, ըստ երևույթին, մեռնելու համար, թեև նա ավելի ուշ ընդունում է, որ տեղյակ չէ նրա ճակատագրի մասին։

Գիրք երրորդ. Աթենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսը վերջապես գնում է Աթենք։ Նրա հայրը` Էգեյը, իր սիրելի Մեդեայի հորդորով, նրան թունավորած գինի է մատուցում։ Բայց այդ պահին տեսնում է Թեսևսի սուրը և ճանաչում այն ու ճիշտ ժամանակին հասկանում, որ Թեսևսն իր որդին է։ Էգեյը խփում է Թեսևսի գավաթին ու նրան հռչակում է իր որդի և ժառանգ։ Այդպիսով Մեդեայի դավադրությունը ձախողվում է, նա անիծում է Թեսևսին և անհետանում Աթենքից։

Երբ կրետական հարկահանները նավով գալիս են Աթենքից յոթ տղաներ և յոթ աղջիկներ որպես տարեկան հարկ տանելու, Թեսևսը, զգալով Պոսեյդոնի առավելությունը, ինքն իրեն առաջարկում է տղաներից մեկի փոխարեն և դառնում կրետական ստրուկ։

Գիրք չորրորդ՝ Կրետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետեում Թեսևսը և հարկի բաժին դարձած մյուսները՝ Կռունկներ (Cranes) թիմի անվան տակ, դառնում են ցլապարողներ։ Նրանք դիմանում են ամիսներ շարունակ և որևէ մեկը չի մահանում, ինչը չլսված էր։ Թեսևսը դառնում է Արիադնայի ՝ արքայադստեր սիրեկանը, իսկ Արիադնային վերաբերվում էին որպես աստվածուհու։ Նրանք գաղտնի հանդիպում են Կնոսոսի պալատի տակ գտնվող գետնանցերում, որը կոչվում էր Լաբիրինթոս։

Թեսևսը երազում է գրավել Կրետեն, որը դարձել էր թույլ, սպառված քաղաքակրթություն. թեև դեռ ավելի բարդ և առաջադեմ էր, քան մայրցամաքային թագավորությունները։ Մինոսը` Կրետեի թագավորը, հյուծվում է բորոտությունից՝ իր դաժան ժառանգորդ Աստերիոնի մեքենայությունների պատճառով, որի տիտղոսն է Մինոտավրոս։ Աստերիոնը ուժեր է հավաքում գահը ստանձնելու համար, ներառյալ պլանավորում է իր խորթ քրոջ՝ Արիադնայի հետ ամուսնանալ։ Թեսևսը հանդիպում է մահամերձ Մինոսին և նրա խնդրանքով սպանում նրան՝ խոստանալով ամուսնանալ Արիադնայի հետ։

Թեսևսը զգում է, որ մեծ երկրաշարժ է լինելու։ Երբ երկրաշարժը տեղի է ունենում, նա առաջնորդում է ցլապարողներին և կրետացի աշխատավորներին ապստամբության` ընդդեմ Լաբիրինթոսի արիստոկրատիայի։ Աստերիոնն արդեն ցլի դիմակ է դրել և մասնակցում է իրեն նոր Մինոս հռչակելու ծեսին։ Թեսևսը ընդհատում է արարողությունը և մահացու վիրավորում նրան մարտում։ Տեսնելով, որ Աստերիոնն արդեն յուղով օծված է, Թեսևսը հագնում է դիմակը և զոհաբերում մահացող Մինոտավրոսին՝ օգտագործելով սուրբ կացինը։

Գիրք հինգերորդ. Նաքսոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռունկները, նաև Արիադնան, ում հետ Թեսևսը մտադիր է ամուսնանալ, նավարկում են Հունաստան։ Նրանք ցամաք են դուրս գալիս Դիա կղզում, որի քաղաքը Նաքսոսն է։ Ժողովուրդը ողջունում է Արիադնեին որպես Երկրի աստվածուհի, և նա մասնակցում է Դիոնիսոսի այնտեղի ծեսերին, որտեղ նրանք զոհաբերում են իրենց տարվա թագավորին։ Միևնույն ժամանակ, Թեսևսն ի վերջո ինքն էլ է միանում անզուսպ խրախճալից գինարբուքին։ Այնուհետև Թեսևսը գտնում է Արիադնային թագավորի արյան մեջ թաթախված քնած։ Նա հասկանում է, որ իր սիրելին, որը ծնվել է հին ու անկում ապրող ավանդույթներում, դաժան դեր է խաղացել զոհաբերության մեջ։ Զարմացած՝ նա հավաքում է իր ուղեկիցներին և նավարկում՝ նախքան կնոջ արթնանալը։

Տուն վերադարձի ճանապարհին Թեսևսը հիշում է, որ մեկնելիս Էգեյին խոստացել էր, որ սպիտակ ներկի իր առագաստը։ Նա մտահոգված է, որ Էգեյը սպիտակ առագաստը կընդունի որպես ինքն իրեն զոհաբերելու նշան։ Նա Պոսեյդոնից նշան է խնդրում և հասկանում է, որ ինքը ոչինչ չպետք է անի՝ երբեք չակնկալելով, որ Էգեյն իրեն կսպանի, երբ տեսնի սև առագաստը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևս, գլխավոր հերոս, Էլեֆսիսի թագավոր և Աթենքի թագավոր Էգեյի որդին։ Նա ակտիվ առաջնորդ է, ով համատեղում է զգայուն հպարտությունը սոցիալական և մշակութային փոփոխությունների մղման հետ։ Նա իր փոքրամարմին, թեթև կազմվածքը փոխհատուցում է ճարպկությամբ և հնարամտությամբ։ Նա ունի ճակատագրի, պարտքի ուժեղ զգացում և համոզմունք, որ իրեն ուղղորդում է Պոսեյդոն ասվածը։ Թեև վեպի մեծ մասի ընթացքում ընդամենը տասնյոթ տարեկան է, նա նաև հմուտ ռազմիկ է, որսորդ, ցլապարող և սիրեկան։ Նա կարող է բնազդաբար զգալ երկրաշարժերը, իր զգացողությունները, ըստ նրա, Պոսեյդոնի նվերն է։

Արիադնա, Մինոս թագավորի գեղեցիկ երիտասարդ դուստր։ Ծննդյան իրավունքով ավագ քրմուհի, նա հարգվում է որպես բնիկ կրետացիների մարմնավորված աստվածուհի։ Սկզբում նա մեղմ ու երկչոտ է, երբ սիրահարվում է Թեսևսին և օգնում նրան փախչել Կրետեից։ Երբ Թեսևսը տեսնում է բռնության նկատմամբ նրա թաքնված հակումը, որը ժառանգված է անկում ապրող դինաստիայի «փտած արյունից», նա կորցնում է սերը նրա հանդեպ։ Թեսևսի կողմից լքված Արիադնան մնում է Դիայի վրա մինչև մահանում է ծննդաբերության ժամանակ։ Այդ մասին պատմվում է վեպի շարունակության` «Ցուլը ծովից» վեպի մեջ։

Աստերիոն, Մինոտավրոս, Կրետեի թագավոր Մինոսի ժառանգ, թեև իրականում Մինոսի թագուհու և ասորի ցլապարողի ամուսնական դավաճանության արդյունք է։ Կոպիտ, անխիղճ և խելացի Աստերիոնին հաջողվել է մեկուսացնել իր անվանական հորը՝ մահամերձ Մինոսին, և գահին բազմել։ Աստերիոնը Թեսևսին համարում է «մայրցամաքային վայրենի», բայց, ցանկանալով ամեն ինչից լավագույնը, Էլեֆսի առաջնորդին գնում է որպես ցլապարող, այնպես, ինչպես տոկուն և արագավազ ձի կգներ։

Մինոս, կոչում, որը տրվել է մինոյան Կրետեի տիրակալներին Կնոսոսի հսկայական պալատի (Լաբիրինթոս) զարգացած և բարդ քաղաքակրթության հազարամյա պատմության ընթացքում։ Լաբիրինթոսը կործանող մեծ երկրաշարժի նախօրեին վերջին Մինոսը հիվանդ է, ով կորցնում է իշխանությունը իրեն ատող ժառանգորդ Աստերիոնի պատճառով։ Որպես միջնորդ օգտագործելով Արիադնեին՝ Մինոսը դաշինք է կնքում Թեսևսի հետ։

Էգեյ, Աթենքի թագավոր և Թեսևսի հայր։ Երիտասարդ տարիքում խիզախ և առույգ մարդ, նա արդեն հիսունն անց է, ուժասպառ և ցինիկ, երբ Թեևսը հանդիպում է նրան։ Նրա ժողովուրդն անհանգիստ է, նրա ազնվականները՝ հզոր, իսկ նա հոգնել է խաղաղությունը պահպանելու և իր իշխանությունը պահպանելու տասնամյակների ջանքերից։ Թեսևսը հարգում է Էգեյին, բայց չի կարող հիանալ նրանով, քանի որ նա չափազանց զգույշ է։

Էֆրա, Տրոյզենի 33-ամյա գերագույն քրմուհի, Թեսևսի մայր և Պիտթեուսի դուստր։ Լարվածություն կա Թեսևսի հանդեպ նրա բնական սիրո և Երկրի աստվածուհու ծառայողի դերի միջև։

Մեդեա, Էգեյ թագավորի սիրելին, նա ցանկանում է Աթենքի գահը իր երկու որդիների համար։ Գործելով Պերսեփոնեի հետ՝ նա համոզում է Էգեյին փորձել թունավորել Թեսևսին՝ անեծքը հանելու դիմաց։ Էգեյն այս փուլում տեղյակ չէ, որ Թեսևսն իր որդին է։

Ֆեդրա՝ Արիադնայի կրտսեր քույրը, որը Թեսևսի հետագա կինն է դառնալու. այժմ երեխա է, նա կուռք է դարձնում Թեսևսին որպես գեղեցիկ ցլապարողի։

Պերսեփոնե, Էլեֆսիսի 27-ամյա թագուհի, ում անունը ոչ ոքի չի թույլատրվում արտասանել։ Գեղեցիկ, սեքսուալ առումով հմուտ և երկրի աստվածուհուն նվիրված՝ հետևում է սովորույթին, ստիպում է, որ Թեսևսը սպանի իր ներկայիս ամուսնուն և թագավորին, որպեսզի նա դառնա հաջորդ մեկ տարվա թագավորը` ամուսնանալով իր հետ։ Բայց պարզվում է, որ Թեսևսը գերազանցում է իր սպասելիքները. նա ծավալվում է և Էլեֆսիսի ճնշված տղամարդկանց միավորելով, վերջապես օգտագործելով իր անձնական և քաղաքական հմտությունները՝ համոզում է տղամարդկանց կանանց փոխարեն իրենց իշխանությունը պարտադրել նրանց։ Պերսեփոնեն չորս անգամ փորձում է սպանել կամ սպանել տալ Թեսևսին և ինքնասպանության փորձ է անում, երբ չի հաջողվում դա անել։ Պերսեփոնեի վերջնական ճակատագիրը հայտնի չէ։

Ամինտոր, Էլեֆսիսյան ցլապարող, Թեսևսի աջ ձեռքը Կրետեի Կռունկներ կոչվող թիմի մեջ։ Նա խոշորակազմ, սևահեր, բազեի քթով դեռահաս է, նա չափազանց ծանր է ցլի վրայով ցատկելու համար, ուստի նա կատարում է ցլի վրայով թռչողին ցած իջնելիս բռնելու համար։ Թեսևսը վստահում է նրան և նա սիրում/հիանում է Թեսևսին ավելի շատ, քան ցանկացած այլ մարդ։

Պիտթեուս, Տրոյզենի թագավոր և Թեսևսի պապ։ Թեսևսը մեծարում է նրան։

Քսանթոս, Էլեֆսիսի Պերսեփոնե թագուհու սառնասիրտ, կարմրահեր, գունատ դեմքով եղբայրը և էլեֆսիսցիների գլխավոր զորավարը։ Քրոջ հրամանով նա փորձում է սպանել Թեսևսին։ Այնուհետև Թեսևսը սպանում է նրան մենամարտում։

Պիլաս, Մեգարայի իշխան։ Թեսևսը նրան հանդիպում է Էլեֆսիսի և Մեգարայի միջև ընկած բլուրներում վարազի որսի ժամանակ։ Նա Թեսևսից մի քանի տարով մեծ է, այնուամենայնիվ, հարգում է նրա հմտությունն ու խելացիությունը և միանում է նրան՝ հարձակվելու պարանոցում գտնվող ավազակների հենակետերի վրա։ Նա մահանում է մարտում ստացած վերքից։

Կորինթոսցին, Կրետեի լավագույն ցլապարողն է, սակայն Կռունկներ թիմի ժամանումից անմիջապես հետո նա զոհվում է ռինգում ընկերոջը փրկելով։ Թեսևսը պաշտում է նրան, քանի որ նա կատարյալ ցլապարող է։

Քրայզ, Հելիկ, Մելանթո, Թեբե, Նեֆելե, Ռենե, Պիլիա, Կռունկներ թիմի յոթ կանայք։ Իրենց տղամարդ գործընկերների նման, նրանք տարբեր են բնավորությամբ և ծագմամբ, բայց բոլորը միավորված են Թեսևսի հանդեպ հավատարմության և ցլապարի համար պահանջվող փոխկախվածության շնորհիվ։

Իրոս, Հիպպոն, Մենեսթես, Թելամոն, Ֆորմիոն, Կռունկներ թիմի մյուս հինգ տղաները (ի թիվս Թեսևսի և Ամինտորի)։

Ակտոր, Կնոսոսի պալատի Ցլերի պալատի ցլապարողների վետերան-մարզիչը։

Լուկոս, կրետացի սպա, հարկահավաք, ով ղեկավարում է Մինոս թագավորին ծառայող աֆրիկացի ռազմիկների ջոկատը։ Աթենքից ուղարկվել է տասնչորս երիտասարդ տղաների և աղջիկների հարկը հավաքելու համար։ Լուկոսը ներկայացնում է Լաբիրինթոսի բարեկիրթ և նրբաճաշակ պալատականների օրինակ՝ ի տարբերություն մայրցամաքային Հունաստանի կոպիտ, բայց գործնական արժեքների։

Ալեքտրյոն, թագավորական պալատի լեյտենանտ, որը միջնորդ է հանդիսանում ցլապարողների և պալատական պաշտոնյաների ու պահակների միջև, որոնք դեռևս հավատարիմ են Մինոսին։ Նա մահանում է մեծ երկրաշարժի ժամանակ։

Կերկիոն, Էլեֆսիսի 20-ամյա ամրակազմ մեկ տարվա թագավոր։ «Կերկիոն» անունը տրվում է բոլոր մեկ տարվա թագավորներին. նրանց իսկական անունը չի նշվում։ Թեսևսը սպանում է նրան մենամարտի ժամանակ։

Թալեստրիս, Ամազոնիայի հմուտ ցլապարուհի և քաջարի մարտիկ։ Նա սպանվում է Աստերիոնի պահապանների հետ կռվի ժամանակ, բայց նրան իմանալով Թեսևսը նախազգացում է ունենում մեկ այլ ամազոնուհու հետ իր դատապարտված ապագա ամուսնության մասին։

Սիմո, փոքր տղա, ով ծաղրում է Թեսևսի որբությունը Տրոյզենում։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն արժանացել է քննադատների բարձր գնահատականի, ընդ որում Ռենոյի արժանահավատ պատմական միջավայրն է հատկապես լավ ընդունվել[3]։ Հեռացնելով հրեշների ֆանտաստիկ տարրերը և աստվածների արտաքին տեսքը, Ռենոն կառուցել է հնագիտական և մարդաբանորեն հավանական պատմություն, որը կարող էր վերածվել առասպելի։ Այնուամենայնիվ, ըստ այլ քննադատների` Ռենոյի հին Կրետեի նկարագրումը հիմնված է անճիշտ տեսությունների վրա և թույլ է տալիս երևակայության զգալի ազատություններ[4][5]։

Հարմարեցումներ և հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թագավորը պետք է մեռնի» և «Ցուլը ծովից» վեպերն ադապտացվել են 11 մասից բաղկացած բրիտանական BBC Radio 4 սերիալում, որը կոչվում է «Թագավորը պետք է մեռնի», հեռարձակվել է 1983 թվականի հունիսից օգոստոս ամիսներին[6]։

Պոլ Անդերսոնի «Պարուհին Ատլանտիդայից» վեպն ընդգրկում է նույն ժամանակաշրջանը, բայց պրո-կրետեական տեսանկյունից. Թեսևսն է գրքի չարագործը, բարբարոս ծովահենը և Կրետեի քաղաքակրթության դաժան կործանիչը։ Մի հատվածում գլխավոր հերոսը՝ ժամանակի մի ճանապարհորդ է 20-րդ դարից։ Նա կարդացել է Ռենոյի գիրքը և հավանել այն։ Նա դատողություններ է անում, թե որքան տարբեր է իրական Թեսևսը Ռենոյի պատկերածից[7]։

Ռիչարդ Ադամսի «Վոթերշիփյան բլուր» («Watership Down») գրքում 25-րդ գլուխը («Արշավանքը» վերնագրով) սկսվում է Ռենոյի գրքից մեջբերված այս էպիգրաֆով. ««Նա գնաց հոժարակամ, հակառակ դեպքում նա թագավոր չէր լինի… Ոչ ոք իրավունք չուներ ասել նրան. «Ժամանակն է զոհաբերության»»։

Սյուզան Քոլինզը «Թագավորը պետք է մեռնի» վեպը համարել է «Քաղցած խաղերի» ոգեշնչման աղբյուրներից մեկն այն գաղափարի, որ տղաներ և աղջիկներ են ընտրվում վիճակախաղով` որպես բարձրաշխարհիկ հասարակության զվարճանքի միջոց մահացու մրցույթում հանդես գալու համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. K, Katy (2013 թ․ դեկտեմբերի 7). «The King Must Die». alibrarymama (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  2. «CROMMYONIAN SOW (Hus Krommyon) - Giant Boar of Greek Mythology». www.theoi.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  3. «Fiction and Drama». The English Journal. 47 (9): 587–89. 1958. JSTOR 809856.
  4. Swift, Sondra F. (2006). «In and Out of the Labyrinth: Myth and Minotaur in MacDonald Harris's Bull Fire and Steven Sherrill's The Minotaur Takes a Cigarette Break». Journal of the Fantastic in the Arts. 17 (3): 255–65. JSTOR 26390172 – via JSTOR.
  5. Cadogan, Gerald (2004). «'The Minoan Distance': The Impact of Knossos upon the Twentieth Century». British School at Athens Studies. 12: 543. JSTOR 40960812 – via JSTOR.
  6. «The King Must Die». The Radio Times (բրիտանական անգլերեն). No. 3112. 1983 թ․ հունիսի 30. էջ 57. ISSN 0033-8060. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  7. Anderson, Poul (1988). The Dancer from Atlantis. Penguin Group (USA) Incorporated. էջեր 78, 118.
  8. «Suzanne Collins Talks About 'The Hunger Games,' the Books and the Movies». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 18. ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]