Ալոնսոն ծնվել է 1917 թվականի փետրվարի 28-ին՝ Ագուասկալենտեսում։ Մանկուց երազել է դերասան դառնալ, այդ պատճառով էլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է թատերական-գեղարվեստական ֆակուլտետ։ 1937 թվականին մեքսիկական կինեմատոգրաֆիայում կատարել է իր առաջնելույթը, և այդ ժամանակվանից ի վեր մասնակցել է տարբեր ժանրային ուղղություններով ֆիլմերի և հեռուստասերիալների 122 աշխատանքների։ Հաջողությունն անսպասելիորեն ժպտացել է նրան. հյուրախաղերով Ագուասկալենտես են եկել թատերական դերասանուհիներ Իզաբել և Անիտա Բլանչ քույրերը և նրան տարել են Մեխիկո, որտեղ 1941 թվականին չորս տարվա ընդմիջումից հետո կրկին մուտք է գործել կինեմատոգրաֆիայի աշխարհ և զարգացրել այն մինչև մահ։
1950-ական թվականների վերջին նա անցել է կարճաժամկետ դասընթացներ, որոնք Մեքսիկայի վարչական կառավարման ինստիտուտը կազմակերպել է ֆիլմերի և հեռուստասերիալների պրոդյուսերների ֆակուլտետում (նույն ինստիտուտում, որտեղ սովորել է Վալենտին Պիմշտեյնը, սակայն Պիմշտեյնը շատ ավելի երկար է սովորել այնտեղ), և ստացել է վկայական, որից հետո ամբողջովին նվիրվել է իր մասնագիտությանը՝ որպես պրոդյուսեր բեմադրելով 76 հեռուստասերիալ, որից հետո ինչ-որ մեկը նրան անվանել է «Սինյոր տելենովելլա»։
1960-ական թվականներին նա պայմանագիր է կնքել լատինաամերիկացի գրող Քարիդադ Բրավո Ադամսի հետ, որից հետո նրա վեպերից շատերը էկրանավորվել են ոչ միայն Մեքսիկայում, այլև Լատինական Ամերիկայի որոշ երկրներում։ Դրանից հետո նա պայմանագրեր է ստորագրել Ֆերնանդա Վիլելի, Կարմեն Դանիելսի, Մարիա Սարատինիի և այլ լատինամերիկացի գրողների հետ, որոնց վեպերը նույնպես էկրանավորվել են։
Նա իր գործունեության ընթացքում օգնել է բազմաթիվ դերասանների և դերասանուհիների։ Երիտասարդ տարիներից մտերիմ է եղել նշանավոր դերասանուհի Մարիա Ֆելիքսի հետ։ Այդ բարեկամությունը տևել է մինչև Մարիայի մահը (2002 թվական)։ Նա մտերիմ է եղել նաև դերասանուհի Միրոսլավա Ստերնի հետ։ Էրնեստոն այսպես կոչված «Պատմական տելենովելլայի» միակ պրոդյուսերն է եղել, որի սյուժեներն ու փաստարկները համակողմանիորեն լուսաբանել են Մեքսիկայի պատմության տարբեր իրադարձությունները։