Էնթոնի Բրեքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Բրեքսթոն
Ծնվել էհունիսի 4, 1945(1945-06-04)[1][2] (78 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերջազ և օպերա
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, կլառնետահար, երաժշտության ուսուցիչ, ջազ երաժիշտ, համալսարանի դասախոս և սաքսոֆոնահար
Գործիքներսաքսոֆոն[3], կլառնետ, դաշնամուր, Ֆլեյտա և contrabass clarinet?[3]
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան[4] և Միլս քոլեջ[4]
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Antilles?, BYG Actuel?, ECM Records և Դելմարկի Գրառումները
ԿրթությունՌուզվելտի համալսարան[4], Chicago Musical College?[4] և Chicago College of Performing Arts?
Պարգևներ
Կայքtricentricfoundation.org
 Anthony Braxton Վիքիպահեստում

Էնթոնի Բրեքսթոն (անգլ.՝ Anthony Braxton, հունիսի 4, 1945(1945-06-04)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)[7], ամերիկացի կոմպոզիտոր և բազմագործիքավորող (սաքսոֆոն, կլառնետ, դաշնամուր և ֆլեյտա), հայտնի ֆրի-ջազ ժանրում[8], երաժշտական մանկավարժ, համալսարանի դասախոս։ 1960-ական թվականներից ի վեր նա թողարկել է ավելի քան 100 ալբոմ։ Նա նվագում է սաքսոֆոնի (սոպրանո, ալտո, տենոր, բարիտոն, բաս, կոնտրաբաս, սոպրանինո, C-Melody, մեցցո-սոպրանո) և կլառնետի (մի-բեմոլ, սի-բեմոլ, կոնտրաբաս) բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև ֆլեյտա, ալտ ֆլեյտա և դաշնամուր։

Բրեքսթոնը Ռուզվելտի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն։ Նա 1980-ականներից դասավանդել է Միլսի քոլեջում, իսկ 1990-ականներից 2013 թվականի վերջը, մինչ թոշակի անցնելը, Ուեսլեյան համալսարանի երաժշտության պրոֆեսոր է եղել։ Նա դասավանդել է երաժշտական կոմպոզիցիա և երաժշտության պատմություն՝ շեշտը դնելով ավանգարդի վրա, ինչպես նաև ղեկավարել է անսամբլներ, որոնք կատարել են իր ստեղծագործությունները։ 1994 թվականին ստացել է Մակ-Արթուրի կրթաթոշակ։ 2013-ին Ազգային ֆոնդը նրան անվանել է ջազի վարպետ՝ ջազի նկատմամբ նրա յուրահատուկ մոտեցման համար։ Այս մրցանակը տվյալ ոլորտում ամենաբարձրն է համարվում[9]։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեքսթոնը ծնվել է ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[7]։ Իր կարիերայի սկզբում Բրեքսթոնը ղեկավարել է եռյակ՝ ջութակահար Լերոյ Ջենքինսոնի ու շեփորահար Վադադա Լեո Սմիթի հետ և դարձել է Չիկագոյում հիմնված Ստեղծագործ երաժիշտների աջակցության միության անդամ (Association for the Advancement of Creative Musicians)[7]:

1969-ին Բրեքսթոնը ձայնագրել է LP «Ալտի Համար» (LP For Alto)[7]: Նախկինում եղել էին պատահական, չուղեկցվող սաքսոֆոնի ձայնագրություններ (Քոլման Հոքինսի «Պիկասո»), սակայն «Ալտի Համար»-ը առանց ուղեկցության սաքսոֆոնային առաջին ամբողջական ալբոմն էր[7]։ Ալբոմի տրեկները (ձայնագրությունները) նվիրված էին Սեսիլ Թեյլորին և Ջոն Քեյջին։ Ալբոմը ազդեցություն է ունեցել այլ կատարողների վրա, ինչպիսիք են Սթիվ Լեյսը (սոպրանո սաքսոֆոն) և Ջորջ Լուիսը (տրոմբոն), ովքեր շարունակում էին ձայնագրել իրենց անհատական ալբոմները։

1970 թվականին Բրեքսթոնը միանում է դաշնակահար Չիկ Կորեայի, Դեյվ Հոլանդի (կոնտրաբաս, թավջութակ) և Բարի Ալթշուլի (հարվածային գործիքներ) տրիոյին՝ կազմելով CIRCLE քառյակը[7]։ Նա շրջագայել է Ֆրանսիայում և որոշ այնպիսի համերգներ, ինչպիսին է 1972 թվականի մարտի 11-ի Շատելռոի շոուն, ձայնագրվել են[10]։ Այն բանից հետո, երբ Կորեան լքում է CIRCLE քառյակը և կազմում «Return to Forever» խումբը, Հոլենդն ու Ալթշուլը 1970-ականների համարյա ողջ ընթացքում մնացին Բրեքսթոնի հետ քառյակի կազմում՝ նվագելով Քենի Ուիլերի, Ջորջ Լյուիսի և Ռեյ Անդերսոնի հետ։ Հիմնական տրիոն և սաքսոֆոնահար Սեմ Ռիվերսը ձայնագրել են Հոլանդական «Թռչունների համաժողով»-ը։ 1970-ականներին Բրեքսթոնը դուետ է ձայնագրել Լյուիսի և Ռիչարդ Թայտելբաումի հետ։

Հետագայում գլխավորել է բազմաթիվ համույթներ, նվագախմբեր և ստուդիայի կոլեկտիվներ։ Ինտենսիվ զբաղվել է կոմպոզիցիայով։ Մինչև 1979 թվականը գրել է 17 նվագախմբային ստեղծագործություն, երկու լարային կվարտետ, ավելի քան 20 գործ դաշնամուրի համար և այլն։ 1975 թվականին Muse Records-ը թողարկել է նրա «Muhal» ալբոմը, Creative Construction Company խմբի հետ, որը կազմված է Ռիչարդ Դևիսից (բաս), Սթիվ Մաքքոլից (հարվածային գործիքներ), Մուհալ Ռիչարդ Աբրամսից (դաշնամուր, թավջութակ), Վադադ Լեո Սմիթից (շեփոր) և Լերոյ Ջոնկինսից (ջութակ)։

Ջազային ավանդույթները նրան ոգեշնչել են ստեղծել «1976 թվականի նվագախմբի ստեղծագործական երաժշտություն» (Creative Orchestra Music) ալբոմը։ 1980-ականներին և 1990-ականների սկզբին նրա մշտական խումբը Մերիլին Քրիսպելի (դաշնամուր), Մարկ Դրեսսերի (կոնտրաբաս) և Ջերրի Հեմինգուեյի (հարվածային գործիքներ) հետ քառյակն էր[11]։

1981 թվականին ելույթ է ունեցել «Վուդստոկյան ջազային փառատոնում», որը անցկացվում էր Ստեղծագործական երաժշտական ստուդիայի տասնամյակի առթիվ։ 1994 թվականին ստացել է Մակ-Արթուրի կրթաթոշակ։ 1995-2006 թվականներին նա կենտրոնացել է Ghost Trance Music-ի ստեղծման վրա, ինչը ազդակ է հաղորդել նրա երաժշտությանը։ Ghost Trance-ի ամենավաղ ձայնագրություններից շատերը թողարկվել են նրա Braxton House լեյբլում։ 2006-ին Նյու Յորքում, Iridium ակումբում, «12 + 1tet»-ի հետ կատարվել են Ghost Trance-ի վերջնական կոմպոզիցիաները։

1990-ականներին և 2000-ականների սկզբին Բրեքսթոնը ստեղծել է մեծ թվով ջազային ստանդարտներ, որոնք առավել հաճախ նրան ցուցադրում էին, ոչ թե որպես սաքսոֆոնիստ, այլ որպես դաշնակահար։ 1970-ականների և 1980-ականներին նա հաճախ էր կատարում այդպիսի երգացանկ, սակայն դրանք հազվադեպ էր գրանցում։ Նա թողարկել է բազմասկավառակ հավաքածուներ, այդ թվում Leo Records-ի համար երկու չորս տեղանոց ձայնասկավառակներ, որոնք ձայնագրվել են 2003 թվականի հյուրախաղերի ժամանակ։

2005 թվականին, նա Wolf Eyes նոյզ խմբի հետ, FIMAV փոռատոնի հրավիրված կատարողների ցանկում է եղել[12]։ Ֆրանսուա Կուտյուրը այդ համատեղ կատարումը նշել է, որպես համակրելի և արդյունավետ համագործակցություն. «Իրոք ինչ-որ բան կատարվեց այս արտիստների միջև, և այդ ամենը զվարճալի էր»[13]։

Նրա երեխաներից մեկը՝ Թոյնդայ Բրեքսթոնը, նույնպես պրոֆեսիոնալ երաժիշտ է, և նախկինում եղել է ամերիկյան Battles մաթեմատիկական ռոք խմբի կիթառահար, ստեղնաշարահար և վոկալիստ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AllMusic-ում Քրիս Քելսին գրել է, որ երաժշտության նկատմամբ Բրեքսթոնի մոտեցումը հանդիսանում է փորձարարական ու տեսական, և կիսում է 20-րդ դարի դասական երաժշտության առանձնահատկությունները։ Այդ մոտեցումը ձևավորվել է ակադեմիական դասականի և ժամանակակից երաժշտության ազդեցության ներքո՝ Բախից մինչև Շյոնբերգ, Ջոն Քեյջ և Կառլհայնց Շտոքհաուզեն։ Նրա համար ստեղծագործական փնտրտուքները և փորձարկումները մշտական վիճակ են հանդիսանում։

Նա դարձել է Ջոն Քոլթրեյնի, Օրնետ Կոուլմենի և Չարլի Մինգուսի հետևորդը։ Ուսումնասիրել է Չարլի Պարկերի, Փոլ Դեզմոնտի, Լի Կոնիցի, Ուորն Մարշի և ուրիշների սաքսոֆոնային տեխնիկան։ Այս ոճի երաժշտությունը որոշակի տեղ է զբաղեցրել նրա ռեպերտուարում։ Շեփորահար Ուինտոն Մարսալիսը ասել է, որ Բրեքսթոնի երաժշտությունը ջազ չէ։ Կելսին այն անվանել է «գեղարվեստական երաժշտություն»[8]։ Բրեքսթոնը այն անվանել է «ստեղծագործական երաժշտություն»[14][15]։ Նա նշել է, որ ինքը ջազ երաժիշտ չէ։ Բայց նա նաև հայտարարել է․ «Չնայած վերջին 25 տարիների ընթացքում ասել եմ, որ ես ջազ երաժիշտ չեմ, սակայն, վերջին հաշվով, սաքսոֆոնով աֆրոամերիկացի։ Ա՜խ, իհարկե ես ջազ կատարող եմ»[16]։

Բրեքսթոնը ստեղծագործություններ է գրել մեծ նվագախմբերի համար, այդ թվում նաև երեք օպերային ցիկլ։ Նա գրել է մի քնի հատորներ, որպեսզի բացատրի իր տեսությունները և պոյեմները։ Օրինակ՝ Frog Peak Music-ի կողմից հրատարակված «Տրիոքսալ ստեղծագործություններ»-ը, որը կազմված է երեք հատորներից և հինգ հատորներից կազմված «Կոմպոզիցիոն նշումներ»-ը։ Նա հայտնի է այն բանով, որ իր ստեղծագործությունների անուններում օգտագործում է մաթեմատիկական գրաֆիկայի որոշ միջոցներ՝ դիագրամներ, խորհրդավոր թվեր և տառեր։ Այս մեթողը ստացել է «կոմպոզիցիոն իմպրովիզացիա» (compositional improvisation) անվանումը։ Երբեմն այդ դիագրամները ակնհայտ կապ են ունենում երաժշտության հետ։ Անվանումները իրենք կարող են լինել նոտաների տեսքով և հուշել կատարողին, թե ինչպես պետք է կատարել տվյալ պիեսը։ Երբեմն տառերը նույնականացվում են Բրեքսթոնի ընկերների և երաժշտական կոլեգաների անունների առաջին տառերի հետ։ Բայց հիմնականում անվանումները մնում են խորհրդավոր և անհասկանալի։ 1980-ական թվականների կեսերից մինչև վերջ Բրեքսթոնի անվանումները սկսեցին ներառել գծանկարներ և նկարազարդումներ, ինչպես, օրինակ, նրա «Տրիլիում Ռ․» (Trillium R.) չորս գործողությամբ օպերայի ցիկլը։ Մյուսները սկսեցին ներառել անշունչ իրերի՝ մասնավորապես վագոնների, իրատեսական պատկերներ։

Քսանմեկերորդ դարում նա ելույթ է ունենում տարբեր անսամբլների հետ և գրել է ավելի քան 350 ստեղծագործություն։ Ghost Trance Music երաժշտական կոմպոզիցիայից հետո, նա հետաքրքրվել է երեք այլ երաժշտական համակարգերով․ The Diamond Curtain Wall Trio, որում Բրեքսթոնը օգտագործում է SuperCollider[17], Falling River Musics, և Echo Echo Mirror House Music համակարգչային ձայնի ծրագրավորման լեզուները։ Նա կոլեկտիվ իմպրովիզացիայի գաղափարի կողմնակից է։ 2007 թվականին Բրեքսթոնը գրել է «Էխո»-ն, և 2009-ին այն կատարել է Ուեսլեյան համալսարանում, որտեղ նա պրոֆեսոր էր։ Ներկայացման ընթացքում, վեցից-քսան հոգուց բաղկացած անսամբլում, յուրաքանչյուր երաժիշտ իր ձեռքերում պահում էր iPod, որի վրա Բրեքսթոնի սկավառակագրությունն էր։ Նրանք բոլորը նվագել են իրենց iPod-ներով, երբ ներկայացումը կենդանի կատարմամբ սկսել է հեռարձակել նրա հին ստեղծագործությունները[18]։

Նա փորձարկումներ է կատարել ատոնալության, սերիալիզմի, մոդալ կազմակերպության, սոնորիստիկայի ոլորտներում։ Փորձարկել է բազմաթիվ գործիքային համադրություններ, անսամբլային և նվագախմբային կազմություններ՝ սկսած զանազան դուետներից մինչև մեծ-բենդեր, ինչպես նաև համատեղել է տարբեր տեսակի կազմավորումներ։ Բրեքսթոնի երաժշտությունն եվրոպական լսարանում ավելի լայն ճանաչում ունի, քան ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.macfound.org/fellows/485/
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 The Virgin Encyclopedia of Popular Music, Concise Edition / ed. Larkin, Colin. — 2nd Edition. — UK: Virgin Books, 1997. — С. 174/5. — ISBN ISBN 1-85227-745-9
  8. 8,0 8,1 «Anthony Braxton | Biography & History» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Braxton Receives the Nation's Highest Honor in Jazz» (անգլերեն). News @ Wesleyan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. Thiollet, Jean-Pierre Improvisation so piano. — Neva Editions, 2017. — 220 с. — ISBN ISBN 978-2-35055-228-6
  11. «Quartet (Santa Cruz) 1993 - Anthony Braxton, Anthony Braxton Quartet | Songs, Reviews, Credits» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. Cain, Nick The Wire Primers: A Guide to Modern Music. — In Young, Rob. — London: Verso, 2009. — 34 с.
  13. «Black Vomit - Wolf Eyes | Songs, Reviews, Credits» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «Braxton celebrates with concerts» (անգլերեն). The Wesleyan Argus. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. Moisala, Pirkko Musical Encounters with Deleuze and Guattari. — Bloomsbury, 2017. — 80 с. — ISBN 9781501316746
  16. Gagne, Cole Soundpieces 2: Interviews with American composers.. — Scarecrow Press. — 1993. — 36 с. — ISBN 9780810827103
  17. «Anthony Braxton at the Kennedy Center» (անգլերեն). NYTimes.com. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. «Anthony Braxton: 3 Compositions (EEMHM) 2011/Trillium J: The Non-Unconfessionables No. 380/Quintet (Tristano) 2014» (անգլերեն). Pitchfork. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Բրեքսթոն» հոդվածին։