Երվանդ Խոջամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջամիրյան (այլ կիրառումներ)
Երվանդ Խոջամիրյան
Ծնվել է1889
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Խոջամիրյան Երվանդ Խաչատուրի (1889, Երևանի նահանգի Նախիջևանի գավառ, գ. Վերին Ագուլիս (այժմ Նախիջևանում) - 1938, Թիֆլիս), հեղափոխական շարժման մասնակից, խորհրդային պետական աշխատող։

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելիս մասնակցել է ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին, որի համար 1911 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Կովկաս։ Նույն տարում անլեգալ մեկնել է Շվեյցարիա, եղբոր՝ քաղաքական վտարանդի Մ. Խոջամիրյանի մոտ, որը նրան ընդգրկել է Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի աշխատանքներում. 1915 թ.-ին ավարտելով Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և կամավորական դրուժինայի շարքերում կռվել թուրքական բանակի դեմ։ 1917 թ.-ին եղել է Մոսկվայում և մարտնչել սոցիալիստական հեղափոխության համար։

1918 - 1922 թվականներին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում խորհրդային իշխանության հաստատմանը։ 1924 - 1938 թթ.-ին Խոջամիրյանը ՀԽՍՀ-ի և Անդրֆեդերացիայի կուսակցական և խորհրդային մարմիններում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ (ՀՊՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, Անդրերկրկոմում բաժնի վարիչի տեղակալ, ՀԽՍՀ արհմիությունների խորհրդի քարտուղար, ՀԽՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմատներում՝ ժողկոմի տեղակալ)։ Եղել է ՀԽՍՀ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների և ՀԱՄԿԽ-ի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 75 CC-BY-SA-icon-80x15.png