Երկրային խնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեհայմի գլոբուսը

Երկրային խնձոր (գերմ.՝ Erdapfel), Մարտին Բեհայմի ստեղծած գլոբուսի ավանդական անվանումը։ Գլոբուսի` հարավային բևեռի մոտ արված գրությունը վկայում է, որ գլոբուսը պատրաստվել է 1492 թվականին Նյուրնբերգում քաղաքային խորհրդի պատվերով։ Սակայն իրականում եղած փաստաթղթերի հիման վրա այն պատրաստվել է 1493-1494 թվականներին. քաղաքային խորհուրդը 1494 թվականին վճարել է գլոբուսի համար։ Այս գլոբուսը մեր օրեր հասած ամենահին գլոբուսն է աշխարհում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան վկայություններ, որոնց համաձայն գլոբուսը եղել է այն օրինակը, որի հիման վրա պետք է ստեղծվեին ուրիշ գլոբուսներ, որպեսզի վաճառականներին շահագրգռեին նոր ուղևորություններ, գիտարշավներ կազմակերպելու։ Մաթեմատիկայի նյուրնբերգցի ուսուցիչ Ռուպրեխտ Կոլբերգերը կավե գունդը ծածկել է կտորով և սոսնձել այն։ Այնուհետև նյուրնբերգցի նկարիչ Գեորգ Գլոկենդոնը նկարել է այն` բաժանելով 24 հատվածների և առանձնացնելով երկու բևեռ[1]։ Նա որպես հիմք ընդունել է քարտեզը, որը Բեհայմը ձեռք էր բերել Պորտուգալիայում։

Բեհայմի գլոբուսը 507 մմ տրամագծով մետաղե գունդ է, որը ներկայացնում է շրջապատող աշխարհի մասին եվրոպացիների պատկերացումները 15-րդ դարում` ներառյալ պորտուգալացիների բացահայտումները Արևմտյան Աֆրիկայում։ Գլոբուսում ներկայացված չէ նոր աշխարհը, սակայն այն ընդգրկում է Եվրոպան, Ասիայի և Աֆրիկայի մեծ մասը։ Եվրասիան ներկայացված է չափազանց երկարավուն, իսկ Աֆրիկայի տեղակայումը ճիշտ չէ ներկայացված։ Քարտեզում բացակայում են աշխարհագրական լայնության և երկայնության նշումները, սակայն նշված են հասարակածը, միջօրեականները, արևադարձային գոտիները, ինչպես նաև կենդանակերպի նշանները։ Քարտեզում հանդիպող աշխարհագրական անճշտությունները կրկնում են իտալացի աստղագետ Պաոլո Տոսկանելիի քարտեզի անճշտությունները։ Քարտեզում ներկայացված են նաև տարբեր երկրների համառոտ բնութագրումներ և բնակիչների պատկերներ։

«Երկրային խնձորի» քարտեզում հաշվի չեն առնվել Քրիստափոր Կոլումբոսի նավարկության արդյունքները, քանի որ վերջինս Եվրոպա է վերադարձել 1493 թվականի մարտից ոչ շուտ, իսկ Ամերիկա աշխարհամասի գոյությունը հաստատվել է Ամերիգո Վեսպուչիի կողմից քսան տարի անց միայն։ Ամերիկան հետագայում ներկայացվել է մեզ հայտնի մյուս գլոբուսում, որ ստեղծել է Մարտին Վալձեմյուլերը։

«Երկրային խնձորը» ուշ միջնադարի քարտեզագրության ինքնատիպ ձեռքբերում է ինչպես քարտեզների ճշգրտության, այնպես էլ պատկերման որակով։ Գլոբուսը արագ դարձել է քաղաքի հպարտության առարկա` մինչև 16-րդ դարը ցուցադրվելով Նյուրնբերգի քաղաքապետարանի ցուցասրահում։ Այնուհետև այն անցել է Բեհայմների ընտանիքի տնօրինմանը, իսկ 1907 թվականից ցուցադրվում է Գերմանիայի ազգային թանգարանում (Նյուրնբերգ)։ 1992 թվականին գլոբուսը փոխանցվել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանին[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Der Behaim-Globus in Nürnberg" (in German). Bayern-online
  2. Lionel Dorffner: Der digitale Behaim-Globus - Visualisierung und Vermessung des historisch wertvollen Originals, in: Cartographica Helvetica 14/1996

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրային խնձոր» հոդվածին։